Հայաստանի Հանրապետության գոյության 10 տարիների ընթացքում այս խնդիրը պարբերաբար արծարծվել է: Իհարկե, ոչ այսօրվա տարողությամբ: Խնդիրն ինքնին բարդ ու հանգուցային է պատմական, բարոյահոգեբանական առումներով: Բայց նաեւ Հայաստանի պետական, հեռանկարի առումով հանգուցալուծման կարոտ քաղաքական անհրաժեշտություն է:
Օրվա բանավեճ ծագեց թուրք-հայկական հաշտարար հանձնաժողովի առիթով: Մեզ պետք է մեկը առիթ տա, որ խոսենք մեր կենսական խնդիրների մասին: Ասում եմ առիթով, որովհետեւ կարծում եմ, որ այդ հանձնաժողովի ստեղծման բուն պատճառը տարածաշրջանային հարցերն ամբողջականությամբ լուծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությամբ է պայմանավորված: Մեզանում, ինչպես միշտ, վեճը կամ խոսքը ոչ թե պատճառի, այլ հետեւանքի մասին է: Այսպես հեշտ է, որովհետեւ լուրջ քաղաքական քննարկումներին ու վերլուծություններին փոխարինելու է գալիս բարոյախոսությունը: Այսինքնՙ գործում են նախորդ տարիների լեզվամտածողությունն ու տրամաբանությունը: Տարածաշրջանային հասունացած հարցերի քննարկումը ձգտման հետամուտ կամ մեկ սերնդի աչքերով կուտակված խնդիրները լուծված տեսնելու ցանկությունը բախվում է պետական օրինաչափություններին: Այս մոտեցումների կուտակումներով կամ հանրագումարով էլ ստեղծվել է հակադրման վտանգավոր ներքաղաքական մթնոլորտը Հայաստանում: Թերեւս ոչինչ այնպես չի հարվածում սեփական պետության հեռանկարին, ինչպես լուծման կարոտ հարցերի հերթականության խախտումը: Կառավարել ասել է կանխատեսել, ծրագրել հարցերըՙ հաշվի առնելով դրանց լուծման քաղաքական հնարավորությունները: Պետական քաղաքականության այս հիմնարար սկզբունքով էլ կյանքը դառնում է կանխատեսելի, ներդաշնակ ու հեռանկարային: Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման շուրջ բանավեճն իրար խառնելով բարոյական եւ քաղաքական չափումները, անտեղի երկպառակություն է մտցնում: Իրականում վեճ չկա, որովհետեւ չկա հայ մարդ, որը չի ցանկանում, որ Թուրքիան ընդունի արեւմտահայության 1915 թ. Ցեղասպանությունը: Հարցն այն է, թե սկզբից հաստատել Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ ու հետո միջազգային հարթությունից Ցեղասպանության ճանաչման հարցը տեղափոխել հայ-թուրքական միջպետական հարթություն:
Հարկ է տեսնել ու նաեւ ընկալել, որ հայ-թուրքական թշնամանքը մեղմելու եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատմանն էր միտված մի շարք պետությունների կողմից Ցեղասպանության ճանաչման փաստը: Այժմ նրանք ցանկանում են բարձրացված խնդիրը տեղափոխել կամ հանձնել հասցեատերերին: Որովհետեւ համոզվեցին, որ Թուրքիայի վրա արտաքին ճնշումը հակառակ էֆեկտն է տալիս: Մնում է, որ հայ-թուրքական հարաբերություններ հաստատելուց հետո Թուրքիան մի կողմ թողնի պատվախնդրությունը եւ ժամանակի ընթացքում պետական իմաստնություն հանդես բերի: Սա հարցի լուծման հնարավոր քաղաքական ճանապարհն է: Հստակ երեւում է, որ հարցի լուծման այս տարբերակը կյանքում իրագործելու հավանականությամբ էլ Մինսկի խմբի համանախագահներն այն ներառել են տարածաշրջանային խնդիրների շարքում: Տրամաբանությունն այն է, որ Ղարաբաղի հարցի լուծումից հետո Թուրքիայի նախապայմանը դուրս է գալիս եւ Մինսկի խումբը պարտավորեցնում է նրան ոչ միայն շրջափակումը բացել, այլեւ միջպետական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Մեզանում եթե հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցը քննարկվի այս տարողությամբ, թերեւս շեշտադրումները փոխվեն: Որովհետեւ թուրք-հայկական հարաբերությունների հնարավոր տեղաշարժի հանդեպ սարսափելի չարակամ վերաբերմունք են հանդես բերում Ադրբեջանի հասարակական կարծիքը եւ մամուլը: Էթնո-մշակութային համառությամբ նրանք Թուրքիայից պահանջում են վերջ տալ հայերի հետ երկխոսությանը: Ու քանի որ մենք գիտենք Ադրբեջանի վերաբերմունքը Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկության հանդեպ, պետք է որ համապատասխան քաղաքական եզրակացության գանք:
Դժվար է բացատրել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման խնդրի հանդեպ Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումների նույնականության շարժառիթները: Ադրբեջանին ձեռնտու է Հայաստանը եւս մի քանի տարի պահել շրջափակման անհեռանկար ու միգրացիոն վիճակում: Ուրիշ փաստարկներ պետք չեն համոզվելու, որ Հայաստանի համար քաղաքական կարեւոր նշանակություն է ստանում այն հանգամանքը, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցը ներառվելու է Մինսկի խմբի համանախագահների առաջարկվելիք փաստաթղթում: Քաղաքական այն պարզ պատճառով, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման շուրջ ընթացող բանավեճը ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստ չէ դրան: Թվում էր, թե հենց այժմ պետք է պատրաստ լիներ, որովհետեւ վերջին տասը տարվա անցուդարձը եւ Հայաստանի վիճակը բավարար էր գիտակցությանը հասցնելու այն ճշմարտությունը, որ փակուղին պետք է բացվի եւ Հայաստանը գա իր բնականոն ու բանական վիճակին: Ուստի եթե Հայաստանը պատրաստ չէ այսօր, նշանակում է, որ նա երբեք էլ պատրաստ չի լինի եւ ինքնուրույն չի կարող լուծել այդ խնդիրը: Ամբողջ բարդությունը պատասխանատվություն ստանձնելու հետ է կապված: Հայաստանի իշխանությունները սովորել են սեփական խնդիրները միջազգային ատյանների կամ միջնորդների միջոցով լուծելուն: Սա բնական է դարձել նաեւ քաղաքական ուժերի համար: Այդ պատճառով էլ նրանք չեն ցանկանում մոտեցումները փոխել:
Ասածիս վկայությունն այն է, որ նրանք չեն ցանկանում մասնակցել այս «վտանգավոր» խնդրի քննարկմանը: Այդ էլ այն պարագայում, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման խնդիրը Հայաստանի պետական հեռանկարի համար կարեւորագույն նշանակություն ունեցող քաղաքական հարց է: Դաշնակցությունից բացի մյուսները լռում են կամ լռելյայն համաձայնում: Դաշնակցության բռնած դիրքն այս հարցում հիշեցնում է դարասկզբին Փարիզում գործող «ազգային պատվիրակության» կոշտ ու ոչ պետական դիրքորոշումը Հայաստանի առաջին հանրապետության հանդեպ: Խնդիրը կրկին վերաբերում էր հայ-թուրքական հարաբերություններին: 1918 թ. նոյեմբեր-դեկտեմբերին կառավարության եւ պառլամենտի նիստերում քննարկվում է Փարիզի վեհաժողովում Հայաստանի տարածքային պահանջների հարցը: Քննարկումները պարզում են, որ կուսակցություններից ամենաչափավոր պահանջի կողմնակիցը Դաշնակցությունն է: Ժողովրդական կուսակցությունը, սոցիալ-դեմոկրատները Դաշնակցությանը մեղադրում են ազգային շահը դավաճանելու մեջ: Ամփոփելով քննարկման արդյունքները, կառավարության նախագահ Հ. Քաջազնունին Փարիզ մեկնող պատվիրակությանը հրահանգում է «վեհաժողովում առաջ քաշել չափավոր եւ իրականանալի» պահանջներ: Ազգային պատվիրակությունը չհամաձայնեց ու չենթարկվեց կառավարության հրահանգներին եւ վեհաժողովում պնդեց մեծ Հայաստանի պահանջը: Կառավարությունն ընկրկեց, հարմարվեց «մեծ երազի» իրագործման փարիզյան հավաստիացումներին, իսկ երկու տարի հետոՙ 1920 թ. նոյեմբերին, կատարված փաստը նրան ստիպեց ի թիվս այլ իմաստուն բաների նաեւ հայտարարել, որ «եթե հայությունն ուզում է պետություն ունենալ ու զարգանալ, առաջին հերթին պետք է հաշտ լինել Թուրքիո հետ»: Սա Դաշնակցության այնօրյա երեւելի գործիչների փորձով իմաստնացած կտակն է: Հաշտ լինել Թուրքիայի հետ նշանակում է ունենալ հարաբերություններ նրա հետ եւ փորձել բարձրացնել եւ հերթականությամբ լուծում տալ Հայաստանի կենսագործունեությունը լիարժեք դարձնող խնդիրներին: Այս համեմատությունը արեցի, որպեսզի պարզ տեսնենք, որ ինչպես պատմական փորձը, այնպես էլ այս օրվա քաղաքական իրողություններն առաջնային են դարձնում Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ հաստատելու խնդիրը: Նոր իրողություններն արտահայտված են այն բանով, որ Մինսկի համանախագահները Ղարաբաղի հարցի լուծումը տեսնում են տարածաշրջանային իրար հետ փոխկապակցված ու լուծում պահանջող խնդիրների հետ: Սա նոր առաջարկության առավելությունն է եւ ոչ հակառակը: Դիմակայել այս ամենին նշանակում է համերաշխել Ադրբեջանի դիրքորոշման հետ, որի հեռակա պլանների մեջ ոչ մի պայմանով չի մտնում հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը:
Հարկ է նաեւ նշել, որ մեր քաղաքական ուժերի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում ունի հոգեբանական դրսեւորում: Կարելի է ասել, որ այն կոլեկտիվ պատասխանատվություն է նախորդ փուլի տրամաբանությամբ եւ նույնքան կոլեկտիվ անպատասխանատվություն նոր քաղաքական իրողությունների հանդեպ: Նկատի ունեմ փոխակերպման ու ինքնահաղթահարման բարդ խնդիրը, որը պահանջում է նոր իրողություններին համարժեք քաղաքական մոտեցումներ ու գործելակերպ: Դրան հասնելուն բնականաբար խանգարում են նախկին մոտեցումները: Այսինքնՙ թող ԱՄՆ-ը եւ ՄԱԿ-ը ճանաչեն Ցեղասպանությունը եւ ստիպեն Թուրքիային ընդունել: Այս մասին վերջերս Գիտությունների ակադեմիայում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Դժվար է կարծել, որ նախարարը չի տեսնում, որ իր մոտեցումը հակադրվում է միջազգային կազմակերպությունների քայլերին: Նաեւ նախարարը լավ պետք է գիտենա, որ Թուրքիան նման ճնշումներին դիմակայելու մեկդարյա փորձ ու տարաբնույթ մեթոդներ ունի: Մոռացության չպետք է տալ նաեւ այն հանգամանքը, որ 1915 թ. կատարվածի շարժառիթներից էին նաեւ մեծ տերությունների կողմից Թուրքիայի վրա ճնշումները: Քաղաքականության մեջ երեւույթը ծնած շարժառիթը կամ դրանցից մեկը չեն օգտագործում հետեւանքը վերացնելու համար: Այսինքնՙ այդ ուղին թշնամանքը խորացնելուց բացի արդյունքում ոչինչ չի տա: Վերջին հաշվով մի՞թե տեսանելի չէ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն այս խնդրում: Նրանք ավելի քան պարզ հասկացնում են, որ իրենք լուծում են տարածաշրջանային խնդիրները, իսկ մյուս հարցերը Հայաստանը պետք է քննարկի Թուրքիայի հետ:
Ես չեմ ասում կուրորենՙ ենթարկվելով տերությունների թելադրանքին: Պետական չափորոշիչներով պետք է նայելՙ այդ ամենը Հայաստանին ձեռնտու է, թե՞ ոչ: Պարզապես պետք է նկատի ունենալ, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը եւ դարավոր թշնամանքի վերացումը Հայաստանի քաղաքական հեռանկարի համար անհրաժեշտություն է: Առավել եւս, որ այս հարցում դրական դիրքորոշում ունի նաեւ Ռուսաստանը: Ռուսաստանի այս դիրքորոշումը պատմական տեղաշարժ է, որից պետք է ճիշտ օգտվել: Բոլոր առումներով իրադրությունը նպաստավոր է: Մնում է, որ պետությունը միջազգային իրավունքի սուբյեկտի չափանիշներով հանդես բերի քաղաքական լայնախոհություն ու նաեւ հաստատակամություն ներքին բարոյահոգեբանական պատնեշը հաղթահարելու համար: Լուծելով Թուրքիայի հետ միջպետական հարաբերությունների հաստատման բարդ խնդիրըՙ Հայաստանի երրորդ հանրապետության իշխանությունները կատարած կլինեն նաեւ Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարների արդեն հիշատակված պատգամը:
ԿՏՐԻՃ ՍԱՐԴԱՐՅԱՆ