«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2001-07-28 | #142, 2001-07-31 | #143, 2001-08-01


«150 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՐԱՆԻ ՄԻ ՄԱՍՆ Է ԵՂԵԼ»

Ասել է Իրանի հեղափոխության գվարդիայի («Սեպահ») առաջնորդ Մ. Ռեզային, զգուշացնելով. «Եթե Ալիեւի կառավարությունը չանսա Թեհրանի զգուշացումներին, մենք Ադրբեջանի նկատմամբ կկիրառենք քաղաքական ու ռազմական պատժամիջոցներ»:

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թ. Զուլֆուգարովը «Ենի Մուսավաթ» թերթին տված հարցազրույցում, մեկնաբանելով Կասպիցի միջադեպը, ասել է, թե Իրանի նման գործողություններն ուղղված են Ռուսաստանին: Խոսքը հուլիսի 23-ի միջադեպի մասին է, երբ վիճելի «Արազ-Ալով-Շարղ» նավթահանքերում հետազոտություն կատարող ադրբեջանական «Գեոֆիզիկ-3» նավը, տեղի տալով իրանական ռազմանավի անձնակազմի սպառնալիքներին, հեռացավ Կասպիցի ադրբեջանական հատված: «Տարածաշրջանում իրեն հեգեմոն համարող Ռուսաստանը պետք է արձագանքի Իրանի այս գործողություններին: Եթե միջադեպի առնչությամբ Մոսկվան որեւէ քայլ չձեռնարկի, ապա կարելի է ակնկալել, որ իրանական նավերը կհայտնվեն Դերբենդի շրջանում», ասել է Զուլֆուգարովը:

Կասպիցի իրավական կարգավիճակի եւ որպես հետեւանքՙ նավթի ու գազի պաշարների շուրջ ադրբեջանա-իրանական եւ ադրբեջանա-թուրքմենական հակասությունները շարունակում են մնալ չափազանց լարված. ադրբեջանական մամուլում ԼՂ թեման մղվել է երկրորդական, երրորդական պլան: Նույն «Ենի Մուսավաթը» մեկ այլ հոդվածում գրում է, որ այս միջադեպով «Իրանը պատռեց իր դիմակը»: «Թուրան» գործակալության վերլուծաբան Զ. Գուլիեւը չի բացառում Իրանի նման գործողությունների կրկնություն մոտ ապագայում, նույն գործակալության մեկ այլ վերլուծաբան Ջ. Զահիդովի կարծիքովՙ «Իրանը չափազանց վտանգավոր է Ադրբեջանի համար»: «Նեդելյա» շաբաթաթերթը գրում է. «Հուլիսի 23-ի դեպքը ամենալուրջ միջադեպն է Ադրբեջան-Իրան հարաբերությունների ողջ պատմության ընթացքում: Ադրբեջանը օտար պետությունների աջակցության կարիքն ունի»:

Իրանի տարբեր պաշտոնյաներ, լրատվամիջոցներ շարունակում են մեկնաբանել Կասպիցում Ադրբեջանի հանդուգն գործողությունները: Իրանի հեղափոխության գվարդիայի («Սեպահ») առաջնորդ Մ. Ռեզային վերջնագրի տոնով հայտարարել է. «150 տարի առաջ Ադրբեջանն Իրանի մի մասն է եղել: Եթե Ալիեւի կառավարությունը չանսա Թեհրանի զգուշացումներին, մենք Ադրբեջանի նկատմամբ կկիրառենք քաղաքական եւ ռազմական պատժամիջոցներ»: ԻՌՆԱ գործակալությունը «Դեպի Կասպից օտար ինտերվենցիայի համար Բաքուն հող է նախապատրաստում» հրապարակման մեջ ներկայացնում է մի քանի կարծիքներ: Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ելահե Կուլային ասում է, թե Ադրբեջանը կրկնում է անցյալի սխալները եւ փոխանակ Կասպիցի ավազանի երկրների հետ համերաշխություն հաստատելու, փորձում է Կասպիցի ավազան բերել օտար պետություններ: «Ղարաբաղյան հակամարտությունը եւ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների 1/5 մասի օկուպացիան Ադրբեջանին բերել է այն համոզմունքին, թե առկա քաղաքական եւ սոցիալական անհանգստությունները հնարավոր է հարթել օտար միջամտության օգնությամբ: Ադրբեջանի կառավարությունը ջանքեր է թափում, որպեսզի ԱՄՆ-ին ներքաշի տարածաշրջանային գործընթացների հոլովույթ: Բաքվի ընտրած ճանապարհըՙ թշնամանք հրահրել Կասպիցի ավազանում, սխալ է», նշել է պատգամավոր եւ Կասպիցի հարցերով փորձագետ Կուլային:

Լոնդոնի «Եվրասեւիկ» ինստիտուտի տնօրեն Փիրուզ Մոջթահեզադեն ասում է, որ Կասպիցի միջադեպը զուտ տեխնիկական է, եւ Ադրբեջանը սխալ է գործումՙ դրան քաղաքական երանգ տալով. «Ադրբեջանը խնդիրը քաղաքականացնելով փորձում է Կասպիցի ավազան բերել օտար ուժեր, այդ թվում ՆԱՏՕ-ին, որը դեպի Արեւելք ընդարձակվելու նպատակներ է հետապնդում: Ռուսաստանը եւ Իրանը կոչ են արել Կասպիցի ավազանի մյուս երկրներին էներգակիրները շահագործել միասնաբար, մինչդեռ Ադրբեջանը միշտ ագրեսիվ մոտեցում է ցուցաբերումՙ անտեսելով Մոսկվայի եւ Թեհրանի տեսակետները», ավելացնելով. «Միացյալ Նահանգները նախ պետք է հստակեցնիՙ Ադրբեջանը իր գաղո՞ւթն է եւ արդյոք Ադրբեջանի կառավարությունը անկարո՞ղ է պաշտպանել իր իրավունքները»:

Թաբաթաբայի համալսարանի դասախոս Մոհամադ Զիայի Բիգդելին նշել է, որ ներքին ծովի իրավական կարգավիճակը պետք է ընդունվի առափնյա պետությունների համաձայնությամբ: «Ուստի, Կասպիցի էներգակիրների շահագործման այն բոլոր պայմանագրերը, որ Ադրբեջանը կնքել է երրորդ երկրների հետ, անվավեր են եւ ուժը կորցրած», ասել է Բիգդելին:

Ադրբեջանի թուրքամետ եւ արեւմտամետ քաղաքական ուժերը, իրենց հերթին, ակնարկում են, որ հուլիսի 23-ի միջադեպը հարմար առիթ է պաշտոնական Բաքվի համար, որպեսզի ապավինի Թուրքիայի, ԱՄՆ-ի եւ կամ ՆԱՏՕ-ի օգնությանը: Նախագահ Ալիեւի արտաքին հարաբերությունների հարցով նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն նշում է, որ Ապշերոնում անհապաղ պետք է տեղակայել ՆԱՏՕ-ական ուժեր:

Նախագահ Հ. Ալիեւը Բաքու-Թեհրան հարաբերությունների վերաբերյալ շարունակում է իր զուսպ եւ հավասարակշիռ հայտարարությունները: Ի վերջո, եթե Հայաստանի հանդեպ Ալիեւն իրեն թույլ է տալիս անել ռազմատենչ, արկածախնդիր հայտարարություններ, նույնը չի կարող անել Իրանի հանդեպ: Նաեւՙ Թուքմենստանի:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4