«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2001-08-01 | #144, 2001-08-02 | #145, 2001-08-03


«ԵԹԵ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ, ԱՊԱ ՄԵՆՔ ԿԾԱՎԱԼԵՆՔ»

Թուրք սոցիոլոգ Թաներ Աքչամի հոդվածը

Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» արձագանքները դեռ շարունակվում են: Թերեւս դրանց մեջ կարելի է առանձնացնել հայտնի թուրք սոցիոլոգ Թաներ Աքչամի «Եթե երկխոսություն է պետք, ապա դա մենք ենք հաստատելու» խորագրով հոդվածը, որ լույս է տեսել Ստամբուլում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթի հուլիսի 27-ի համարում: Ի դեպ, Թաներ Աքչամը վերջերս Գերմանիայից տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակում է իր ուսումնասիրությունը եւ միաժամանակ թղթակցում «Ակօսին»: Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք հոդվածը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Անկարայի նահանգապետ Թանդողանը ձերբակալված կոմունիստներին հավաքելով իր առանձնասենյակում, ասում է. «Եթե այս երկրին պետք լիներ կոմունիզմը, մենք կբերեինք: Ձեզ ինչ»:

Ժնեւում ստեղծված երկխոսության հանձնաժողովը ցույց է տալիս, որ մեր պետությունն առաջնորդվում է այդ նույն ռեֆլեքսով: Նրա գործունեության մեջ նկատվում է ոչ այնքան հայկական շրջանակների հետ երկխոսություն ծավալելու, որքան երկխոսության գործընթացի մաս կազմելու եւ դա վերահսկելու մտադրությունների առաջնայնությունը: Չափազանց ուշագրավ է, որ գործընթացից բացարձակապես դուրս են մղվել այն անհատներն ու շրջանակները, որոնք մինչ այդ երկխոսության առնչությամբ նախաձեռնություն էին ցուցաբերել եւ վայելում էին հասարակական կարծիքի վստահությունը: Հանձնաժողովի կազմում հայերի հետ հարաբերություններին «պատերազմի» տրամաբանությամբ մոտեցող եւ այդ տրամաբանությամբ առաջնորդվողների առկայությունն իմ մեջ կասկած է հարուցում, թե այստեղ նպատակը ավելի շուտ այգեպանին ծեծելն է, քան այգուց խաղող ուտելը:

Իրականում զարգացումներին «խորքային պետության» հակազդեցությունը, որ դրսեւորվեց «եթե այս երկրին երկխոսություն է պետք, ապա դա մենք կծավալենք» սկզբունքով, սկսել էր ամիսներ առաջ: ԱՄՆ Կոնգրեսում «Հայոց ցեղասպանության» բանաձեւի քննարկումը, դրան Եվրոպայի օրինակի հետեւումը, Թուրքիայի Հանրապետության որոշ «չափ ու սահման կորցրած» քաղաքացիների, հայ մտավորականների եւ հայկական շրջանակների հետ հանդիպումները, ինչպես նաեւ Թուրքիայում «ճչացող ձայների հնչողության» աճը մտավախություն առաջ բերեցին, թե իրադարձությունները հսկողությունից դուրս են գալիս: Այսպիսով, ընդունվեցին «հայկական ստի» բացահայտումով «գիտականորեն» զբաղվող հաստատությունների ստեղծման, միջազգային ասպարեզում հայերի թեզերին «հակահարված» հասցնող կառույցների զարգացմանն ուղղված մի քանի որոշումներ: Թեեւ հարցով ուղղակիորեն հետաքրքրվելու որոշում ընդունվեց, մտայնությունը մնաց անփոփոխ: Այդ իսկ պատճառով իրադարձությունների մոտեցման հիմքում դրվեց որոշակի հակառակորդի, թշնամու առկայության թեզը: Նպատակըՙ թշնամու (հայկական շրջանակների եւ հայկական թեզերի) ազդեցության ոլորտին միջամտելն ու այդ ոլորտում նրա գործունեությունը սահմանափակելն է:

Մեր համալսարաններին եւ տարբեր հաստատություններին հանձնարարվեց «գիտական սիմպոզիումներ» կազմակերպել: Բայց եւ այնպես դրանք վերոհիշյալ մտայնության հետեւանքով բնութագրվեցին «հայերի սուտը» հաստատող միջոցառումներ: Այսինքնՙ ըստ դրա «քննարկման ենթակա որեւէ հարց» չկա, եւ հարցի էությունը միայն ու միայն «թուրքական թեզերի ճշմարտացիությունը» ցույց տալու մեջ է: Ընդ որում, ի լուր հասարակական կարծիքի, նշվեց, որ հայերը նման միջոցառումներին հրավիրվում են, որպեսզի հնարավոր լինի նրանց ուղղակիորեն տեղեկացնել «թուրքական թեզերի մասին»: 2001 թ. մարտին Մյուլհայմում կազմակերպված միջոցառման եզրափակիչ նիստում ելույթ ունենալով, այս մտայնությունն ակնհայտորեն արտահայտեց Անկարայում հիմնադրված Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն մեծարգո Օմեր Լյութեմը:

Պրն Օմերի առարկության իմաստը կարելի է ամփոփել հետեւյալ կերպ. «Դուքՙ քաղաքացիներդ, ինչո՞ւ եք խառնվում»: Իր ելույթում նա «բուն երկխոսությունը մենք ենք ծավալում, շարունակելու ենք ծավալել» բնույթի արտահայտություններ գործածեց: Նմանների համար Թուրքիայի Հանրապետության որոշ քաղաքացիների, որոնք իրենց «մարդու տեղ էին դրել», հայկական թեզերին աջակցելն ու ցեղասպանության մասին արտահայտվելը թե՚ անհասկանալի եւ թե՚ աններելի է: Այդ իսկ պատճառով նրանք «Հյուրիեթի» գլխավորությամբ, ամբողջ մամուլին հրահրեցին մի քանի մարդու վրա հարձակվելու:

Հիմա արդեն տեղյակ լինելով ժնեւյան հանդիպման մասին, պրն Օմերի ասածներն ավելի լավ եմ հասկանումՙ երկխոսությունն այնքան լուրջ գործ է, որ չի կարելի թողնել Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներին, եւ դա պարտադիր պետք է վերահսկել: Այս առումով հատկանշական է, որ մինչեւ հիմա երկխոսության հարցում նախաձեռնություն ցուցաբերած հասարակության ներկայացուցիչների դեմ վհուկների որս կազմակերպող մամուլը ժնեւյան նախաձեռնությանը կատվի նման լուռումունջ հետեւում է: Վերոհիշյալ հանգամանքը սակայն ժնեւյան նախաձեռնության թերեւս ամենաթույլ կողմն է, ինչը դրան միանգամայն առանձնացնում է միջազգային համանման նախաձեռնություններից:

Ի դեպ, համանման միջազգային նախաձեռնությունները ինչպես հարավաֆրիկյան, Իսրայելա-պաղեստինյան դեփկում էր էր երկրների քաղաքական զարգացումների համար նոր փուլ էին բացել: Զարգացումներում շարժիչի դեր էին կատարել: Մինչդեռ ժնեւյան նախաձեռնությունը քաղաքական զարգացումների հետեւում մի տեսակ կաղում է: Երեք տարբեր վայրերում տեղադրված ժնեւյան շարժիչը կարծես երեք առանձին գործընթացների յուրատեսակ հակազդեցությունը կլինի: Ազդեցությունից շուտ հակազդեցության տպավորություն է թողնում: Գործընթացներից առաջինը ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականությունն է, ու դրա շրջանակներում հայ-թուրքական լարվածությունը թուլացնելու ամերիկացիների ցանկությունը: Երկրորդըՙ տարբեր երկրների խորհրդարաններում հայկական սփյուռքի միջազգային բարենպաստ պայմաններից բխող հաջողություններն են, երրորդըՙ Թուրքիայի եւ Հայաստանի հասարակությունների միջեւ պետության վերահսկողությունից դուրս քաղաքացիական մակարդակով ուղղակի երկխոսության արդեն հաստատման փաստն է, ընդ որում, այնպիսի երկխոսություն, որի առանցքը պատմության շուրջ խոսակցություններն էին կազմում:

Բայց ինչ էլ որ լինի, արդեն մի նոր փուլ է սկսվել, հետեւաբար հետագա խոսակցությունը պետք է ծավալել դրա անհրաժեշտության շուրջ:

Թարգմանեց ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4