«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2001-08-01 | #144, 2001-08-02 | #145, 2001-08-03


ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈՒՌՈՆԻ ԲԱՂԱԴՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՓՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոսի 2-ին, հավարտ երեկոյան ժամերգության Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, Երուսաղեմի հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արք. Մանուկյանի, Կ. Պոլսի հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արք. Մութաֆյանի ու հոգեւորականաց դասի մասնակցությամբ Մայր աթոռ Սբ. Էջմիածնում, հին վեհարանի բակում տեղի ունեցավ սրբալույս մյուռոնի բաղադրանյութերիՙ անուշահոտ բալասանի ու ծաղիկների օրհնության ու եփման արարողությունը, տեղեկացնում են Մայր աթոռ Սբ. Էջմիածնի, Տեղեկատվական համակարգից:

Սրբալույս մյուռոնը Հայ առաքելական եկեղեցու ամենանվիրական սրբությունն է: Երկնային ու խնկելի Յուղն իր զորությունը ստանում է օրհնությամբ, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցում վերապահված է միայն Ամենայն հայոց կաթողիկոսին: Ըստ ավանդությանՙ առաջին մյուռոնօրհնությունը կատարել է Հայոց առաջին կաթողիկոսըՙ Սբ. Գրիգոր Լուսավորիչը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում:

Մյուռոնօրհնությունից 40 օր առաջ ձիթայուղով լի մյուռոնի կաթսան դրվում է Մայր տաճարի ավագ խորանին, եւ 40 օր շարունակ երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Հսկման կարգ: Մյուռոնօրհնեքին Ամենայն հայոց հայրապետը նոր մյուռոնին խառնում է հինը, որով միախառնվում են հայ ժողովրդի ներկան ու անցյալը:

Հայ եկեղեցում մյուռոնօրհնության պարբերականությունը սահմանող հատուկ կանոններ չկան: Սովորաբար այն օրհնվում է 5-7 տարին մեկ:

Նախորդՙ 20-րդ դարի ընթացքում Հայ առաքելական եկեղեցում Մյուռոնօրհնեք կատարվել է 10 անգամ: Դարասկզբի մյուռոնօրհնեքը 1903 թ. կատարել է Մկրտիչ Ա Խրիմյան կաթողիկոսը: 1912թ. եւ 1926թ. մյուռոնի օրհնություն է կատարել Գեւորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը: Մյուռոնի հաջորդ օրհնությունը կատարվել է 19 տարի անցՙ 1955 թ.: Այն Վազգեն Ա կաթողիկոսի առաջին մյուռոնօրհնությունն էր, որից հետո Վեհափառ հայրապետի երկարամյա գահակալության ընթացքում Սբ. մյուռոնը օրհնվել է նաեւ 1962, 1969,1976, 1983 եւ 1991 թվականներին: Դարավերջի մյուռոնօրհնեքը կատարվեց 1996 թ.ՙ ձեռամբ Գարեգին Ա կաթողիկոսի:

Սեպտեմբերի 22-ին, ձեռամբ Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի տեղի կունենա 21-րդ դարի առաջին մյուռոնօրհնությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4