Այս հաստատությունների պետականը չի արդարացնում, մասնավորն էլ պահանջարկ չունի
«Ազգը» վերջերս անդրադառնալով Հայաստանի հանգստյան տներին, գրել էր, որ դրանք դեռեւս կան, գոյություն ունեն, ինչ-որ կերպ պահպանվել են, կառուցվել են նույնիսկ նորերը, սակայն առաջարկվող գների (օրական 6000-ից մինչեւ 30 հազ. եւ ավելի դրամ) ու դրանց դիմաց բնակչության ցածր գնողունակության պատճառով գրեթե կիսադատարկ են: Վիճակն ավելի վատթար է առողջարաններում, քանի որ այս հաստատությունները, բացի հանգստյան տների ընդհանուր պրոբելեմներից ունեն նաեւ այլ խնդիրներՙ բուժական, պրոֆիլի պահպանման եւ այլն:
Ժամանակին Հայաստանը համարվում էր ԽՍՀՄ-ի առողջարանային հանրապետություններից մեկը, իսկ մի քանի առողջարաններ (Ջերմուկը, Դիլիջանի «Արմենիան») ունեին միութենական նշանակություն ու համբավ: Այսօր, դիտարկելով ընդհանուր իրավիճակը, մնում է միայն արձանագրել, որ համապատասխան գերատեսչությունները (որոնց ենթակայության տակ են գտնվում առողջարանները) կարողանում են առայժմ դրանք պահպանել ապագայի, լավ ժամանակների համար: Հայաստանի առողջարանները պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբերի. դրանցից 10-ը, ընդ որում, ամենահայտնիներն ու հեղինակավորները, պատկանում են «Հայաստանի կուրորտներ» հասարակական կազմակերպությանըՙ «Հայկուրորտխորհրդի» իրավաժառանգորդին: Առողջարանների մի մասը անցած տարիների ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության համակարգից աստիճանաբար փոխանցվել է սեփականաշնորհման, իսկ հետագայումՙ պետական գույքի նախարարությանը: Առողջարանների միայն մի փոքր մասն է մասնավորեցվել: Նախարարությունից ստացված տվյալների համաձայն մինչ այժմ մասնավորեցվել են 8 հանգստյան տուն ու առողջարան, որոնցից 3-ը առողջարանՙ Դիլիջանի, առողջարանը, Ջերմուկի մոր եւ մանկականը (վերջինս 3 տարի առաջ պայթեցվեց), Ծաղկաձորի մանկական առողջարանը: Դրա հետ մեկտեղ, ըստ նույն նախարարության տվյալների, դեռեւս կան մասնավորեցման հերթում կանգնած 25 հանգստյան տներ ու առողջարաններ: Դրանք գրեթե բոլորը մանկական առողջարաններ ենՙ յուրաքանչյուրը մեկ կոնկրետ պրոֆիլի: Մասնավորեցման ընթացքում են դեռեւս Սոճուտի, Սեւանի, Օձունի, Արագածի, Արզնիի (բոլորն էլՙ մանկական) եւ «Երկրաբան» առողջարանները: Դրանց մասնավորեցման հույսն էլ տարեցտարի մարում է: Բերենք միայն մեկիՙ Արզնիի մանկական առողջարանի օրինակը: Ժամանակին լավագույններից մեկը համարվող այս առողջարանը, որը մասնագիտացել էր կարդիոռեւմատոլոգիայի բնագավառում, ներկայումս, տարիներ շարունակ գտնվելով սեփականաշնորհման գործընթացում, վերածել է մի կիսամեռ կառույցի, որտեղ ո՚չ հեռախոս կա, ո՚չ էլեկտրականություն: 200 տեղանոց այս հաստատության անդորրը այժմ երկու պահակի հետ հսկում են մեկական հաշվապահը, սանիտարն ու բուժքույրը, չհաշվածՙ գլխավոր բժշկին: Մանկական առողջարանները ձեռք բերելու հայտեր գրեթե չկան, քանի որ, մասնագետների կարծիքով, ոչ ոք չի համարձակվում բարձր գներով ձեռք բերել հաստատություններ, որոնց շահագործումը մեծ ներդրումներ, պատասխանատվություն է պահանջում: Արզնիի առողջարանն, օրինակ, գնահատվել է մոտ 71 մլն դրամ, եւ ոչ ոք չունի այն երաշխիքը, թե այդքան գումար վճարելով եւ շենքը շահագործելով հնարավոր կլինի բնակչության ցածր գնողունակության պայմաններում ինչ-որ նվազագույն եկամուտ ունենալ: ՀՀ առողջապահության նախարարության համակարգում, մեր տվյալներով, դեռեւս կան 4 մանկական առողջարաններ, որոնք եւս դրվելու են սեփականաշնորհման, քանի որ նախարարության ռազմավարությունն է լինելու համակարգի ոչ շահավետ եւ իրեն չարդարացնող հաստատություններից ազատվելը, քանի որ պետական միջոցներով դրանք հնարավոր չէ պահպանել:
Իսկ որ գործող առողջարաններն էլ մի կերպ են գոյություն քարշ տալիս, արդեն փաստ է: Մեր ունեցած տվյալներով (ինչքան որ հնարավոր էր տեղեկանալ), առողջարանները առողջարանային այս պիկ սեզոնին (որը սկսվում է հուլիսի 15-ից եւ շարունակվում մինչեւ օգոստոսի վերջերը) զբաղեցված են ընդամենը 10-20, լավագույն դեպքում 25 տոկոսով: Թիվ մեկ պատճառը, բնականաբար, առաջարկվող գներն են: Այսպես, «Հայաստանի կուրորտներ» հիմնադրամի մարկետինգի բաժնի գլխավոր մասնագետ Ա. Առաքելյանի վկայությամբ, պահանջարկը հսկայական է, հիմնադրամի հեռախոսները գրեթե չեն դադարում առողջարանների ուղեգրերով ու պայմաններով հետաքրքրվողների զանգերից, բայց շատ քիչ ուղեգրեր են վաճառվել: Նրա վկայությամբՙ հիմնադրամի գրեթե բոլոր առողջարանների առաջարկվող գները առաջարկվող պայմաններին լիովին համապատասխան են: Առողջարանները այս տարվա հունվարին վերակազմավորվել են իբրեւ ՍՊԸ-ներ, գրեթե բոլորը վերանորոգվել են, թարմացվել, սակայն, չնայած դրան ու հնարավորինս նվազագույն գներին, սպասված հոսքը դեռ չկա: Ներկայացնում ենք առողջարանների ուղեգրերի գները, հույսով, որ ընթերցողներին դրանք կհետաքրքրեն:
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ
Առողջարանների եւ հանգստյան տների անվանումները
1. «Զարթոնք առողջարան» ՍՊԸ (Գլաձոր), 125.000 - 67.000
2. «Ջերմուկի Գ. Աղաջանյանի անվ. առողջարան» ՍՊԸ, 125.000 - 67.000
3. «Արզնի 1 առողջարան» ՍՊԸ, 120.000 - 66.000
4. «Արզնի 2 Լազարեւի անվան առողջարան» ՍՊԸ, 120.000 - 66.000
5. «Գուգարք առողջարան» ՍՊԸ (Հայաստան), 115.000 - 66.000
6. «Հանքավանի Ջ. Շմավոնյանի անվ. առողջարան» ՍՊԸ, 108.000 - 64.000
7a. «Արեւիկ առողջարան» ՍՊԸ III, IV, V մասնաշենքեր, 115.000 - 67.000
7b. «Արեւիկ առողջարան» ՍՊԸ նոր մասնաշենք, 12.000
7c. Մասնաշենք «Լյուքս» Սեւան, 190.000
8. «Ծաղկաձորի մոր եւ մանկան առողջարան» ՍՊԸ, 90.000 - 53.000
8a. Մասնաշենք «Լյուքս», 117.000
9. Կուրսովկա միայն բուժման, 45.000