ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը աշխատանքային այցով օգոստոսի 3-5-ը կգտնվի Սյունիքի մարզում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Սյունիքի մարզպետարանում նախատեսվում է անցկացնել խորհրդակցություն, որտեղ կքննարկվեն ՀՀ կառավարության «Մեղրու տարածաշրջանի զարգացման ծրագրի» կատարման ընթացքը եւ մարզի հիմնախնդիրները: Մեղրիի քաղաքապետարանում հանդիպումից հետո վարչապետը կմասնակցի Մեղրու զորամասը Գարեգին Նժդեհի անունով կոչելու արարողությանը, որը նախատեսված է Գ. Նժդեհի 115-ամյակի պետական միջոցառումների ծրագրով:
Ինչպես հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ստեփանակերտ: ԼՂՀ մայրաքաղաքում կքննարկվեն ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի կատարման ընթացքը, տարբեր ոլորտներում փոխգործակցության հետագա ծրագրերը: