ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության մոտ 4 հազար կանանց հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանց 28,5 տոկոսը տառապում է երկրորդային չբերությամբ, իսկ 3,5 տոկոսըՙ առաջնային: Ըստ Երեւանի պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի փոխտնօրեն Գայանե Ավագյանի, Հայաստանի համար սա չբերության ահազանգող ցուցանիշ է. 15 տոկոսից բարձր անպտղությունը յուրաքանչյուր երկրի համար առողջապահական հիմնախնդրից վերածվում է ժողովրդագրական իրավիճակի վրա ազդող համազգային հիմնախնդրի:
Վիճակագրության համաձայն Հայաստանում, ինչպես նաեւ ողջ աշխարհում, 40 տոկոսը կազմում է էնդոկրին չբերությունը, 60 տոկոսը կապված է վերարտադրող օրգանների արատների հետ: Իրենց հաստատությունում արդեն 10 տարի գործող հայ-ֆրանսիական էնդոսկոպիկ կենտրոնում տարեկան 700-800 չբեր կանայք են բուժվում տարբեր վիրաբուժական եղանակներով:
Անդրադառնալով «Ընտանիքի պլանավորման» ծրագրին, Գ. Ավագյանը նշեց, որ այն միտում ունի նաեւ նվազեցնել արհեստական վիժումների հաճախականությունը, միաժամանակ բարելավել կանանց վերարտադրողական առողջությունը, որն իր հերթին կփոքրացնի հատկապես երկրորդային չբերության ծավալները: Ծրագրի շրջանակներում վերջին երկու-երեք տարիների ընթացքում հանրապետությունում հղիությունների արհեստական ընդհատումները զգալիորեն նվազել ենՙ 18 հազարից հասնելով 9 հազարի: Նա գոհունակությամբ ընդգծեց, որ, ավանդական գործոնով պայմանավորված, մինչեւ 18 տարեկան կանանց մոտ արհեստական վիժումները շատ փոքր թիվ են կազմում, այսինքնՙ նրանք ելքային լավ վերարտադրողականությամբ են ընտանիք կազմում:
Սակայն տարբեր, օրինակ, սեռավարակության (30%), պաթոլոգիական ծննդաբերությունների պատճառով հանրապետությունում ներկայումս անպտղությունը բավականին բարձր է: