«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2001-08-01 | #144, 2001-08-02 | #145, 2001-08-03


ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՋՈՒՐ ԵՆՔ ԾԵԾՈՒՄ

Թուրքերը ջուր չեն ծեծում, նրանք ծեծում են մեր ուղեղը

Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու առումով Թուրքիան ունի պաշտոնական դիրքորոշում: Արտգործնախարարության «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերություններ» փաստաթղթում գրված է. «1991 թ. դեկտեմբերի 16-ին Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը: Տնտեսական դժվար պայմանները հաշվի առնելով, ինչը նոր անկախության հետեւանք էր, Թուրքիան Հայաստանին ցույց տվեց մարդասիրական օգնություն, ինչպես նաեւ իր տարածքով դյուրացրեց Հայաստանին տրվող մարդասիրական օգնությունն այլ երկրներից: Այնուամենայնիվ, Թուրքիան Հայաստանի հետ չի հաստատել դիվանագիտական հարաբերություններ Հայաստանիՙ Լեռնային Ղարաբաղի խնդրով ադրբեջանա-հայկական հակամարտության դիրքորոշման եւ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների մեկ հինգերորդ մասի զավթման պատճառով: Թուրքիան Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի անբաժանելի մաս եւ հարկադրում հայկական ջոկատների դուրսբերումն ադրբեջանական զավթված տարածքներից: Մենք նպատակ ունենք բնականոն դարձնել մեր հարաբերությունները Հայաստանի հետ, երբ հայկական կողմը հաշտվի անցյալի հետ, պատմության դատավճիռը թողնի պատմությանը, Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման հարցում ձեռնարկի կոնկրետ քայլեր»:

Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու առումով Հայաստանը չունի պաշտոնական դիրքորոշում, ավելի ճիշտՙ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերություններ» կամ այլ անունով պաշտոնական փաստաթուղթ գոյություն չունի: Մինչդեռ, եթե Անկարան Երեւանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ճանապարհին հստակ նախապայմաններ է դնում, պաշտոնական Երեւանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, իսկ Ցեղասպանության հարցը, որին թուրքերը տվել են «պատմության դատավճիռ» անունը, խոչընդոտ չէ:

Այսինքնՙ հայ-թուրքական երկխոսության ցանկացած ձեռնարկում, անկախ նրանից, թե ով է հովանավորում, ինչ նպատակներ է հետապնդում, «աշխարհահռչակ» ինչ պատմաբաններ եւ «երեւելի» գործիչներ են ներգրավված հայ-թուրքական զանազան «հաշտեցման հանձնաժողովներում», դատապարտված է ձախորդության, քանի դեռ Թուրքիան հետ չի կանգնում իր առաջ քաշած նախապայմաններից: Կամՙ Հայաստանը կատարում է պաշտոնական Անկարայի առաջադրած նախապայմանները, որոնց վերջերս ավելացել է եւս մեկը, վարչապետ Էջեւիթն առնվազն երկու անգամ «հորդորել» է Հայաստանինՙ իր տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրել դեպի Նախիջեւան:

Թուրքական առասպել

Հայաստանում փորձ է արվում ձեւավորել հասարակական կարծիք, թե Թուրքիան տնտեսապես հզոր պետություն է, եւ Հայաստանի տկար տնտեսությունը, սոցիալական աղետալի վիճակը, համատարած գործազրկությունը, չդադարող արտագաղթը հնարավոր է հաղթահարել Թուրքիայի հետ համագործակցությամբ: Միայն թե Թուրքիայի սահմանը բացվի:

«Ազգը» հուլիսի 27-ին «ԱՄՆ պետքարտուղարությունը հայերի թշնամին չէ, բայց թուրքերի հավատարիմ բարեկամն է» հոդվածում գրել էր. «Եթե Թուրքիայի հետ համագործակցությունը վերոնշյալ խնդիրների (Հայաստանի տնտեսության կազմալուծում, սոցիալական վիճակ, գործազրկություն, արտագաղթ - Թ. Հ.) հաղթահարման երաշխիքը լիներ, ապա այն խնդիրները, որոնք ծառացել են Հայաստանի առջեւ, վաղուց արդեն հաղթահարած կլինեին Ադրբեջանն ու Վրաստանը»: Հոդվածում նշվել էր, որ Թուրքիան թե՚ սոցիալ-տնտեսական եւ թե՚ ֆինանսական խորը ճգնաժամ է ապրում, մի քանի ամսվա ընթացքում լիրայի նկատմամբ ԱՄՆ դոլարի ինքնարժեքը 600 հազարից հասել է 1,6 միլիոնի, ամեն օր փակվում են հարյուրավոր մանր ու միջին ձեռնարկություններ: Այս հոդվածով, հիմք ընդունելով թուրքական պաշտոնական թվեր, փորձենք ավելի լայն ներկայացնել պատմական Արեւմտյան Հայաստանի տնտեսությունը, սոցիալական վիճակը, մի խոսքովՙ ժողովրդագրական պատկերը: Սա ինքնանպատակ չէ, քարոզչություն չէ: Ի վերջո, եթե խոսում ենք հայ-թուրքական սահմանի բացման, տնտեսական հարաբերությունների հաստատման մասին, անհրաժեշտ է ծանոթ լինել այսպես կոչված Արեւելյան եւ Հարավարեւելյան Անատոլիային: Չէ՞ որ սահմանների բացման, տնտեսական հարաբերությունների հաստատման դեպքում մենք առաջին հերթին շփվելու ենք Թուրքիայի հենց այս շրջանների հետ: Ըստ թուրքական պաշտոնական տվյալներիՙ Թուրքիայի ամենաաղքատ քաղաքներն են Մուշը, Աղրին, Բիթլիսը եւ Բինգյոլը, որտեղ բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտն ավելի ցածր է, քան Աֆրիկայի թերզարգացած երկրներում: Համատարած թշվառությունը մարդկանց ստիպում է հեռանալ փոքրիշատե ապահով վայրեր, արտագաղթը հասել է աներեւակայելի չափերի: Արեւելյան եւ Հարավարեւելյան Անատոլիայի բնակչության մեկ շնչին ընկնող օրական եկամուտը կես դոլարը հազիվ է գերազանցում: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիայի բնակչության գրեթե կեսըՙ շուրջ 25 մլն մարդ, ապրում է սովի շեմին, աշխատունակ յուրաքանչյուր երկրորդ թուրքը գործազուրկ է: Փետրվարից մինչեւ այսօր Թուրքիայում ավելի քան 800 հազար մարդ կորցրել է աշխատանքը, ընդ որումՙ գործազրկության առումով Անատոլիան գրեթե չտուժեց, որովհետեւ լայն հաշվով Անատոլիայում գործ չկար: Եթե Թուրքիայի տնտեսական ճգնաժամը շարունակի խորանալ, իսկ վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջիկա տասնամյակներում ժողովրդի կենսամակարդակն առնվազն չի բարձրանա, ապա Անատոլիան ուղղակի կդատարկվի: Ուրեմն Թուրքիայի հետ հարաբերություններում երկրորդական պլան թողնելով Հայոց ցեղասպանության, ԼՂ խնդիրները, հանուն մեր «լուսավոր» ապագայի հարաբերություններ ենք հաստատում գրեթե անմարդաբնակ Անատոլիայի հետ: Ի դեպ, Թունջելիի յուրաքանչյուր 100 բնակչից 53-ն արդեն գաղթել է, կիսով չափ դատարկ են Էրզրումը, Կարսը, Մարդինը: Էլ չենք խոսում, որ Անատոլիայում գյուղացիությունը ծայրաստիճան տգետ է, հետամնաց, ծույլ. Համատարած անգրագիտություն է, ուշ միջնադար:

Ի՞նչ է տալու մեզ Թուրքիան

Առաջին հանրապետության առաջին վարչապետ Հ. Քաջազնունին իր հայտնի բաց նամակում հարցնում էր. «Մի՞թե Թուրքիան է, որ օգնության պիտի հասնի մեզՙ մեր այս նեղ օրերին: Ի՞նչ պիտի տան Անկարայի թուրքերը, ի՞նչ պիտի բերեն հետները. հնչուն դրա՞մ, պատրաստի ապրանքնե՞ր, գործիքներ ու մեքենանե՞ր, գիտություն ու արհե՞ստ, խաղաղություն ու քաղաքակրթությո՞ւն: Ի՞նչ է սպասվում այս ժողովրդից, որ պատերազմելուց զատ ուրիշ ոչ մի կարողություն չի ցուցադրել: Պատերազմել, զենքի ուժով գրավել երկրներ ու ապրել գրաված երկրների հաշվին. սա է եղել ու սա է Թուրքիայի ամբողջ պետական իմաստնությունը, միակ կարողությունը: Այսպիսի մի պետություն չի կարող լինել դաշնակից, այլ միմիայն տերՙ բառի ամենաբիրտ ու տարրական իմաստով: Թուրքիան հայերից միայն պիտի վերցնի, առանց փոխարենը տալու, որովհետեւ ինքը չունի ոչինչ»:

Տասը տարում ի՞նչ տվեց մեր հարեւան Վրաստանին թուրքական «օրիանթասիոնը». Պաշտոնական Թբիլիսին օրերս ազնվություն ունեցավ հայտարարելու, որ Թուրքիայի ֆինանսական ճգնաժամը սպառնում է վրացական տնտեսությանը: Այս վերջին բառը կարդացեք չակերտների մեջ:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4