Ազգի մշակութային գենոֆոնդն անսպառ է
Հանրապետության բարձրագույն կրթօջախներում սկսվել են 2001-2002 ուսումնական տարվա ընդունելության քննությունները: Այդ առիթով մեկական հարցով դիմեցի մշակութային բուհերի ռեկտորներին. նվազե՞լ, թե՞ աճել է այս տարվա դիմորդների թիվը եւ ըստ Ձեզ ո՞րն է դրա հիմնապատճառը:
Սոս Սարգսյան- Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր:
«Դիմորդների թիվն աճել է շուրջ մի քանի տասնյակով, ինչը շատ ուրախալի է եւ հույս ներշնչող: Մեր ազգն ունի ներքին մի բարոյականությունՙ երբեք եւ ոչ մի պայմաններում չդավաճանել իր հոգեւոր-մշակութային նկարագրին: Մեր բուհում սովորելուՙ երիտասարդության աճող ցանկությունը հավաստում է նաեւ, որ ի հեճուկս դժվար պայմանների, այնուամենայնիվ հետաքրքրությունը դեպի թատրոնը, թատերարվեստը չի նվազում: Կարելի է միայն դրվատանքով ընդունել այս երեւույթը, հեռանկարում ունենալով նոր եւ շնորհալի ուժեր հայ բեմի համար»:
Արմեն Սմբատյան- Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր:
«Այս տարվա դիմորդների թիվը շուրջ 50-ով ավելի է: Զարմանալի՜ ազգ ենք... Որքան դժվար են տնտեսական, կենցաղային պայմանները, այնքան ավելի զորեղ է գործում հոգեւոր պահանջի ներքին ձգտումը: Այս ոչ դյուրին իրականության մեջ հենց մեր կոնսերվատորիայի օրինակով կարող ենք վստահորեն ասելՙ հայ ժողովուրդը մեծ ապագա ունի, քանի որ իր հոգու խորքում չի մարում սերը դեպի արվեստը: Միայն թե պետք է համբերատար եւ ուշադիր լինել մատաղ սերնդի նկատմամբ եւ ամենայն հոգատարությամբ շրջապատել մեր բացառիկ շնորհալի երիտասարդներին: Մեր բուհի սաները, որոնք օրեցօր լրացնում են աշխարհի տարբեր միջազգային մրցույթների դափնեկիրների շարքերը, հաստատուն կերպով ապացուցում են. հայերս, այո, իսկապես մշակութային ազգ ենք»:
Արամ Իսաբեկյան- Երեւանի գեղարվեստական պետական ակադեմիայի ռեկտոր:
«Աճել է եւ շա՜տ ոչ միայն մեր ակադեմիայի, այլեւ դրա Գյումրու մասնաճյուղի դիմորդների թիվը: Նախ եւ առաջ բացատրում եմ այն հանգամանքով, որ գալիք ուսումնական տարվանից մեզանում գործելու է նոր բացված բաժինՙ համակարգչային գեղարվեստական նախագծում: Այն թե՚ արդիական է, թե՚ շատ հետաքրքրական երիտասարդության համար: Բացի այդ, բարելավվել են շենքային պայմանները: Միայն ցավով պետք է նշեմ, որ ի տարբերություն Երեւանին եւ Գյումրունՙ զգալիորեն նվազել է Դիլիջանի մեր մասնաճյուղի դիմորդների թիվը: Այդ տխուր իրողությունն ունի իր օբյեկտիվ պատճառըՙ Տավուշի մարզում մեծագույն չափերի հասած արտագաղթը: Սակայն չենք հուսալքվում: Հայ գեղանկարչությունը միշտ եղել է մեր ազգի մշակութային կյանքի ավանգարդում: Շարունակելու ենք նույն ոգով դաստիարակել եւ կրթել այսօրվա երիտասարդությանը»:
Նկատի առնելով, որ հանրապետությունում մշակութային բնագավառը երիտասարդ, պիտանի մասնագետներով ապահովելու գործում իր զգալի նպաստն է բերում նաեւ Խ. Աբովյանի հայկական մանկավարժական պետական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը, վերոնշյալ հարցով դիմեցի նաեւ այդ ֆակուլտետի դեկան Ռուբեն Միրզախանյանին:
«Անցյալ ուսումնական տարվա համեմատությամբ մեր ֆակուլտետում սովորել ցանկացողների թիվը զգալիորեն մեծ է: Բացատրում եմ նախ եւ առաջ այն ուշագրավ փաստով, որ այս ուսումնական տարում մեզ մոտ գործելու են երկու նորՙ մեզանում նախադեպը չունեցող գեղարվեստական լուսանկարչության եւ պատմական հուշարձանների պահպանման մասնագետների բաժինները: Բացի այդ, աճում է երիտասարդության հետաքրքրությունը դեպի դարձյալ միայն մեր ֆակուլտետում գործող հեռուստատեսային ռեժիսուրայի եւ զանգվածային հանդիսությունների ռեժիսուրայի բաժինները: Եվ, նկատենք, սա տեղի է ունենում այն պարագայում, երբ մեր ուսանողներին չի շրջանցում զորակոչը: Փաստն ինքնին խոսուն է: Կուզենայի ուշադրությունը բեւեռել նաեւ այն հանգամանքի վրա, որ մեր շրջանավարտների մեծ պահանջարկ կա: Օրինակ, հանրապետության գրեթե բոլոր հեռուստաընկերությունները համալրված են մեր համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի շրջանավարտներով»:
Այսպիսին է Հայաստանի այսօրվա մշակութային կրթօջախներում առկա պատկերը: Այո, փաստերն ինքնըստինքյան խոսուն են եւ մեկնաբանություն չպահանջող: Դրանք եւս մի հիանալի պատասխան են մեր վերջին 10 տարիների իրականության մեջ ժամանակ առ ժամանակ պղտոր ջրի երես ելնող բարբաջանքներին, թե հայերը տակավին նոր, «զրո» աստիճանից պիտի կերտեն իրենց մշակույթը...
Բացի այդ, համոզված ենք, որ իշխանությունները նույնպես պետք է հավուր պատշաճի գնահատեն ազգի, մասնավորապես երիտասարդության մշակութային զորեղ ներուժը, եւ վերջ ի վերջո դեմքով շրջվելով դեպի մշակույթը (համակողմանի առումներով), պետական հոգածության տակ ներառնեն այն:
ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ