«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2001-08-01 | #144, 2001-08-02 | #145, 2001-08-03


ՏՈՆ, ՈՐԸ ՄԵԶ ՀԵՏ Է ԼԻՆԵԼՈՒ ԱՅՍՈՒՀԵՏ

Օգոստոսին Համահայկական երկրորդ խաղերն են

Օգոստոսի 18-26-ը անց են կացվելու Համահայկական օլիմպիական երկրորդ խաղերը, որոնք սոսկ մարզական մրցումներ չեն լինելու, ավելի ճշգրիտ հայկական մշակույթի, հայ ազգի հավաքականության ցուցադրությունն են դառնալու: «Ազգ»-ն արդեն անդրադարձել է խաղերի մարզական միջոցառումներին: Այս անգամ մեր զրուցակիցներն են խաղերի կազմակերպման երկու հիմնական ղեկավարներըՙ տոնակատարությունների սցենարի հեղինակ եւ բեմադրիչ, հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Հրաչյա Աշուղյանը եւ «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:

- Պարոն Գեւորգյան, այս խաղերը նպատակաուղղված են հայ հոգեւոր աշխարհի, հայ մշակույթի ցուցադրությանը նախ եւ առաջ: Այն առավել կարեւորվում է, որ անց է կացվում հայերիս համար անչափ կարեւոր մի ժամանակՙ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարությունների տարում:

-Անշուշտ, անչափ կարեւոր է հայ մշակույթի ցուցադրությունը, քանզի հիմա բոլորի ուշադրությունը սեւեռված է Հայաստանին: Եթե 1999-ին անցկացված Համահայկական առաջին խաղերի ժամանակ մենք դեռ անփորձ էինք, ապա այս անգամ թերանալու, կիսատ-պռատ գործ անելու բարոյական իրավունք չունենք: Դա ապացուցեցինք Ավարայրի 1500-ամյակի տոնակատարության ժամանակ, տոնակատարություն, որը շատ գեղեցիկ պահեր պարգեւեց մեր ժողովրդին:

- Ընդհանրապես բոլոր օլիմպիական խաղերի մեխը բացման եւ փակման արարողություններն են: Այդ ժամանակ արդեն դրանք դառնում են մեծ տոն, մեծ այնքանով, որքանով հաջողվում են:

- Մենք այժմ օրուգիշեր աշխատում ենք եւ հույս ունեմ, որ այդ արարողություններն իսկապես տոն դարձնելու մեր ցանկությունը կկարողանանք իրականացնել, առավել եւս, որ դրանք ծրագրել եւ իրականացնելու է տոնակատարությունների այնպիսի հմուտ մասնագետ, ինչպիսին Հրաչյա Աշուղյանն է: Հսկայական աշխատանք պետք է տարվի: Հասկանալի է, որ ֆինանսական մեծ միջոցներ են պետք: Պետականորեն նախատեսված 50 միլիոն դրամը, հասկանալի է, որ չի կարողանա ծածկել բոլոր ծախսերը: Մենք այժմ փորձում ենք հովանավորներ գտնել հայ գործարար շրջանակներում, թեեւ կոնկրետ անձինք կամ կազմակերպություններ դեռեւս չկան:

Պարզապես զարմանալի բան է կատարվում: Մենք մեզ ու աշխարհին ներկայանալու այսպիսի հազվագյուտ առիթներ ենք ունենում: Բայց, չգիտես ինչու, հայ գործարարները դեռեւս սպասողական վիճակում են կամ իրենց անտեղյակ են ներկայացնում: Այսպիսի առիթՙ ազգանպաստ գործ անելու կամ թեկուզ իրենց գովազդելու շատ քիչ առիթներ կունենան այսօրվա մեծահարուստները: Հույս ունենանք, որ նրանց մեջ կզարթնի մանթաշովյան ոգին, եւ համազգային այս կարեւոր միջոցառումը հովանավորելու ցանկություն շատ ու շատ գործարարներ կհայտնեն:

Հրաչյա Աշուղյանը, որ այսպիսի միջոցառումների կազմակերպման եւ անցկացման մեծ փորձ ունի (հիշենք գոնե «Էրեբունի-Երեւան», Ավարայրի 1500-ամյակի տոնակատարությունները եւ այլն), այս օրերին անչափ զբաղված է: Ճշտվում են ամեն մի մանրամասն, ամեն մի դետալ:

- Այս միջոցառման կարեւորը մեր հոգեւոր արժեքների ցուցադրումն է, ասում է պրն Աշուղյանը: Իհարկե, մենք մեծ հավակնություններ չունենք հատկապես ֆինանսավորման առումով, որովհետեւ դրանց հաջողությունը մեծ ֆինանսների հետ է կապված: Սակայն փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի Համահայկական երկրորդ խաղերը մնան ժողովրդի հիշողության մեջ որպես հրաշալի տոն: Մենք այս տարի շատ գործ ունենք անելու, որովհետեւ եթե առաջին խաղերին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից եկած հայկական 65 կազմակերպություններ, ապա այս անգամ 93 է լինելու: Մոտ 80 հայ գաղթօջախ է ներկայացվելու: Մենք մի նոր, բոլորովին տարբեր սցենար ենք մշակել, որը ոչ մի բանով չի կրկնում առաջին խաղերի սցենարը: Միակ բանը, որը հատուկ է բոլոր երկրներում անցկացվող օլիմպիական խաղերի համարՙ ջահի վառումն է: Մեզ մոտ կրակը վառվելու է Գառնո տաճարում, որից հետո կրակը հասցվելու է Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ: Այստեղ բարձրացվելու է Հայաստանի դրոշը, ապա ելույթ է ունենալու Հայաստանի Հանրապետության նախագահը, այնուհետեւ լինելու են մշակութային միջոցառումներ: Այս տարի տոնակատարությունը սկսվելու է Նոյյան տապանով, «Տրդատ-Գրիգոր» ներկայացումով, գեղարվեստական համարներով, որոնց մասնակցելու են հայ մշակույթի ճանաչված գործիչները:

Ե՚վ Գեւորգ Գեւորգյանի, ե՚ւ Հրաչյա Աշուղյանի հետ զրույցների ժամանակ մենք փորձեցինք ճշտել, թե աշխարհի ամենատարբեր երկրներում ապրող ճանաչված հայ արվեստագետներից կամ մարզիկներից ովքե՞ր են մասնակցելու երկրորդ խաղերին: Կոնկրետ որեւէ մեկի անունը չնշվեց: Բայց, ինչպես ասաց Հրաչյա Աշուղյանը, ամեն մի ճանաչված հայի ժամանման դեպքում անպայման ուղղումներ կարվեն սցենարում:

Եվ այսպես, օգոստոսի 18-ին Գառնո տաճարում կվառվի ջահը, իսկ փակումը կատարվելու է օգոստոսի 26-ինՙ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ըստ նախնական տվյալների, Հայաստան է գալու մոտ 5 հազար մարդ: Իհարկե, միջոցառումները չեն սահմանափակվելու միայն Երեւանով: Միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում: Իհարկե, ավելի հարմար կլիներ խաղերն անցկացնել ավելի զով ժամանակՙ սեպտեմբերի վերջերին-հոկտեմբերի սկզբներին: Սակայն հաշվի է առնվել սփյուռքահայ մեր հայրենակիցների ազատ ժամանակի խնդիրը: Թատերական, համերգային խմբերը, որոնք հիմնականում սիրողական սկզբունքով են կազմակերպված, եւ նրանք կարող են Հայաստան գալ հուլիս, օգոստոս ամիսներին:

- Ես չեմ ուզում խոսել կազմկոմիտեի դժվարությունների մասին, որովհետեւ դրանց լուծումը մեր խնդիրն է, վերջում ավելացրեց Գեւորգ Գեւորգյանը: Կարծում եմՙ Համահայկական երկրորդ խաղերը շատ ավելի մեծ տոն է լինելու, քան վերջերս անցկացված Ավարայրի 1500-ամյակի տոնակատարությունը, երբ մարդիկ տոնակատարության ավարտից երկու-երեք ժամ հետո էլ չէին ուզում թողնել հանրապետական մարզադաշտը:

Եվ այսպես, սպասենք եւս մի քանի օր: Ավելացնենք, որ այս անգամ տոմսերը տրվելու են հայտերով, իսկ դրանց գինը սոսկ խորհրդանշական է լինելու, անչափ էժան, Երեւանում անցկացված համերգների տոմսերի արժեքից տասնապատիկ ավելի էժան: Արդեն բազմաթիվ հերթագրվածներ կան, որը հույս է տալիս ասելու, որ այս տոնը եւս կհաջողվի:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4