Երեկՙ օգոստոսի 3-ին, աշխատանքային այցով Վանաձոր էր ժամանել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը:
Վեհափառ հայրապետին դիմավորեցին եւ այցի ընթացքում ուղեկցում էին Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ եպս. Չուլջյանը, Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, այլ պաշտոնյաներ:
Նրանք առաջինն այցելեցին Գուգարաց թեմի նորակառույց առաջնորդարան եւ կից Սուրբ Սարգիս եկեղեցի, ապա եղան թեմապատկան Ծիծեռնակ ճամբարում, որը վերակառուցվել է սփյուռքահայ բարերարների միջոցներով: Թեմի առաջնորդը ներկայացրեց արդեն ավարտին հասած կառույցի հետ կապված մանրամասները, նշելով, որ միջոցներ են հայթայթվում նաեւ կահավորման համար, եւ ԱՄՆ-ից օրերս արդեն ստացվել է առաջին խմբաքանակը:
Ճամբարը նախատեսված է 120 երեխայի համար, ունի հանգստի բոլոր անհրաժեշտ պայմանները եւ առաջին հանգստացողներին կարող է ընդունել եկող տարվա գարնանը:
Վեհափառ հայրապետն այցելեց նաեւ Վանաձորի նախկին դպրոցականների պալատի շենք, որը վերակառուցման համար միջոցներ հայթայթելուց հետո, կծառայի որպես Հայորդաց տուն, քանզի Վանաձորի քաղաքապետը պատրաստակամ է շենքն անհատույց տրամադրելու Գուգարաց թեմին:
Վեհափառ հայրապետը եղավ նաեւ մարզկենտրոնի այն տարածքներում, որտեղ առաջիկայում նախատեսվում է կառուցել երկու եկեղեցի:
Ամենայն հայոց կաթողիկոսը գոհունակություն հայտնեց Գուգարաց թեմում կատարված աշխատանքներիցՙ խոստանալով առաջիկայում եւս ըստ ամենայնի աջակցել թեմում իրականացվելիք ծրագրերին եւ նախաձեռնություններին:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ