«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2001-08-02 | #145, 2001-08-03 | #146, 2001-08-04


ԹՈՒՐՔԻԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ՎԵՐԱԳԾՈՒՄԻՑ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիան հրաժարվում է հայ-թուրքական սահմանի վերասահմանագծում կատարելուցՙ պատճառաբանելով այն ռուս սահմանապահների հետ երկխոսության իր անպատրաստությամբ: Ինչպես հաղորդում է Deutsche Welle ռադիոկայանը, Հայաստանի պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման պետական հանձնաժողովի նախագահ, ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Լեւոն Խաչատրյանը այդ առնչությամբ հայտարարել է, որ խորհրդային տարիներին համատեղ հանձնաժողովը կանոնավոր եւ առանց խնդիրների նշագծում էր սահմանըՙ հաշվի առնելով սահմանային Արաքս գետի հունի փոփոխությունը: Սակայն հիմա, չնայած այդ աշխատանքը վերականգնելու հայկական կողմի առաջարկությանը, Թուրքիան հայտարարում է հայ-թուրքական սահմանի վերանշագծման անհնարինության մասին:

Գերմանական ռադիոկայանի հաղորդման համաձայն, թուրքական կողմի նման կտրականությունը պայմանավորված է նրանով, որ սահմանի այդ տեղամասըՙ 355 կմ, պահպանվում է ռուս սահմանապահների կողմից: Նորՙ այժմ արդեն հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման դեպքում նրա մեջ պարտադիր կարգով մտնելու են նաեւ ռուսական սահմանապահ զորքերի ներկայացուցիչներ: Հենց այդ էլ ձեռնտու չէ Թուրքիային:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4