ԲԱՔՈՒ, 3 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինվորական շրջանների լրատվական աղբյուրները հաղորդում են, որ Իրանն ակտիվորեն մեծացնում է ռազմական ներկայությունը Կասպից ծովում: Էնզելի նավահանգստի շրջանում նա կենտրոնացրել է ծովային բազավորման հարվածային ուժեր, որոնց կազմի մեջ մտնում են մի քանի բրիգադներ եւ ապահովման տարբեր ստորաբաժանումներ (ծովային ավիացիա, հետեւակ):
«Ենի Մուսավաթ» թերթը հաղորդել է, որ հենց այստեղ է գտնվում հատուկ կենտրոնը, որը պատրաստում է ծովային զինվորականներ, ներառյալ ջրասուզորդներ: Հարավային հարեւանի ռազմաօդային ուժերը չեն դադարեցնում Ադրբեջանի օդային տարածության պարեկումը: Չհաստատված տվյալների համաձայն, օգոստոսի 2-ին իրանական ինքնաթիռները, խախտելով սահմանը, 50 րոպե թռել են Բաքվից 180 կիլոմետր հեռավորության վրա Կասպից ծովի ադրբեջանական սեկտորի «Ալով» հեռանկարային ծովային կառույցի շրջանում: