«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2001-08-02 | #145, 2001-08-03 | #146, 2001-08-04


ԸՆԴԴԵՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ

Քաղաքամայր Երեւանի մթնոլորտը թունավորված է մեծ եւ փոքր առեւտրակետերից եւ ռեստորաններից հորդող «երաժշտական» թույնով: Հայաստանից դուրս այս երեւույթը կորակվեր որպես էկոլոգիական աղետ: Սակայն, թվում է, թե Երեւանի բնակչությունը խուլ է եւ անզգա, համենայն դեպսՙ «նոր հայերի» համոզմունքով: Հնարավոր է, որ խուլ են եւ անզգա օրենքի պաշտպանները, քանի որ քաղաքապետարանի հատուկ կարգադրությունը կա (Հայաստանի Հանրապետության Երեւանի խորհրդի 2000 թ. մայիսի 10-ի թիվ 11/12 որոշումը) երաժշտության ձայնի ուժգնությունը կարգավորելու եւ երեկոյան ժ. 22-ից հետո առհասարակ դադարեցնելու մասին:

Կիեւյան 4, 4/2, 4/3, 4/4 շենքերի, Օրբելի փողոցի Հրազդանի կիրճին հարակից շենքերի ու առանձնատների մոտ 1600 բնակիչներ ահա քանի շաբաթ մղձավանջի մեջ են: Վերջերս Հրազդանի կիրճում, 1915 թ. Ցեղասպանության հուշարձանի հարեւանությամբ եւ Կարեն Դեմիրճյան կենտրոնի անմիջապես ներքեւում կառուցվեց ռեստորանային «Գեղամա» համալիրը, որի տերերը իրենց անսանձ, աղմկահարույց խրախճանքով, որ համեմված է գռեհկագույն «ռաբիսով», տեռորի են ենթարկում թաղամասի ողջ բնակչությանը:

Դրա արձագանքը մինչեւ ուշ գիշեր դղրդում է շրջապատում թույլ չտալով մարդկանց ոչ մի րոպե հանգստանալ: Ռեստորանի տերերի նախընտրած այդ ոռնոցը թաղի ողջ բնակչությանը ստրեսային վիճակի մեջ է պահում, զրկելով սեփական տանը հանգստանալու տարրական իրավունքից: Անգամ լավագույն դասական ծրագիրը անհնար է հանդուրժել ամեն օր 5-6 ժամ, եթե պարտադրվում է: Բնակիչների թվում, բնականաբար, կան երեխաներ, ծերեր եւ հիվանդներ, որոնց առողջությանը ուղղակի վտանգ է սպառնում: Այս ամենից զատ մեզ ցնցում է «նոր հայերի» բացարձակ արհամարհանքը մայրաքաղաքի բնակիչների հանդեպՙ մեր մշակութային ըմբռնումների, ապրելաոճի եւ հատկապես այսօր երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի նկատմամբ, գռեհիկ համառությունը յուրաքանչյուրի կյանքի մեջ ներխուժելու:

Շենքի բնակիչների թվում են տասնյակ գրողներՙ Արշալույս Մարգարյան, Անահիտ Պարսամյան, Ռուբեն Մարուխյան, Սերգեյ Գալուստյան, Ալբերտ Իսոյան, Վիլյամ Պողոսյան եւ ուրիշներ, Հայաստանի վաստակավոր դերասաններ եւ բեմադրիչներՙ Գրիգոր Չալիկյան, Լորենց Առուշանյան, Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյան, ակադեմիկոս Սիմոն Կրկյաշարյան, գիտությունների դոկտոր-պրոֆեսորներՙ Ազատ Եղիազարյան, Ժորա Միրզաբեկյան, Հենրիկ Բակունց, ԱԺ պատգամավոր, գրող Ալվարդ Պետրոսյան, բազմաթիվ անվանի մարդիկ եւ տասնյակ լրագրողներ, բժիշկներ, մանկավարժներ: Վերջապեսՙ հայ ժողովրդի մի հատվածը:

Չնայած բնակիչների դիմումին ռեստորանի տնօրինությանը, այդ վայրագ ձայները շարունակում են հնչել մինչեւ ուշ գիշեր: Չափը կորցրած «նոր հայերի» անպատժելիությունը ծնում է համազգային աղետներ: Բնակիչները լի են վճռականությամբ պաշտպանելու իրենց տարրական իրավունքները բոլոր միջոցներով եւ կոչ են անում բոլորին հետեւել իրենց օրինակին, հարգել քաղաքամայր Երեւանը, լինել քաղաքացի եւ չընկրկել վայրագության դեմ:

Հազարավոր մարդկանց անդորրը խանգարող եւ բնականոն կյանքի իրավունքից զրկող հաստատության տերերը, այս այլանդակությունը թույլ տվողներն ու իշխանության զանազան օղակներում գտնվող հովանավորները եւ օրենքը ոտնահարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն ամենախիստ միջոցներով:

«Ազգ»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4