«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2001-08-02 | #145, 2001-08-03 | #146, 2001-08-04


ԳԵՐՄԱՆԱՀԱՅԵՐԸ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՑ ՄԵԾ ԱԿՆԿԱԼԻՔ ՉՈՒՆԵՆ

Հայկական մամուլում լայնորեն քննարկվող հայ-թուրքական հաշտության հանձնաժողովի գոյությունը բնականաբար չէր կարող անտարբեր թողնել լոբբիստական աշխատանքով զբաղվող գերմանահայերին, ովքեր տարիներ ի վեր Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված անդուլ աշխատանք են տանումՙ մի մասը թուրքերի հետ երկխոսության փորձ անելու պատրաստակամությամբ, մյուս մասը մերժելով ամեն մի երկխոսությունՙ հայկական համընդհանուր ուժն ուղղորդելով ԳԴՀ Բունդեսթագ: Դեռեւս վաղ է ենթադրել, թե Գերմանիան է լինելու Ֆրանսիայի օրինակին հետեւելու պատրաստակամ հաջորդ երկիրը, բայց ԳԿԽՀ ցեղասպանության ճանաչման հանձնախումբը վճռակամ է եւ շարունակելու է Բունդեսթագ ներկայացրած իր հայցադիմումին տեր կանգնել: Գերմանահայերին ուղղված մեր այսօրվա հարցադրումները սակայն բացառապես վերաբերում են հաշտության հանձնաժողովին, նրա կազմին ու նպատակներին, ի՞նչ ակնկալիքներ, ի՞նչ արդյունքներ են ուրվագծվում, արդյոք հանձնաժողովն ակամա չդարձա՞վ հայությանը պառակտող գործոն:

Ալիս Մարուխյան (Մյունխենի Հայկական հարցերի հաստատության փոխտնօրենուհի)

- Ո՞վ չի ուզում հաշտություն: Բայց հաշտության առաջին պայմանը ցեղասպանության ճանաչումն է: Ինչ հաշտություն, երբ ցեղասպանության հարցի վրայից անցնում են: Եթե երկխոսություն, ապա համայն հայությունը պիտի ընտրի ներկայացուցիչներին: Այս պարագայում սկզբունքն էլ ճիշտ չէ, նպատակն էլ: Համամիտ եմ Հարութ Սասունյանի ասածին, թե սա հայության պառակտմանն է միտված:

Միհրան Դաբաղ (Բոխումի Սփյուռք եւ ցեղասպանություն ինստիտուտի տնօրեն)

- Հայաստանի Հանրապետության անկախացումեն ի վեր քաղաքական մտքի զարգացում մը նշմարելի է, նոր ես վասակացում պիտի կոչեի: Եվ այս ոչ միայն դավաճանության իմաստով, ինչպես պատմականացած ոչ ճշգրիտ պատկերը Վասակի կթելադրե: Այս շրջանակները, որոնք ՀՀՇ-ական քաղաքականության հետքերուն տակավին հետեւող ներկայացուցիչներ են եւ սփյուռքյան, Միացյալ Նահանգներու կարգ մը ներկայացուցիչներ կուզեն թելադրել գործնական, ռեալ, այսպես կոչված զգայականից զուրկ, զուտ բանականության հիմքերու վրա զետեղված քաղաքական որոշումներՙ նույնիսկ մեր գոյությունը ճշտող հիմնահարցերու մեջ: Բայց ի՞նչ է. «իրապաշտներու» կողմե մեզի թելադրվածը: Սակարկելի դարձնել անսակարկելին, ոչ թե ճշմարտության փրկարար կարողության վրա հիմնված հաշտության գործընթաց մը սկսիլ, որուն հիմքը Հիշողությունը ըլլա, այլ փայլուն ապագայի մը խոստումով մոռացում մը թելադրե: Հայու Աղետի փորձառությունը պայմանականացնել, արտոնել տարբեր մեկնաբանություններ, բերել դահիճին ընդունելի լուծումներ, հայու հատկականությունը վտանգել, անհամակրելին համարկելի դարձնել, նորմալացնել զայն, որպեսզի անկե ամեն բան կարելի ըլլա պահանջել: Փոքրիկ ածուն դարձնել կամուրջ մը, որուն վրայեն անցնիլ առանց ոճրագործված ժողովուրդի մը հանդեպ ունենալիք պատասխանատվության: Հարթված կամուրջ մը, որուն վրայեն դահիճը իսկ կրնար քալել:

Հաշտության հիմքը կրնա միայն զղջում եւ ներում ըլլալ, իսկ ցեղասպաններու հաջորդող սերունդներու պարտականությունը անդարմանելիի հանդեպ սփոփանքի փորձ մը կատարելն է, որովհետեւ ցեղասպանությունը ոչ թե ցեղասպան սերունդի, այլ անոր հաջորդող սերունդներու համար կիրագործվի, որուն արդյունքը հաջորդող սերունդներն են, որ կքաղեն: Եւ իբր այդ կկրեն պատասխանատվությունը զոհերու հաջորդող սերունդներուն:

Րաֆֆի Քանդյան (Գերմանահայկական ընկերության ատենապետ)

- Ձեւով մը կսպասվեր նման ձեռնարկ մը: Ուշադրության պետք է առնել, որ երկու կողմէրու պարագային պետական դրդում եթե չկա ալ, պետական հովանավորություն անպայման կա: Հոռետես ըլլալու պարագային կարելի է խորհել, թե ցեղասպանության հարցը մոռացության պիտի տրվի, լավատես ըլլալովՙ ի վեջո լուծում մը պիտի գտնվի: Դեռ շատ կանուխ է որոշելուՙ հոռետեսակա՞ն մեկնաբանությունն է գերակշռողը, թե՞ լավատեսական: Երկու վարկածներն ալ կան: Ողջունելով նման բան մը զարգացման մասին կուզեի մտածել: Տարիներ առաջ ձեւավորված թուրք-հայկական գործարարներու միությունը ոչ մեկ շոշափելի արդյունք չէ տված: Ես երկխոսության ի նպաստ մեկն եմ, բայց իրապաշտ երկխոսության: Մեծ վերապահումով կմոտենամ: Մյուլհայմում մարտի վերջին մեր կազմակերպած ձեռնարկը երկխոսության փորձ մը անվանեցինք: Նրանց ընտրածՙ հաշտություն բառը շատ պատասխանատու է, ձախողիլը շատ ավելի հեշտ է: Թմբուկի հարվածի պես բան մըն է:

Րաֆֆի Պետիկյան (Գերմանահայոց կենտրոնական խորհրդի փոխատենապետ)

- Եթե Թուրքիան պատրաստ չէ ցեղասպանության մասին խոսելու, չեմ կարծեր հանձնաժողովը մեծ արդյունք տա: Հայ եւ թուրք երկու ժողովուրդներու միջեւ անկարելի է բարեկամությունՙ առանց ցեղասպանության ճանաչման: Երկրորդ գլխավոր թերությունն այն է, որ սրանով հայկական լոբբիստական երկու թեւերու միջեւ խրամատ մը փորվեցավ: Ներքին ճակատը սրվեց: Երրորդ նշմարելի թերությունն այն է, որ Թուրքիան այս նյութը շահարկելու է: Հայ-թուրքական հաշտության հանձնաժողովի մասին շատ կարծր քննադատական դիրքորոշումն այդուհանդերձ ճիշտ չեմ համարեր:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4