«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2001-08-02 | #145, 2001-08-03 | #146, 2001-08-04


«ԵՍ ՁԵԶ ԱՍՈՒՄ ԵՄ»

Ասել այն, ինչ բոլորը գիտեն, երեւի մեծ ջանք եւ խիզախություն չի պահանջում, բայց կան մարդիկ, որոնք ուզում են արտառոց, շատ խելացի, համարձակ երեւալ: Դա տարածված հիվանդություն է հատկապես քաղաքական միջավայրիՙ իրեն ընդդիմադիր կոչող շրջանակներում: ՀՅԴ Արցախի կազմակերպության պատասխանատու պարոն Գրիշա Հայրապետյանը, մասնավորապես, վերջին մեկ-երկու ամսում արդեն մի քանի անգամ անդրադարձել է ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ միշտՙ մռայլ շեշտադրումներով: Եթե հավատանք նրան, ապա մեր երկրում համատարած սով է, իշխանություններն էլ դրան հակադրելու ոչինչ չունենալով, հնարել են, թե «Արցախում ապրել, նշանակում է աղքատ լինել»:

Դա, իհարկե, այդպես չէ, եւ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչն էլ շատ լավ գիտի, թե, ասենք, իր գլխավորած կազմակերպության մեջ որքան հաջողակ ձեռներեցներ կան: Չճշտված տեղեկություններով նրանցից մեկն արդեն հասցրել է «սեփականաշնորհել» հանրապետության գողտրիկ անկյուններից Կապին ծով կոչվող տեղամասը: Եթե աղքատ լիներՙ չէր անի: Եթե իշխանություններն ուզենային, որ հիշյալ պարոնը միշտ աղքատ մնարՙ այդպես չէր լինի:

Սակայն պարոն Հայրապետյանը երեւի սեփական կուսակիցներին մնացյալ ժողովրդից մի փոքր առանձին է տեսնում, այլապես կարող էր փոքր-ինչ մեղմել գույները: Չի արել, ուստի բաց է մնում հիմնական հարցըՙ այս «աղքատների երկրում» որոշ ՀՅԴ-ականների ինչպե՞ս է հաջողվում հարստանալ: Ո՞րն է գաղտնիքը: Եթե խոսքը վերաբերեր պետական պաշտոնյային, մոտավոր պատասխան կարելի էր գտնել, բայց կուսակցական, այն էլՙ «որոշ հարցերում ընդդիմադիր» գործիչներին հավելյալ փող որտեղի՞ց: Մի՞թե ժառանգություն են ստացել:

Ուրախ կլինենք, եթե այդպես լիներ, բայց փաստերն անողոք են: Պարզապես մենք բացառություն չենք, եւ այստեղ էլ կան հարուստներ ու աղքատներ: Առաջիններըՙ քիչ, երկրորդներըՙ շատ: Դժբախտաբար, շուկայական տնտեսության նախնական փուլի օրինաչափություններից մեկն էլ դա է, ոչ ոքի չես մեղադրի: Այսօրվա բարգավաճ Արեւմուտքը գիտի, թե ինչ է նշանակում «նախնական կապիտալիզմ», եւ դասական եվրոպական գրականությունը դրա վառ օրինակներ շատ է տվել: Ցավալի է, բայց ի՞նչ կարող ես անել: Բոլոր ժամանակների սոցիալիստները բողոքել են դրա դեմ, սակայն ավելի կատարյալ տնտեսակարգ ստեղծելու նրանց ցնորքը ցնորք էլ մնացել է, որովհետեւ նրանք «աղքատության փիլիսոփայություն» էին քարոզում:

Շատ տարօրինակ է, որ սոցիալիստ ՀՅԴ-ական Գրիշա Հայրապետյանը խնդրին հակառակ ծայրից է մոտենում: Նրա գնահատմամբՙ հայրենի իշխանություններն են աղքատություն սերմանում: Անտրամաբանական է ստացվում. ՀՅԴ-ն անզուսպ հարստությու՞ն է փափագում Արցախի համար, հապա ինչո՞ւ նրա տնտեսական հայեցակարգը «կոլեկտիվիզմն» ու «կառավարվող էկոնոմիկան» են:

Պարոն Հայրապետյանն, անշուշտ, գիտի, որ ԼՂՀ-ն ինքնաբավ տնտեսություն եւ սոցիալական ապահովության համակարգ դեռեւս չունի: Դա մեզ համար ցանկալի, բայց ոչ մոտ ապագա է: Եվ տգեղ է, երբ նա «Ազգ»-ի թղթակցին հավատացնում է, թե ֆինանսական առումով ամեն ինչ լավ է, զարմանալի է միայն, թե ինչո՞ւ ԼՂՀ տնտեսությունը ոտքի չի կանգնում: Չխորանանք պարոն Հայրապետյանիՙ ՀՀ քաղաքական որոշ շրջանակների հասցեագրած այս նկատառումների ենթատեքստում: Միայն ասենք, որ Հայաստանն, իրոք, Արցախին օգնում է, բայց այնքանով, որքանով կարող է, որքան ինքն ունի տալու, որքան պետք է այսօրվա մակարդակն ունենալու համար: Իսկ առաջընթացի համար հսկայական ներդրումներ են պետք:

Այսօր այդ ուղղությամբ քայլեր արվում են: Տնտեսական զարգացում, համաձայն ենք, լայն խավերը շոշափելիորեն չեն զգում, սակայն թվում է, ամեն ինչ մեր կյանքում սեւ գույներով ներկայացնելուց էլ ոչ ոք օգուտ չպիտի ակնկալի:

«Ես ձեզ ասում եմ»ՙ ընտրյալի խոսք կարող է լինել միայն, պատասխանատվություն ստանձած մարդու կեցվածք, որ հաշվետու է յուրաքանչյուր բառի համար, իսկ պարոն Հայրապետյանը ոչ միայն չի ուզում ինքը, այլեւ իշխանության համակարգում աշխատող իր կուսակիցներին էլ կարծես, անուղղակի թե ուղղակի, դուրս է տեսնում քաղաքական եւ քաղաքացիական «բարձր լարման դաշտից»: Նա միայն ասում է. «Ես զարմացած եմ»: Հետաքրքիր է, այս բոլոր տարիներին, 1988-ից սկսած, նա երբեւէ էլ չի՞ զարմացել, զարմանալու առիթներ չի՞ ունեցել: Եվ արդյոք զարմանալի՞ չէ, իրոք, որ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը զարմանալ է սկսում այն ժամանակ, երբ շատ հարցերի պատասխաններ տրված են:

ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4