«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2001-08-02 | #145, 2001-08-03 | #146, 2001-08-04


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ 30-40 ՏՈԿՈՍՆ ԱՆՄԵՂ Է

Պնդում է փաստաբան Ռուբեն Ռշտունին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի բանտերում պահվող անձանց 30-40 տոկոսն անմեղ են, պնդում է ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի անդամ, փաստաբան Ռուբեն Ռշտունին: «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԻ» թղթակցի հետ զրույցում նա այդ իրողությունը հիմնականում պայմանավորեց նրանով, որ նախաքննություն իրականացնող մարմինները «ծեծ ու ջարդի միջոցով են ապացույցներ ձեռք բերում», այնուհետեւ գործը հասնում է դատարան, որտեղ «բոլորն իրար ճանաչում են, դատավորն էլ դատախազի ընկերն է եւ դատախազության «սարքած» գործը փչացնելու որեւէ ցանկություն չունի»:

Ըստ պրն. Ռշտունու, գործող համակարգը բերում է զավեշտական վիճակների, երբ մարդիկ գալիս են փաստաբանի մոտ ոչ թե իրավաբանական օգնություն ստանալու, այլ խնդրելով. «Մի բան արեքՙ չծեծեն»: «Ձեւավորվել է հասարակության համար վտանգավոր մի ավանդույթ. ժողովուրդը ներքին գործերի մարմինների մեջ տեսնում է ոչ թե իր պաշտպանին, այլ ահաբեկող մի ինչ-որ մարմնի», ասաց մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամը:

Ապօրինի միջոցներով ապացույցներ ձեռք բերելու պրակտիկային վերջ տալու համար փաստաբանն առաջարկում է մեկուսարանները Ներքին գործերի նախարարության համակարգից տեղափոխել Արդարադատության նախարարության համակարգ: Ռուբեն Ռշտունին նաեւ գտնում է, որ նախաքննությունը պետք է առանձնացվի դատախազությունից: Իսկ նրա հիմնական գործառույթը պետք է լինի նախաքննության ընթացքի վերահսկումը միայն, ինչն էլ կբացառի դատախազության շահագրգռությունըՙ դատաքննության ժամանակ հաստատել մեղադրանքը:

Փաստաբանը որպես Հայաստանում գործող արդարադատության համակարգի մի թերություն նշեց նաեւ այն հանգամանքը, որ անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեն միայն այն ամբաստանյալները, որոնց գործը քննվում է առաջին եւ երկրորդ ատյանի դատարաններում, իսկ գաղութներում գտնվող դատապարտյալները զրկված են այդ իրավունքից: Ըստ փաստաբանի, այդ խնդիրը եւս հրատապ լուծում է պահանջում: Իսկ ամենակարեւորն, ըստ Ռուբեն Ռշտունու, Հայաստանի պես երկրում, որտեղ դատական սխալները զանգվածային բնույթ են կրում, պարզապես անհրաժեշտ է օրենքով վերացնել մահապատիժը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4