Եվ միավորվում են ոչ գաղափարախոսական հիմքով
Շիրակի մարզի քաղաքական երկնակամարում վաղուց հաստատված ծույլ անդորրը վերջին շաբաթներին հանկարծ մեկեն խախտվել է: Մի կողմից, հաճախացող դրսեւորումներով տարբեր կուսակցությունների մայրաքաղաքային ղեկավարների մի գրեթե միաժամանակյա «արշավ» է սկսվել դեպի Գյումրի (հանդիպումներ, ասուլիսներ, հանրահավաք եւ այլն): Մյուս կողմից, դրա ազդեցությամբ ամենացածր կետից սկսել է սրընթաց բարձրանալ կուսակցությունների տեղական կառույցների ակտիվության կորը, որն առայժմ ցանկությունների ու մտադրությունների արտահայտման եւ միջկուսակցական փոխկանչի փուլում է: Որքան էլ այս ամենը նման է հաջորդ (թեկուզ դեռ հեռու) նախընտրական շրջանի «խորքային» պատրաստության, հանրապետության քաղաքական մթնոլորտում այսօր փչող հոսանքները մտածել են տալիս, որ ներկա պարագայում խնդիրն ավելի լայն կարող է լինել:
Բայց անցած բոլոր տարիների փորձը նաեւ թելադրում է, որ մարզում քաղաքական գործընթացները հաջողել եւ իրենց նպատակին ծառայել կարող են թերեւս միայն այն դեպքում, եթե դրանք հասունանում, ծնունդ են առնում տեղում եւ այստեղ կայուն հող ու ավանդույթ ունեն: Որ Գյումրիում, Շիրակում առայժմ այդպես չէ, որ տեղում կուսակցությունները որպես քաղաքական ուժ տակավին չեն դարձել հանրային կյանքի ընթացքի եւ մանավանդ իշխանությունների գործելակերպի վրա իրապես ազդող գործոնՙ շատ է ասվել: Ասվել է լրատվամիջոցների, քաղաքական դիտորդների կողմից: Այս տեսակետից ուշագրավ եւ խոստումնալից լինելու հավակնող նորությունն էր հուլիսի կեսերին հրավիրված «կլոր սեղանի» շուրջ նույն հարցի քննարկումն իրենցՙ մարզի քաղաքական երանգապնակը ներկայացնող կուսակցականների կողմից:
Ինչն է խանգարում քաղաքական ուժերին
Ինչո՞ւ են Գյումրիում, մարզում կուսակցությունները պասսիվ: Կամ իրո՞ք պասսիվ են: Եթե այոՙ ի՞նչն է պատճառը, ինչ է հարկավոր հակառակը լինելու համարՙ ի շահ հասարակության: Գյումրու «Ասպարեզ» լրագրողական ակումբում մոտավորապես այսպիսի հարցադրումներով ծավալված հիշյալ խոսակցությանը մասնակցեցին շուրջ մեկուկես տասնյակ կուսակցությունների (բացի ՀՅԴ-ից, ՀՌԱԿ-ից, Հանրապետական կուսակցությունից եւ Կոմկուսից) Շիրակի մարզային կամ Գյումրու տարածքային կառույցների մեկական ղեկավար ներկայացուցիչներ: Ազատամարտի վետերանների միությունը ներկայացնող Ժորա Աթոյանը նշեց, թե կուսակցությունների ակտիվությունը կախված է ժողովրդի ակտիվությունից, մինչդեռ վերջինս հոգնել է բոլորից ու այլեւս ոչ մեկին չի հավատում: Այս տարիներին, ասաց նա, բոլորս խոսել ենք ժողովրդի անունից, բայց ժողովրդի. հերն անիծել ենք: Նախքան այսքան շենքեր, տաճարներ կառուցելը ոչ ոք չփորձեց ժողովրդի հոգու փլված տաճարը կառուցել. Ըստ «Առաքելության» ղեկավար Արտյուշա Պապոյանի, կուսակցությունները Հայաստանում դասական իմաստով այդպիսիք չեն, ստեղծվում են անձնական շահերի շուրջ, դրա համար էլ տրոհվում են: Իսկ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցչի տեսակետովՙ դրանց թվի 60-70 տոկոսը կամ ստեղծվել է իշխանությունների կողմից, կամ վերջիններիս է ծառայում:
Հանրապետության քաղաքական դաշտի կառուցվածքը, օրենսդրական բացերն ու ավանդույթների բացակայությունը համարելով ակտիվությանը խանգարող գործոններ, ԱԺՄ մարզային պատասխանատու Վահան Թումասյանը միտք հայտնեց, թե մեզանում ըստ էության մայրաքաղաքից դուրս քաղաքական դաշտ չի նախատեսվում: «Սպայի պատիվ» կազմակերպության փոխնախագահ Լեւոն Գալստյանը կուսակցություններին պասսիվացնելու մեջ մեղադրեց լրագրողներին, ավելացնելով, թե Երեւանից իրենց հրավիրում են, իսկ տեղում հեռուստաեթեր տրամադրելու համար փող են պահանջում: Լ. Գալստյանի տվյալներով, Գյումրի քաղաքից օրական 12 ավտոբուսներով հանրապետությունից մեկնում է 350-ից ավելի մարդ: Այն տեսակետին, որ լրատվամիջոցներին իրոք որոշակի դեր է պատկանում տեղում քաղաքական ուժերի կայացման, նրանց վարկի ձեւավորման գործում, իրենց խոսքում համաձայնեցին նաեւ «Ազգային միաբանության» նոր ստեղծված կազմակերպության ղեկավար Մարզպետունի Մարգարյանը եւ «Օրինաց երկիրը» ներկայացնող Եղիշե Նազարեթյանը: Մ. Մարգարյանը դրանով հանդերձ հավելեց, թե «Այդ մե՚նք չենք ուզում ակտիվանալ, եկեք ուրիշի վրա չգցենք»: Նա արդյունքի հասնելու համար կոչ արեց արմատախիլ անել միմյանց նկատմամբ քաղաքական նախանձը, մի կողմ դնել ամբիցիաները: Հարցերի քննարկվող շրջանակի վերաբերյալ իրենց տեսակետներն ու դատողություններն արտահայտեցին նաեւ ԱԻՄ-ի, ՍԻՄ-ի, ՀԺԿ-ի, ԱԺԴ-ի, «Ժողովրդավարական հայրենիքի», ՀՀՇ-ի ներկայացուցիչները: Մեր փոքր հանրապետությունում կուսակցությունների չպատճառաբանված մեծ թիվը համարելով քաղաքական ուժերի ջլատման միջոց, ելույթ ունեցողները մարզի եւ հատկապես Գյումրի քաղաքի ծանր վիճակին առնչվող հարցերում միավորվելու, համատեղ ակտիվ գործելու ցանկություն ու պատրաստակամություն հայտնեցին:
Ստեղծվեց «Մարզային կուսակցական համաձայնություն»
Առաջինից ընդամենը մի քանի օր հետոՙ հուլիսի 25-ին, կուսակցությունների ներկայացուցիչները նորից հանդիպեցին, այս անգամՙ ԱՄՆ միջազգային գործերի Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպական աջակցությամբ: Այս հանդիպմանը մասնակցած 17 կուսակցությունների թվում ներկայացված էին նաեւ ՀՌԱԿ-ը, ՀՅԴ-Ն, «Հզոր հայրենիքը»: Ծավալված խոսակցությունն այս անգամ գործնական էր եւ վերաբերում էր տեղական հարցերում միջկուսակցական համագործակցության մի մարմնի ստեղծմանը, համագործակցության ուղղությունների ուրվագծմանը: Առանձին ընդգծվեց, որ խոսքը չի վերաբերում քաղաքական-գաղափարախոսական հարցերին, որոնք ընդհանուր լինել չեն կարող: Ելույթ ունեցողներից միայն ՀՅԴ ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք պատրաստ են համագործակցել այս կամ այն կոնկրետ հարցերում, իսկ հիշյալ մարմնի ձեւավորմանը չեն մասնակցի:
Որպես այս հանդիպումների արդյունք, հուլիսի 30-ին ընդունվեց եւ օգոստոսի 1-ին հրապարակվեց հայտարարություն համագործակցության մի կազմակերպական մարմնիՙ «Շիրակի մարզային կուսակցական համաձայնության» ստեղծման մասին: Թվարկելով մարզում առկա եւ շուտափույթ լուծում պահանջող հիմնախնդիրները եւ նկատի ունենալով հանրապետական, մարզային ու համայնքային իշխանությունների կողմից դրանց լուծման «անտեսումը», «Համաձայնությունը» հայտարարության մեջ նշում է, որ հետեւողականորեն «հետամուտ է լինելու վերոհիշյալ հիմնախնդիրների լուծմանն ուղղվածՙ իշխանությունների գործունեությանը, նպաստելու է դրական նախաձեռնությունների իրականացմանը, դատապարտելու եւ կասեցնելու է մարզի առաջընթացին խոչընդոտող ձեռնարկումները»: Նշված է, որ հասարակական հիմունքներով ձեւավորված «Համաձայնությունը» բաց է մարզում գործող յուրաքանչյուր կուսակցության համար, պատրաստ է համագործակցել պատգամավորների, հասարակական կազմակերպությունների եւ շահագրգիռ քաղաքացիների հետ: Հայտարարությունն առայժմ ստորագրել են 13 կուսակցությունների ներկայացուցիչներ:
Առայժմ չփորձենք մեկնաբանել: Ինչպես ասում ենՙ կապրենք, կտեսնենք:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ