«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2001-08-02 | #145, 2001-08-03 | #146, 2001-08-04


ԿՏՐԻՃ ՍԱՐԴԱՐՅԱՆԸ ԼՈՒՐՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դրանց կարգավորումը, ըստ նրա, անհրաժեշտություն է Հայաստանի քաղաքական հեռանկարի համար

Օգոստոսի 1-ին «Ազգը» հրապարակեց պատմաբան Կտրիճ Սարդարյանի «Հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը քաղաքական եւ բարոյական հարթություններում» խորագրով հոդվածը: Հոդվածագիրը պատմական եւ բարոյահոգեբանական առումներով բարդ ու հանգուցային է համարում հայ-թուրքական հարաբերությունները եւ ընդգծում է, որ դրանց լուծումը «Հայաստանի պետական հեռանկարի առումով հանգուցալուծման կարոտ քաղաքական անհրաժեշտություն է»:

Սարդարյանն անդրադառնում է «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» շուրջ ծավալվող բանավեճին, հանձնաժողովի ստեղծումը պայմանավորում է «տարածաշրջանային հարցերն ամբողջությամբ լուծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությամբ», ապա եւ ավելացնում. «Մեզանում, ինչպես միշտ, վեճը կամ խոսքը ոչ թե պատճառի, այլ հետեւանքի մասին է: Այսպես հեշտ է, որովհետեւ լուրջ քաղաքական քննարկումներին ու վերլուծություններին փոխարինելու է գալիս բարոյախոսությունը»:

Հարկ է նշել, որ Սարդարյանի հոդվածն ինքնին պատմական էքսկուրսով համեմված բարոյախոսություն է: Ինչ վերաբերում է լրջությանը, ապա պետք է հարցնել հոդվածագրին, թե ո՞ր քաղաքական քննարկումների ու վերլուծությունների արդյունքում նա «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» ստեղծումը պայմանավորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությամբ, երբ ամբողջ աշխարհը գիտի, որ հանձնաժողովը ԱՄՆ պետդեպարտամենտի նախաձեռնությունն է:

Եթե հանձնաժողովը հետեւանք է, ապա պատճա՚ռը որն է: Սարդարյանն այս մասին նմանապես լռում է, որպեսզի մեզ բոլորիս խելք սովորեցնի, ասելով. «Թերեւս ոչինչ այնպես չի հարվածում սեփական պետության հեռանկարին, ինչպես լուծման կարոտ հարցերի հերթականության խախտումը»: Ի՞նչ հերթականություն: Թեեւ Սարդարյանն այս հարցին պատասխանում է, սակայն պատասխանելիս իրողություններն անտեսում եւ միանգամայն հակասում է իրականությանը: Ահա թե ինչ է ասում նա. «Սկզբից հաստատել Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ ու հետո միջազգային հարթությունից Ցեղասպանության ճանաչման հարցը տեղափոխել հայ-թուրքական միջպետական հարթություն»:

Մինչդեռ հայկական իշխանությունները, նախագահ Քոչարյանի գլխավորությամբ, բազմիցս հայտարարել են. «Հայաստանն առանց նախապայմանի պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Ցեղասպանության ճանաչումը պարտադիր չէ»: Ուրեմն, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հայ-թուրքական միջպետական հարթություն տեղափոխելու մասին խոսք լինել չի կարող: Բայց միանգամայն կարելի է խոսել Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականության թշնամական բնույթի մասին, ինչը Սարդարյանը ողջամտորեն շրջանցում եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը բացատրում է «քաղաքական իրողությունների հանդեպ» մեր քաղաքական ուժերի անպատասխանատու վերաբերմունքով, վերագրելով նրանց փոխակերպման եւ ինքնահաղթահարման մի շարք բարդույթներ: Ավելին, նա հայկական իշխանություններին մեղադրում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու մեջ եւ գտնում է, որ «այդ ուղին թշնամանքը խորացնելուց բացի, արդյունքում ոչինչ չի տա»: Այդ ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելը թշնամանքի արտահայտություն է դառնում:

Սարդարյանին պետք է քաջ հայտնի լինեն Հայոց ցեղասպանության հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն ու «պատմությունը պատմաբաններին թողնելու» թուրքական թեզը պաշտպանելու նրա հետեւողականությունը: Սարդարյանը չի կարող չիմանալ, որ Թուրքիանՙ թուրքական թեզի հարցում Տեր-Պետրոսյանի հետեւողականությամբ հանդերձ, համառորեն մերժել է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններն ու մերժման համար նրան առաջադրել միջազգային պրակտիկային անհարիր նախապայմաններ: Ընդ որում, դրանցից առաջինը հենց 1915 թ. Հայոց ցեղասպանությունը չհիշատակելն էր, այլ կերպՙ ցեղասպանության հարցը հայ-թուրքական միջպետական հարթություն ինքըՙ Թուրքիան արդեն տեղափոխել էր, բայց ուրացման պայմանով: Ուրեմն, Տեր-Պետրոսյանը Հայոց ցեղասպանության հարցում թուրքական թեզը պաշտպանելիս չգիտեր «կառավարելՙ ասել է կանխատեսել, ծրագրել հարցերը», ոչ էլ հաշվի էր առել «դրանց լուծման քաղաքական հնարավորությունները»: Ինչ վերաբերում է հարցերի հերթականությանը, ասենք, որ Տեր-Պետրոսյանի թուրքական քաղաքականությունը իր դիրքերն առանց հերթականություն խախտելու սպառեց:

Ներկայումս սպառված տերպետրոսյանական քաղաքականության դիրքերից Կտրիճ Սարդարյանը փորձում է ապացուցել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը Հայաստանի քաղաքական հեռանկարի համար անհրաժեշտություն է: Քանի որ այդ հարաբերությունները Թուրքիան է մերժում, ուրեմն Սարդարյանը պետք է փորձի ապացուցել նաեւ թուրքական նախապայմանների ընդունման անհրաժեշտությունը: Նրա վերոհիշյալ փորձը հետեւանք է, դրա պատճառը, ըստ ամենայնի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ԱՄՆ-ի շահախնդիր շահագրգռություններն են:

Հարցը սակայն ԱՄՆ-ն չէ, այլ ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայոց ցեղասպանության հարցի լուծման Սարդարյանի տրամաբանությունն է: Հոդվածում Սարդարյանն ասում է. «Չկա հայ մարդ, որը չի ցանկանում, որ Թուրքիան ընդունի արեւմտահայության 1915 թ. Ցեղասպանությունը»: Նա միաժամանակ տրամաբանական է համարում, որ Մինսկի խումբը կլուծի Ղարաբաղի հարցը:

Ակամա հարց է ծագումՙ ինչպե՞ս: Այդ հարցին Կտրիճ Սարդարյանը դեռեւս 1991-ին էր պատասխանել: Նույն թվականի մարտի 15-ին Գերագույն խորհրդում նա պատգամավորների առջեւ ելույթ էր ունեցել, ընդգծելով. «Պահանջատիրություն ասածը դատարկ բան է այսօր: Դա ձեռնտու է բոլոր այն ուժերին, որոնք դեմ են Հայաստանի անկախությանը»: Իսկ դեկտեմբերին Սարդարյանն ավելացրել էր. «Ե՚վ Հայաստանում, ե՚ւ Ղարաբաղում պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի կազմում»:

Սարդարյանի ընդգծումը նույնպես հետեւանք է, իսկ դա նոր հարց է բարձրացնում, ո՞րն է դրա պատճառը: Դա էլ ամենայն հավանականությամբ «հայ ժողովրդի պաշտպանությունը նրա անպաշտպանվածությամբ պայմանավորելու» ավելի քան տարօրինակ տրամաբանությունն է:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4