«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2001-08-02 | #145, 2001-08-03 | #146, 2001-08-04


ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ. ՈՉՆՉԻՑ ՄԵԾ ԱՂՄՈՒԿ

Այսպես կոչված «Թուրք-հայկական հաշտության հանձնաժողովի» շուրջ զարգացումները հետզհետե ավելի անտրամաբանական են դառնում

Դեռ չի լրացել մեկ ամիսը, այն օրից, երբ հայտնի դարձավ «Թուրք-հայկական հաշտության հանձնաժողով» կոչված մարմնի ստեղծման մասին, սակայն դրան արդեն այնքան հրապարակումներ են նվիրվել, որ զարմանքի է արժանի:

Հրապարակումների ճնշող մեծամասնությունը բացասական է գնահատում այդ հաձնաժողովի բուն գոյությունն իսկ: Սկզբում պախարակում էին փորձագետները, հետոՙ քաղաքական գործիչները, հետոՙ կուսակցությունները: Հետոՙ խորհրդարանական խմբակցությունները մի համատեղ հայտարարություն երկնեցին ինչ-որ «ստվերային գործընթացների» մասին: Հետո... Մի խոսքով, միայն հայաստանյան մամուլումՙ ոչ պակաս, քան հարյուր անդրադարձ:

Ի՞նչ է, Մինսկի խմբի նոր առաջարկությո՞ւն է եղել, սահմանադրության փոփոխությո՞ւն է պատրաստվում, թե՞ էկոլոգիական աղետ է պատահել: Ոչ, ընդամենը հավաքվել են չորս հայ ու վեց թուրք, որոշել են իրենց այսուհետ հորջորջել «Թուրք-հայկական հաշտության հանձնաժողով»: Քանիցս ընդգծվում է, որ նրանք այդ խմբում ներկայացնում են միայն իրենք իրենց, այլ ոչ թե որեւէ պետական կամ հասարակական մարմին (ներառյալ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Դավիթ Հովհաննիսյանը, կասկածելի է, բայց ի՞նչ հիմք կա մարդուն չհավատալու): Այդ խումբ-հանձնաժողովը ոչ մի առաջարկություն չի ներկայացրել, ոչ մի որոշում չի ընդունել: Ու ամենակարեւորը, եթե ընդունի էլՙ ոչ մի հնարավորություն չունի իրագործելու, քանզի (ճիշտ են քննադատողները) գոնե նրա հայ անդամները ամենեւին չեն կարող դասվել Հայաստանի ազդեցիկ գործիչների թվին: Ինչպես ասում են, կրակ դառնանՙ չեն կարող մի խորոմ խոտ վառել: Ու այսքան աղմուկ:

Հայտնի է Հերոստրատոսի պատմությունը, որը որոշեց Եփեսոսի Արտեմիսի մեհյանը հրկիզելով հավերժացնել իր անունը: Կա կարծիք, որ այդ հավերժացմանը մեծապես օգնեց այն, որ Եփեսոսի իշխանավորները հատուկ օրենք ընդունեցինՙ «Հրամայում ենք Հերոստրատոսին մոռանալ»: Եվ այդ օրենքը սերտելով մարդիկ ակամա մտապահեցին այն անունը, որը պարտավոր էին մոռանալ... Արդ, եթե մեկը համարում է, որ այդ հանձնաժողովը հերոստրատոս է (ես այդ կարծիքին չեմ, բայց...), ապա դրա հախից գալու լավագույն ձեւը այդ հանձնաժողով կոչվածն անտեսելն է: Պարզապես մի նկատեք ու վերջ: Այնինչՙ ճիշտ հակառակն է, հետեւեց արձագանքների այսպիսի հեղեղ, որին այս խումբը, հիրավի, ոչ մի առումով արժանի չէր:

Ես կարծում էի, թե այս ամենը սովորական քաղաքական խաղեր են, մասնավորապեսՙ այսպես ասած, քաղաքական խանդի արդյունք (շատ հայտարարություններում պարզ հնչում էրՙ դեմ չենք, որ այսպիսի հանձնաժողով լինի, միայն թե ոչ թե սրանց, այլ մեր մասնակցությամբ): Եվ թերահավատորեն էի ընկալում այնպիսի պնդումները, ինչպես, օրինակ, ՀՌԱԿ-ի ատենապես պ. Ռուբեն Միրզախանյանի կարծիքը, թե այս հանձնաժողովը կարող է, ընդհակառակըՙ ավելի վատացնել հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը: Սակայն Հարութ Սասունյանիՙ «Ազգի» օգոստոսի 2-ի համարում արտատպված հոդվածը ներկայացրեց հիրավի ցնցող նորություններ: Պարզվում է, այս ամենի հետեւանքով արդեն ինչ-որ վնասներ են առաջացել: Պառակտվել են ԱՄՆ-ի երկու հզորագույն հայկական լոբբիստական կազմակերպությունները: Ըստ հոդվածագրի, Ռոբերտ Քոչարյանին սպառնում է Դաշնակցության աջակցությունը կորցնելու վտանգ. եւ այլն:

Այստեղ արդեն հարկ է խոսել մի երեւույթի մասին, որը ներքաղաքական պատճառներով հնարավոր չէ բացատրել, ու ինչպես երեւում է նույն հոդվածիցՙ համահայկական է, այսինքնՙ բնորոշ է մեր ողջ ազգին: Դա մերՙ պառակտվելու եզակի ունակությունն է, այն էլՙ չեղած բանի պատճառով: Չէ՞ որ այս հանձնաժողովն իսկապես չկա, առնվազն քանի դեռ չի փորձել որեւէ իրական գործողություն ձեռնարկել: Այնպես որ, եթե տեղի ունենան պառակտումներ կամ նման այլ տհաճ երեւույթներ, ապա դրանց մեղավորը կլինեն հենց այդ գործերի մասնակցները, բայց ոչ թե այս նորաստեղծ ու արդեն բազմաչարչար, ու ամենայն հավանականությամբ, հեռանկարից զուրկ հանձնաժողովը:

Իրոք, Ալեքսանդր Արզումանյանը (խմբի ամենից շատ քննադատվող անդամը) կամ էլ ամբողջ հանձնաժողովը ի՞նչ մեղավոր են, որ Հայ դատի հանձնախումբը եւ Ամերիկայի հայկական համագումարը պառակտվում են: Թո՚ղ չպառակտվեն, եթե իրենց ընդհանուր նպատակներն ավելի կարեւոր են համարում, քան ինչ-որ մի օրապակաս հանձնաժողովի շուրջ բանավեճը: Նույնիսկ թող որ ԱՀՀ-ի ղեկավարներից մեկը այդ հանձնաժողովի անդամ լինի:

Եվ ընդհանրապես: Հետո՞ ինչ, թե թուրքերը հույս են հայտնում, որ այս հանձնաժողովը կարող է օգնել շրջանցելու Ցեղասպանության հարցը: Թույլ մի տվեք շրջանցել, եթե փորձ անի: Հետո՞ ինչ, թե ԱՄՆ-ի պետդեպարտամենտը շահագրգռված է այս հանձնաժողովով (այնպես են վրդովվել, կարծես թե շատ անսպասելի մի բան էր դա): Առաջին օ՞րն է, ինչ ԱՄՆ-ը մեր ռեգիոնում է: Դաշնակները կլքե՞ն Քոչարյանին: Ուրեմն մտքներում դա է, հանձնաժողովը կարող է միայն պատրվակ լինել: Ասում եք, լավը չէ՞ այս հանձնաժողովի անդամների ընտրությունը: Ստեղծեք մեկ ուրիշը, եթե իրոք ուզում եք, որ հարաբերությունները Թուրքիայի հետ բարելավվեն:

Եթե մեկը հունվարին մրսում է, ապա դրա համար ձմեռվա ցուրտը հայհոյելը արդյունավետ չէ: Ապաշնորհության համար կարելի է մեղադրել կամ իրենՙ այդ մարդուն, կամ երկրի կառավարությանը. միայն նրանք են պատասխանատու, որ մարդու կացարանը տաք լինի:

Ու ցավոք, եզրակացնում եմ, որ կարող է արդարանալ նաեւ հարգելի պ. Միրզախանյանի կանխատեսումը հայ-թուրքական հարաբերությունների վատթարացման մասին: Միայն մի ճշտմամբՙ դրա մեղավորը այս խղճուկ հանձնաժողովը չի լինի, այլ նրանք, ովքեր Հայաստանի քաղաքականության վրա ազդելու իրական հնարավորություն ունեն: Իսկ այդ անձինք հաճախ ցուցադրում են եզակի ունակությունՙ ամեն ինչից (այդ թվում այս կարգի հանձնաժողովներից) ոչ թե օգուտ, այլ վնաս քաղելու:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4