Վերոհիշյալ վերնագրով «Վաշինգտոն թայմս» թերթի հուլիսի 21-ի համարի «Նամակներ խմբագրին» բաժնում տպագրվել է Գլենդեյլի համայնքային քոլեջի պատմության դասախոս, հայտնի հրապարակախոս Լեւոն Մարաշլյանի նամակը, որը հեղինակն անձամբ տրամադրեց մեզՙ այցելելով խմբագրություն: Ստորեւ ներկայացնում ենք նամակը թարգմանաբար:
Շատ տեղին էր, որ դուք հարցական նշան եք դրել հուլիսի 17-ի ձեր «Հայ-թուրքական հաշտեցո՞ւմ» խմբագրականի վերնագրում: Ճիշտ եք նկատել, որ «հաշտեցում տանող ճանապարհին առանցքային քայլ» պետք է լիներ «այն ամենի ճշմարտացի ներկայացումը, ինչը կատարվել էր հայերի դեմ օսմանյան իշխանության ներքո», սակայն ամենեւին էլ դա չէ նորաստեղծ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի արտահայտած մտադրությունը:
Հանձնաժողովի թուրք անդամներից մեկը վերջերս մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ «մտադրությունը ճշմարտության հայտնաբերումը չէ, այլ ապագայի համար նոր հորիզոնների բացումը եւ փոխադարձ հասկացողության գալու խթանումը»: Դժբախտաբար, նման մոտեցումն անտեսում է այն իրականությունը, որ «ճշմարտությունն» ու նրա հետեւանքներն ուղղակիորեն կապված են «նոր հորիզոններ բացելու» Հայաստանի կարողությունների հետ: Հայաստանը փոքրիկ, չորս կողմից ցամաքով շրջապատված եւ սահմանափակ ռեսուրսներով մի երկիր է դարձել այսօրՙ հիմնականում 1915-1923 թթ. 2 մլն օսմանյան հայերի դեմ իրագործված ցեղասպանական կոտորածի, էթնիկ զտման եւ նրանց ունեցվածքի հափշտակման հետեւանքով:
Իհարկե, երկխոսությունն ընդհանրապես դրական երեւույթ է եւ հաշտեցումն էլ, անշուշտ, անհրաժեշտ է: Սակայն հանձնաժողովի կազմն ու նրան տրված մանդատը շատ հայերի մեջ առաջացնում են լուրջ կասկածներ: Եթե հաշտեցումը չի հիմնվում պատմության փաստերի եւ արդարության սկզբունքների վրա, ապա կարող է Հայաստանին դատապարտել հարատեւ աղքատության եւ գոյությանը սպառնացող անապահովության: