«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2001-08-02 | #145, 2001-08-03 | #146, 2001-08-04


ԱՆՍՈՎՈՐ ՕՐ ՎԱՐԴԱՇԵՆՈՒՄ

Վարդաշենի հատուկ կրթահամալիրում երեկ անսովոր օր էր. հյուրեր կային: Եվ հյուրերը դատարկաձեռն չէին եկել:

HSBC բանկ Հայաստան փակ բաժնետիրական ընկերության ղեկավարըՙ գլխավոր գործադիր տնօրեն Չարլզ Բ Գրեգրին տիկնոջ եւ դստեր հետ այցելեց այս հաստատություն, ուր սովորում եւ ապրում են 93 երեխաներ, որոնց մի մասը երկկողմանի կամ միակողմանի ծնողազուրկ են: Ծնողական խնամքի կարոտ այս երեխաների համար բանկի նվերները (արհեստագործական արհեստանոցի անհրաժեշտ պիտույքներ) անչափ անհրաժեշտ են մասնագիտանալու ճանապարհը բռնած երեխաների համար: «Բժիշկներ առանց սահմանի» ֆրանսիական կազմակերպությունը, որը երկար ժամանակ հովանավորում է այս հաստատությանը, ծրագրեր ներկայացրեց HSBC բանկին, որն ուսումնասիրելուց հետո բանկի ղեկավարությունը որոշեց օգնության ձեռք մեկնել:

- Մեծ Բրիտանիայում մեր HSBC կազմակերպությունը մեծապես ներգրավված է բարեգործական աշխատանքներում, «Ազգի» թղթակցին ասաց գլխավոր գործադիր տնօրենը: Ես անչափ մեծ պատասխանատվություն եմ զգում նաեւ հիմա, երբ այդպիսի ակցիայի եմ մասնակցում նաեւ Հայաստանում: Քանի դեռ Հայաստանում հովանավորության կարիքը զգացվում է, մենք պարտավոր ենք մարդասիրական մեր պարտքը կատարել:

Կրթահամալիրի տնօրենի, մանկավարժների, հատկապես երեխաների համար իսկապես հիշարժան օր էր: Ինչպես հավաստեցին HSBC բանկ Հայաստան ՓԲԸ ղեկավարները, հովանավորչական աշխատանքները շարունակվելու են:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4