«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2001-08-03 | #146, 2001-08-04 | #147, 2001-08-21


ՀՌԱԿ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՀԱՓԱՌԻՆ

Ամենայն հայոց հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ կաթողիկոս Մայր աթոռ Սբ. Էջմիածին

Վեհափառ Տեր,

Այսօր լրանում է Ձերդ Սրբության ծննդյան հիսնամյակը: Հիսուն տարի, որի ողջ գիտակցական մասը եղել է նվիրում եւ ծառայություն Հայ առաքելական եկեղեցուն ու Մայր աթոռ Սբ. Էջմիածնին, նախ որպես հոգեւոր ճեմարանի սան, ապա սարկավագ, աբեղա, վարդապետ ու եպիսկոպոս Դուք հավատքով ու հավատարմությամբ բոլորանվեր Ձեր ծառայությունն եք բերել Հայ եկեղեցու պայծառացման գործին, նպաստել եւ հաճախ անձամբ նախաձեռնել Հայաստանում հոգեւոր զարթոնքը խթանող աշխատանքներ: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի պաշտոնում ավելի քան 15 տարվա Ձեր ծառայությունները թեմական ու հոգեւոր ոլորտներում եղել են նշանակալից ներդրում ազգային-եկեղեցական մեր կյանքում, ոչ միայն եկեղեցաշինության եւ եկեղեցանորոգման ասպարեզում, այլեւ մեր ժողովրդի հոգեւոր վերազարթոնքը, հատկապես Հայաստանի անկախացումից հետո, ապահովելու գործում, որի բազմանշանակ ապացույցներից է Վազգենյան հոգեւոր դպրանոցի հիմնումը, Հայորդաց տների ստեղծումն ու մատակարարումը, հոգեւոր քարոզչության կենտրոնների հիմնումը, հրատարակությունների եւ քարոզչական արդիական միջոցների ապահովումը:

Ընդամենը հազիվ երկու տարի առաջ արժանավորապես բազմելով Լուսավորչի սուրբ գահին, Դուքՙ Վեհափառ տեր, աննախընթաց կորովով շարունակել եք Ձեր եկեղեցաշինական գործունեությունը, եւ այսօր կարելի է Ձեզ իրավամբ կոչել Գարեգին Շինարար կաթողիկոս:

Ավելին, ստանձնելով Հայ առաքելական եկեղեցու գերագույն սպասավորի ծանրագույն պարտականությունն ու պարտավորությունները, Ձերդ Սրբությունը 1700-ամյակի այս սրբազան դարադարձին իր առաջ նպատակ է դրել լուծելու պատմական մի շարք առաջադրանքներՙ Հայ եկեղեցու միջազգային հեղինակության հաստատում, հայ ժողովրդի ազգային-հոգեւոր ներուժի մեկտեղում, նվիրապետական կանոնական եւ ավանդական հարաբերությունների վերահաստատում, թեմական ու ծիսական կյանքի կանոնակարգում, եւ ամենակարեւորըՙ Հայաստանի պետական իշխանությունների հետ ի խնդիր երկրի բարգավաճմանն ու հզորացմանը կարողությունների եւ ջանքերի համակարգում: Պատմական առաջադրանքներ, որոնց իրականացմանը նպաստելու կապակցությամբ մեկ անգամ չէ, որ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը տվել է իր հավաստիացումները:

Վեհափառ Տեր, Ձեզ, Հայ եկեղեցուն եւ համայն հայությանը շնորհավորելով Ձեր ծննդյան 50-ամյակի առիթով, հանուն Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության մաղթում ենք առողջություն եւ հետագա աշխատանքների առավել արդյունավորում:

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4