ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 19-ին, կյանքի 77-րդ տարում, Երեւանում վախճանվեց հայ երգի նշանավոր վարպետ, հանրապետության ժողովրդական արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Հովհաննես Բադալյանը:
Հովհաննես Համբարձումի Բադալյանը ծնվել է 1924 թվականին Իրանի Շավարին գյուղում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ներգաղթել է Խորհրդային Հայաստան եւ ավելի քան կես դար ազնվորեն ծառայել հայ երգին:
Աշխարհում չկա մի հայ գաղթօջախ, Հայաստանում չկա մի գյուղ, մի քաղաք, որտեղ ունկնդիրը շփված չլինի նրա կատարողական բարձր վարպետության հետ: Ճանաչված արտիստը նաեւ հիանալի մանկավարժ էր, երգիչների մի քանի սերունդներ է դաստիարակել կոնսերվատորիայում:
1954 թվականից Հովհաննես Բադալյանը Հայաստանի ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի մենակատարն էր: