«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2001-08-03 | #146, 2001-08-04 | #147, 2001-08-21


Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ԺԽՏԵՑ, ԹԵ ՅՈՒ. ԲԱԽՇՅԱՆԻՆ ՈՒ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍՊԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿ Է ՈՒՆԵՑԵԼ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ընթացող հոկտեմբերի 27-ի քր. գործի դատաքննության այսօրվա նիստում ամբաստանյալ Նաիրի Հունանյանը պատասխանեց տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Էդուարդ Աղաջանյանի հարցերին: Դրանք առնչվում էին սպանված ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանին ու օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին:

Ի դեպ, նիստին այսօր ներկայացել էր Արամ Սարգսյանի կողմից հրավիրված ռուս հոգեբան Նադեժդա Տարաբլինան, որը դատքննությանը ներգրավվել էր անցյալ ամսվա սկզբին, հանդիպել ու զրուցել Ն. Հունանյանի հետ:

Ամբաստանյալը նշեց, որ Յու. Բախշյանի հետ ծանոթացել է 1988թ., ունեցել նորմալ հարաբերություններ: Հետագայում իմանալով, որ Բախշյանը միացել է Լ. Տեր-Պետրոսյանի իշխանությանը, ամբաստանյալն իր վերաբերմունքը փոխել է նրա նկատմամբ: Հարցին, ին՞չ նպատակով է ամբաստանյալը նախաքննությունից թաքցրել Բախշյանի հետ ծանոթ լինելու հանգամանքը, ոճրագործն ասաց. «Հավանաբար կոնկրետ հարց չեն տվել, չնայած քննիչներին 100-ավոր անգամ ասել եմ»:

Սպանված ԱԺ փոխխոսնակի այրինՙ Անահիտ Բախշյանը, կասկած հայտնելով ամբաստանյալի ասածին, թե ճանաչել է Յ. Բախշյանին, հարց ուղղեց Հունանյանինՙ ո՞վ կարող է հաստատել, որ ծանոթ եք եղել Բախշյանի հետ: Ոճրագործը նշեց Էդիկ Գրիգորյանի եւ քաղխորհրդում դաշնակացության ներկայացուցիչ Վազգեն Պետրոսյանի անունները:

Ն. Հունանյանի խոսքերով, ինքը Բախշյանին վերջին անգամ հանդիպել է 1999 սեպտեմբերի 11-ին կամ 13-ին, երբ Է. Գրիգորյանի հետ գնացել էր ԱԺ տարածքը ուսումնասիրելու: Դեպքի օրը ինքը Է. Գրիգորյանից է իմացել, որ Բախշյանն էլ է զոհվել, եւ կրակելուց չի տեսել, թե ում վրա է կրակում: Ոճրագործը նշեց, որ Յու. Բախշյանի սպանությունն իր ծրագրի մեջ չէր մտնում, քանի որ չէր կարող իրեն խանգարել:

Ըստ ամբաստանյալի, Է. Գրիգորյանի եղբայրը եւ Յու. Բախշյանի փեսան ընկերներն են եղել, իսկ իր եղբայրըՙ Կ. Հունանյանն ու Յու. Բախշյանի դուստրը սովորել են նույն դասարանում:

Ոճրագործը խոսեց նաեւ 1995թ. Օդեսայի հայկական եկեղեցու բացման ժամանակ իր եւ Յու. Բախշյանի հանդիպման մասին: Փաստաբան Է. Աղաջանյանն այս առնչությամբ միջնորդեց դատարանում ցուցադրել Յու. Բախշյանի արխիվում պահպանված այս տեսագրությունը եւ հարցադրումներ ներկայացնել ամբաստանյալին:

Դատավորը հայտնեց, որ միջնորդության քննարկման համար հաջորդ նիստին կներկայացվեն մյուս ամբաստանյալները:

Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը հայտարարեց, թե հաջորդ նիստին ցանկանում է հանդես գալ երկու միջնորդությամբ եւ խնդրեց դատարան ներկայացնել բացակա ամբաստանյալներին: Փաստաբանի միջնորդություններից մեկը վերաբերում էր ռուս հոգեբան, մասնագետ Նադեժդա Տարաբլինայի կողմից կազմված հոգեբանական եզրակացության հրապարակմանը, մյուսըՙ իրեն լրացուցիչ ապացույցներ հավաքելու հնարավորություն ընձեռելուն:

Դատավոր Սամվել Ուզունյանը նշեց, որ եզրակացություն տալիս է միայն փորձագետը, իսկ Ն. Տարաբլինան ներգրավված է որպես մասնագետ: Ի դեպ, տնկ. Տարաբլինան դրական պատասխանեց դատավորի հարցին, թե պատրաստվում է դադարեցնել իր հետագա մասնակցությունը դատաքննությանը:

Խոսելով Լ. Պետրոսյանի մասին, գլխավոր ամբաստանյալը նշեց, թե վերջինիս ճանաչել է 1988 թ.-ից ու հանդիպել 3-4 անգամ: Ըստ նրա, ինքը չի իմացել, որ Լ. Պետրոսյանը ոճրագործության օրը գտնվել է դահլիճում եւ նրան սպանելու մտադրություն չի ունեցել:

Դատաքննությունը կշարունակվի օգոստոսի 22-ին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4