«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2001-08-03 | #146, 2001-08-04 | #147, 2001-08-21


23 ՆՈՐԱԳԻՐՆԵՐ ՄԻԱՑԱՆ ՀՌԱԿ ՇԱՐՔԵՐԻՆ

Օգոստոսի 16-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ ՀՌԱԿ նորագիր անդամների երդմնարարության արարողություն: Այդ օրը կուսակցության շարքերը ընդունվեցին հանրապետության 23 քաղաքացիներ: Եվս 10 հոգու հանձնվեցին կուսակցական տոմսեր:

Երդմնառության արարողությանը մասնակցում էին Երեւանի «Այգեստան», «Մետաքս» ակումբների ապագա անդամները, Արարատի մարզից եւ Արթիկ քաղաքից նորագիրներ:

Մինչ բուն արարողությանն անցնելը, նորագիր անդամներին դիմեցին ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, փոխատենապետ Հարություն Առաքելյանը, Հանրապետական վարչության անդամ Ռոբերտ Մավիսակալյանը:

Կուսակցության ատենապետը նշեց, որ ՀՌԱԿ-ը, որը ժառանգորդն է Ռամկավար Ազատական կուսակցության, ունի հարուստ քաղաքական պատմություն: Գործունեության տարիներին հավատարիմ մնալով իր կարեւորագույն սկզբունքներին, կազմակերպությունը որեւէ անգամ չի շեղվել եւ չի դավաճանել ազատականության ու ժողովրդավարության գաղափարախոսությանը: Տնտեսության զարգացման նախապայմանը, ըստ Ռուբեն Միրզախանյանի, ներդրումների առկայությունն է, որոնց ապահովումն իր հերթին հնարավոր է երկրի ներքաղաքական կայունության դեպքում: Ընկեր Միրզախանյանը կարեւորեց կուսակցության մասնակցությունն առաջիկա ընտրություններինՙ մասնավորապես տեղական կառավարման մարմինների:

Այնուհետեւ կուսակցության դրոշի առջեւ նորագիրների ուխտը ընդունեցին «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը եւ ՀՎ անդամ Ռոբերտ Մավիսակալյանը: Շնորհավորելով նորագիրներին ՀՌԱԿ շարքերն ընդունվելու կապակցությամբ, Հակոբ Ավետիքյանն ասաց, որ շատ պատասխանատու եւ ինչ-որ առումով դժվար է լինել ռամկավար: Լինել այնքան ազատ, որ չսահմանափակել ուրիշի ազատությունը եւ լինել այնքան ողջամիտ, որ ուրիշների տնտեսության հզորացման մեջ տեսնել սեփական բարեկեցությունը: Հակոբ Ավետիքյանը նշեց, որ ռամկավար-ազատականությունն է երկրի ու պետության զարգացման ճիշտ ուղին, ժողովրդի բարեկեցության ճշմարիտ գրավականը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4