Կամ հայերս հանգստանում ենք մեզ հատուկ անմիջականությամբ
«Ազգ»-ի երկշաբաթյա արձակուրդն արդեն ավարտվեց, բայց հայոց ամառային հանգիստը դեռ շարունակվում է: Մեզանում հանգստի ամենատարածված ձեւերից են մեկօրյա պիկնիկները, որոնք ձգվում են ոչ միայն Սեւանի ափերով, այլեւ Ապարանով, Լոռիով, Ծաղկաձորով եւ ամենուր, ուր կարելի է գտնել հայաստանյան հասկացությամբ վայրի բնություն: Այդ պիկնիկների աշխարհագրությունը կազմող վայրերն ընդհանուր մի յուրահատկություն ունեն: Երբ մեքենայով ընթանում ես ճանապարհով, փորձելով կանգառի ու հանգստի մի տեղ գտնել, թվում է, թե աղբանոցների անվերջանալի շարանի ես հետեւում: Պատկերներն ամենուր կրկնում են իրարՙ ուտելիքի մնացորդների կույտեր, պոլիէթիլենային տոպրակներ, որոնք, ի դեպ, խիստ վտանգավոր են, քանի որ ինքնուրույն չեն լուծվում ու նրանց ոչնչացման միակ եղանակն այրումն է, եւ կոտրված շշեր:
Հատկապես ինչպե՞ս եւ ինչո՞ւ են խնջույքների ավարտին կոտրվում շշերըՙ տրամաբանությունը պատասխանել չի կարող: Սակայն կարեւորն այն է, որ այլեւս այդ վայրերում հանգստանալ չես կարող ոչ միայն էսթետիկայի տեսանկյունից, այլեւ քայլելու վտանգավորության:
Իսկ Հայաստանը, չնայած դարձել է արդեն Եվրոպայի խորհրդի անդամՙ մտնելով քաղաքակիրթ աշխարհի ընտանիք, այդ փաստով ցավոք չի ընդարձակել իր սահմաններն այնքան, որ յուրաքանչյուր ոք կամ ընտանիք նախորդի աղբը մաքրելու փոխարեն ունենա իր հանգստյան գոտին (կարդաՙ աղբանոցը): Ու եթե յուրաքանչյուրին անձնական կիրառման հանգստի գոտի հատկացնելն անհեթեթություն է, ապա այն, որ հանգստացող մեր հայրենակիցներն իրենցից հետո չեն թողնի աղբակույտներ, կրկնակի աներեւակայելի է, քանզի նույն վիճակն էր անցյալ տարի եւ նախորդ բոլոր ամառներին:
Հետաքրքրական էՙ մեր հանգստացողները հեռանալիս, իրենց աղբին վերջին հայացք նետելով, չե՞ն մտածում, որ հիմա հանգստացան իրենց վաղվա հանգստի հաշվին:
Իսկ գուցե նրանք չե՞ն նկատում աղտեղությունը:
Լ. Գ.