«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2001-08-03 | #146, 2001-08-04 | #147, 2001-08-21


«ԱՄՆ-Ը ԿԱՋԱԿՑԻ ԻՍՐԱՅԵԼ- ԹՈՒՐՔԻԱ-ԿՈՎԿԱՍ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՌԱՆՑՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ»

Վաշինգտոնի «Heritage» («Ժառանգություն») հիմնադրամի առաջատար փորձագետ, ԱՄՆ-ում ազդեցիկ քաղաքագետ Արիել Քոհենը Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում անհրաժեշտ է համարել 907 բանաձեւի վերացումը, որի դեպքում ԱՄՆ կառավարությունը հնարավորություն կստանա ուղղակի օգնություն ցույց տալ Ադրբեջանին: «Ռուսաստանը գիտակցում է, որ իր շահերից է բխում Կովկասում վարել եռանդուն քաղաքականություն, այդ նպատակով ձեռնարկում է Բաքվի հետ մերձեցման քայլեր: Ռուսաստանը Կովկասում Իրանի ազդեցությունը սահմանափակող գործոն է, հանգամանք, որը բխում է ԱՄՆ շահերից: Տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության առաջնահերթությունը Սադդամ Հուսեյնի դեմ պայքարն է, եւ եթե Թեհրանը դրսեւորի դիվանագիտական կեցվածք, որդեգրի խոհեմ քաղաքականություն, ապա Իրանի նկատմամբ չարժե ուժ գործադրել», ասել է Հանրապետական կուսակցության շրջանակների վրա հատուկ ազդեցություն ունեցող Քոհենը:

Ինչպես նշում է թուրքական մամուլը, վերջերս Անկարա ժամանած Իսրայելի վարչապետ Արիել Շարոնը Թուրքիայի իշխանություններին առաջարկել է համատեղ ռազմական օգնություն ցույց տալ Ադրբեջանինՙ Իրանի դեմ վերջինիս պայքարում: Պատասխանելով «Էխոյի» հարցին, թե Իսրայելը կարո՞ղ է մասնակցել Ադրբեջան-Իրան հակամարտությանը, Քոհենն ասել է. «Իսրայելի համար բավարար են ահաբեկչական Պաղեստինյան ինքնավարության հետ առկա խնդիրները: Միեւնույն ժամանակ Իրանը լուրջ վտանգ է Իսրայելի անվտանգությանը: Թուրք-իսրայելյան ռազմական համագործակցությունը չափազանց կարեւոր է Կովկասի համար: Եթե ձեւավորվի Իսրայել-Թուրքիա-Կովկաս ռազմական առանցքը, ապա այն կստանա ԱՄՆ-ի աջակցությունը: Միեւնույն ժամանակ, նման նախագծի իրականացումը հավանական չի թվում»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4