Նման եզրահանգման է եկել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն
1998 թ. օգոստոսի 7-ին, 10 րոպեի տարբերությամբ, ահաբեկչական գործողություններ իրականացվեցին Քենիայում եւ Տանզանիայում ԱՄՆ դեսպանատների դեմ, զոհվեցին 250 եւ վնասվածքներ ստացան ավելի քան 5000 մարդ: Նայրոբիի եւ Դար Էս Սալամի ահաբեկչության կազմակերպիչները եւ իրականացնողները հայտնի ենՙ միջազգային ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի զինակիցները: Այս տարվա փետրվարին սկսվեցին երկու ահաբեկչությունների գործով դատական նիստերը: Մեղադրյալների աթոռին են մի քանի մարդ, այդ թվումՙ Մեծ Բրիտանիայում ծնված, մեծացած, Սաուդյան Արաբիայի հպատակ Մոհամեդ Ռաշեդ Դաուդ էլ Օվհալին:
Ահաբեկչությունից երեք տարի անց, ինչպես նշում է Բաքվում լույս տեսնող «Էխո» թերթը, հանկարծ հետաքննության նյութերում խոսք է բացվել Ադրբեջանի մասին, ավելինՙ Նայրոբիի դեսպանատան նկատմամբ ահաբեկչական գործողությունն անմիջականորեն ղեկավարվել է Բաքվից: Քենիայում լույս տեսնող անգլիատառ «The Nation» թերթն օրերս հրապարակեց լրագրող Պոլ Ռեդֆերնի հոդվածը. վերջինս հղումներ է կատարել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նյութերին:
ՀԴԲ հրապարակած հաշվետվությունից պարզվում է, որ Նայրոբիում ԱՄՆ դեսպանատան դեմ ձեռնարկված ահաբեկչությունը կարող էր ավելի մեծ զոհեր խլել, ավերածությունների պատճառ դառնալ, եթե չլինեին ահաբեկիչ-մահապարտ Օվհալիի սխալները: Նախատեսված է եղել ռումբը տեղադրել դեսպանատան ստորերկրյա ավտոկանգառում: Այդ նպատակով Օվհալին պետք է չեզոքացներ պահակախմբին, մինչդեռ մոտենալով դեսպանատան դարպասին, նա հիշում է, որ ատրճանակը մոռացել է բեռնատարի մեջ: Փոքր վնասվածքներ ստացած Օվհալին չգիտեր ինչ անել. չէ՞ որ ըստ ծրագրի նա պետք է սպանվեր: Ահաբեկչությունից մի քանի ժամ առաջ նա զանգահարել էր Սաուդյան Արաբիա, հրաժեշտ տվել ծնողներին, ապա Եմենՙ իր ընկերոջը: Օվհալին չէր կողմնորոշվումՙ ի՞նչ անել: Ահաբեկիչը որոշում է վերադառնալ «Ռամադա» հյուրանոց, ուր նա իջեւանել էր Նայրոբի նախորդ այցի օրըՙ օգոստոսի 2-ին: «Ռամադայում» Օվհալին թույլ է տալիս երկրորդ սխալը, ինչը եւ հնարավորություն տվեց հատուկ ծառայություններինՙ որսալու ահաբեկչի հետքը: Օվհալին հյուրանոցի կառավարչին ասում է, որ դեսպանատան պայթեցումից է վնասվել, ապա նրանից խնդրում է մի քիչ փող եւ հագուստ: Հյուրանոցից Օվհալին կրկին զանգահարում է Եմեն եւ ընկերոջը խնդրում. «Նրանց տեղեկացրու, որ ես չեմ մեռել»:
Նայրոբիի ահաբեկչությունից հետո գտնված հետքը, որ տարավ դեպի Օվհալին, եղավ Լոնդոնի ոչ մեծ մի խանութ ուղարկված հեռախոսագիրը: «Խաղողի որթ» անունով խանութ հեռախոսագրված արաբերենով ուղերձում, ահաբեկչությունից մեկ ժամ առաջ, անանուն ահաբեկիչներն իրենց վրա վերցրին ահաբեկչության պատասխանատվությունը, նշելով, թե ինչ պատճառներ են նրանց դրդել նման արյունալի գործողությունների: Ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալներով, Լոնդոնի «Խաղողի որթ» խանութ հեռախոսագիրն ուղարկվել է Ադրբեջանի մայրաքաղաքից, ինչը հաստատվում է հեռախոսագրի համարից: Սա դեռ բոլորը չէ. հենց Բաքվի հեռախոսից են զանգահարել Եմենում գտնվող Օվհալիի ընկերոջը, Նայրոբիի «Ռամադա» հյանուրանոց, որտեղ իջեւանում էին «Թալիբանի» ահաբեկիչները, վերջիններս էլ իրենց ահաբեկիչ-մահապարտ ընկերների հետ Նայրոբիից կապվել են Բաքվի համարով:
Քենիայի եւ Տանզանիայի ամերիկյան դեսպանատների պայթեցումից հինգ օր հետո Օվհալին ձերբակալվեց, նրա նկարը տպագրվեց աշխարհի, այդ թվում Բաքվի թերթերում: Այդ օրերին լուրեր տարածվեցին, թե Բաքվում ԱՄՆ դեսպանատան դեմ նախապատրաստվում է ահաբեկչական գործողություն. Վաշինգտոնի կառավարությունն իր երկրի քաղաքացիներին, որոնք գտնվում էին Ադրբեջանում, զգուշացրեց հնարավոր սպառնալիքների մասին: