Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում օգոստոսի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ Երկրորդ համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Այն սկսվեց մարզական շքերթով, որը գլխավորելու պատիվը տրվել էր միջազգային մրցասպարեզներում հայկական սպորտը փառաբանած անցյալի եւ ներկայի մեր հռչակավոր մարզիկներին: Նրանց թվում էին Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ Ալբերտ Ազարյանը, Օգսեն Միրզոյանը, Վարդան Միլիտոսյանը, Հրաչյա Պետիկյանը, Նորայր Մուշեղյանը, Նշան Մունչյանը եւ այլ նշանավոր մարզիկներ: Այնուհետեւ սկսվեց խաղերի մասնակից մարզական պատվիրակությունների մուտքը մարզադաշտ: Տրիբունաներում հավաքված հանդիսականները մեծ ոգեւորությամբ ու ծափահարություններով էին ողջունում խաղերի մասնակիցներին: Շքերթը եզրափակեց 217 հոգուց բաղկացած Երեւանի մարզական պատվիրակությունը, որը մասնակցելու է խաղերի ծրագրով նախատեսված բոլոր 9 մարզաձեւերից անցկացվող մրցումներին:
Մարզադաշտում գտնվողներին օրհնանքի իր խոսքը հղեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Այնուհետեւ մարզադաշտ բերվեց Երկրորդ համահայկական խաղերի դրոշը, հնչեց Համահայկական խաղերի օրհներգը, տեղի ունեցան մրցավարների եւ մարզիկների երդման արարողությունները: Մրցավարների անունից երդման տեքստը կարդաց վոլեյբոլի մրցումների մրցավար Ալբերտ Կարապետյանը, մարզիկներիցՙ թենիսիստուհի Հերմինե Սուքիասյանը:
Եվ ահա հանդիսավոր պահը. մոտոցիկլիստների ուղեկցությամբ մարզադաշտ է բերվում Գառնիի հեթանոսական տաճարում վառված ջահը, որը Երեւան էր հասել 50 մարզիկների փոխանցումավազքով: Ջահը հանձնվում է Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Օգսեն Միրզոյանին, որն էլ վառում է Երկրորդ համահայկական խաղերի կրակը:
Խոսքը տրվում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին.
Հարգելի հայրենակիցներ, հարգարժան հյուրեր: Ջերմորեն ողջունում եմ Երկրորդ համահայկական խաղերի մասնակիցներին եւ հյուրերին: Համահայկական խաղերը մեր ժողովրդի կյանքում արդեն գրավել են իրենց հատուկ տեղըՙ դառնալով ազգային միասնության ինքնատիպ գործոն: Դրա վառ արտահայտությունն են խաղերի աշխարհագրական լայն ընդգրկումը եւ մասնակիցների թիվը: Հատկանշական է, որ Համահայկական խաղերն արդեն ձեւավորում են իրենց ավանդույթները եւ նորաստեղծ պատմությունը: Համոզված եմ, որ հայրենիքի միավորող ոգին եւ մարզական արդար մրցակցությունը նոր ու հզոր լիցքեր են հաղորդելու բոլորին եւ հատկապեսՙ երիտասարդությանը: Մաղթում եմ մարզական հաջողություններ, մարտական տրամադրություն եւ հաղթական ոգի: Այսօրՙ 2001 թ. օգոստոսի 18-ին, Երկրորդ համահայկական խաղերը հայտարարում եմ բացված:
Այնուհետեւ սկսվեց թատերականացված ներկայացում աստվածաշնչյան մոտիվներովՙ Նոյյան տապանից մինչեւ քրիստոնեությունը Հայաստանում ընդունելու պատմական դրվագների ցուցադրումով: Հանդիսությունը շարունակվեց մինչեւ ուշ երեկո, որի ընթացքում ցուցադրական ելույթներով հանդես եկան տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչներ, իրենց կատարումները ցուցադրեցին պարային տարբեր համույթներ, իսկ վերջում տրվեց ճոխ հրավառություն: