Համահայկական խաղերի առաջին մեդալները խաղարկեցին թեթեւ ատլետները: Արտաշատի քաղաքային մարզադաշտում մրցումների առաջին օրը խաղարկվեց մեդալների 8 հավաքածու, գրանցվեցին մի քանի ռեկորդներ:
Գնդի հրման հատվածում երեւանցի Արամ Սահակյանը 14 մ 3 սմ արդյունքով դարձավ հաղթողՙ 33 սմ-ով գերազանցելով Համահայկական խաղերի նախկին ռեկորդը: Կանանց մրցապայքարում եւս գրանցվեց նոր ռեկորդ, որի հեղինակն Արամի մայրն էրՙ Տատյանա Պողոսյանը (12 մ 14 սմ):
Կանանց 3000 մ մրցավազքում վնասվածքի պատճառով մրցատարածությունից դուրս մնաց հաղթողի գլխավոր հավակնորդ վանաձորցի Աննա Նասիլյանը: Չեմպիոնուհու կոչումը նվաճեց նրա թիմակցուհի Մերի Զավարյանը: Երեւանցի Անահիտ Ավագյանն ու ստեփանակերտցի Նուբար Համբարձումյանը դարձան 2-րդ եւ 3-րդ մրցանակակիր:
Վանաձորցիներին եւս մեկ ոսկե մեդալ պարգեւեց կանանց 100 մ վազքում առաջինը վերջնագիծը հատած Մարինե Ղազարյանը: Տղամարդկանց մրցավեճում կապանցի Մերուժան Սարգսյանն ընդամենը 0,1 վրկ-ով գերազանցեց գյումրեցի Արտաշես Սիմոնյանին եւ կանգնեց պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին:
Տղամարդկանց 1500 մ վազքում մեկնարկի էին դուրս եկել այս մրցաշրջանում Հայաստանի ուժեղագույն վազորդներ երեւանցի Ռոբերտ Միկոյանն ու մասիսցի Արմեն Ասրյանը: Ռոբերտը հենց սկզբից գլխավորեց մրցավազքը եւ մինչեւ վերջնագիծ պահպանեց առաջատարի իր դիրքը: Կանանց 400 մ վազքում հաղթող ճանաչվեց Ռոբերտի քույրըՙ Քրիստինե Միկոյանը: