Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի «Հայաստանի ժառանգություն» դաշնակահարների համահայկական միջազգային մրցույթը, որը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 2-ը:
Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության պետական ծրագրի շրջանակում անցկացվող այս բացառիկ մրցույթի նպատակն է բացահայտել թե՚ Հայաստանի եւ թե՚ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող երիտասարդ հայազգի օժտված, տաղանդավոր դաշնակահարներին:
Մրցույթն անց է կացվում տարիքային երեք կատեգորիաներումՙ A- մինչեւ 13 տարեկան, B- մինչեւ 18 տարեկան, C- մինչեւ 30 տարեկան, ընդգրկելով դաշնակահարների բոլոր սերունդները:
Մրցույթի կազմակերպիչներն են «Քրիստոնյա Հայաստան-1700» հիմնադրամը, «ԿԱԴԱՆՍ» կամերային երաժշտության կենտրոնըՙ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության ու Երեւանի պետական կոնսերվատորիայի հետ համատեղ:
Ժյուրիի կազմում ընդգրկված միջազգային ճանաչում եւ համբավ ունեցող դաշնակահարներ Անահիտ Բոգդանյանը (Հայաստան), Բերնդ Գեցկեն (Գերմանիա), Ավո Գույումջյանը (Ավստրիա), Աննա Մալիկովան (Ռուսաստան), Փոլ Փոլայը (ԱՄՆ), Իգոր Յավրյանը (Հայաստան) եւ ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանը (Հայաստան) մրցույթի շրջանակում հանդես կգան մենահամերգներով, ինչպես նաեւ վարպետության դասընթացներ կանցկացնեն հայ երիտասարդ երաժիշտների հետ:
Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 20 հազար ԱՄՆ դոլար, նախատեսված են նաեւ հատուկ մրցանակներ «Մրցույթի բացառիկ տաղանդ» եւ «Առնո Բաբաջանյանի ստեղծագործության լավագույն կատարող» եւ «Էժենի Ալեսյանի «Fantasie Libre-Parcours» ստեղծագործության լավագույն կատարող» տարբերակումների համար:
Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 140 մասնակիցՙ 16 երկրներից: Սակայն միայն 61-ն է ընտրվել ըստ մրցույթի պահանջների, եւ ընտրվածներից 55-ը կմասնակցի մրցույթին: Ի դեպ, պետք է նշել, որ 55 մասնակցից 42-ն արդեն հանրապետական, ազգային եւ միջազգային տարբեր մրցույթների դափնեկիրներ են:
Երիտասարդ դաշնակահարները հնարավորություն կունենան իրենց վարպետությունը հանդիսատեսին ցուցադրել KAWAI մակնիշի համերգային մեծ ռոյալով, որը օրերս, շնորհիվ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների միության ջանքերի, գնվեց եւ Հայաստան տեղափոխվեց Գերմանիայից: Իսկ եզրափակիչ փուլերին մրցույթի մասնակիցները հանդես կգան Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ:
Մրցույթն անց է կացվում ՀՀ նախագահի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր հովանավորությամբ: Մրցույթի գլխավոր հովանավորն է «Քրիստոնյա Հայաստան-1700» հիմնադրամը, պատրոնըՙ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:
«Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում երիտասարդ դաշնակահարներին, որոնց տաղանդը գնահատելու պատիվն ունենք այս մրցույթին, իր խոսքում նշեց անվանի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, «Հայաստանի ժառանգություն» դաշնակահարների համահայկական միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավար Արմեն Բաբախանյանը, հաջողություն եմ մաղթում եւ հույս հայտնում, որ մեր բոլորի հոգիներում ջերմ հիշողություններ կթողնի այս գեղեցիկ մրցույթը»: