Նախաքրիստոնեական Հայաստանում նավասարդյան տոնախմբությունները տեղի էին ունենում օգոստոսինՙ Նոր տարվա առիթով: Հանդիսություններին մասնակցում էին արքայական ընտանիքը, բանակը, ժողովուրդը: Անցկացվում էին մարզական խաղեր, որոնք ուղեկցվում էին երգով, պարով, երաժշտությամբ: 1967 թ. Ֆրանսիայում ստեղծված «Նավասարդ» պարախումբն իր ելույթներով նպաստում է հայկական պարային ու երաժշտական ավանդույթների հարատեւմանըՙ երբեմն նաեւ արդիական շունչ հաղորդելով պարերին: Խմբի 60 անդամները (պարողներ, երաժիշտներ, երգիչներ) գեղարվեստական ղեկավար Էդի Չոլոլյանի ղեկավարությամբ օգոստոսի 22-ին հանդես կգան «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
«Նավասարդ» պարախումբը ելույթներ է ունեցել աշխարհի բազմաթիվ նշանավոր համերգասրահներում: Լոնդոնի «Ռոյալ Ալբերտ հոլում», Մյունխենի «Դոյչե թեատրում», Նյու Յորքի «Քառնեգի հոլում», Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում եւ այլուր ելույթներն անցել են մեծ հաջողությամբ: Ֆրանսիայում խումբը պարբերաբար հանդես է գալիս Փարիզի «Զենիթ» համերգասրահում (6000 տեղ), Համագումարների պալատում, Շանզելիզեի թատրոնում (2000 տեղ), «Օլիմպիա» համերգասրահում, Մարսելի օպերայում, Լիոնի Համագումարների պալատում եւ այլուր:
Խումբը բարձր պարգեւների է արժանացել Բիլինգհեմի (Մեծ Բրիտանիա), Պուերտո Ռիկոյի, Սուզայի (Իտալիա) միջազգային փառատոներում, ֆրանսիական Կոնֆոլան քաղաքի ազգագրական խոշոր փառատոնում: «Նավասարդի» ելույթները ցուցադրվել են ամերիկյան NBC, գերմանական ARD, բրիտանական BBC հեռուստաընկերությունների ալիքներով, Ֆրանսիայի ազգային հեռուստատեսությամբ:
Միջազգային մամուլը եւս լայնորեն անդրադարձել է խմբի ելույթներին: «Նյու Յորք թայմզը» հատկապես ընդգծել է. «Քառնեգի հոլում» փարիզյան պարախումբը հիացրեց մանավանդ «Սարդարապատ» պարով»: Լոնդոնի «Գարդիան» թերթը «Նավասարդն» անվանել է «բացառիկ փայլուն պարախումբ»: «Դեյլի թելեգրաֆը» ընդգծել է փարիզահայերի պարախմբի «սիրտ ջերմացնող ավանդապաշտության տպավորիչ արդյունքը»: «Ուզինգեն անցայգեր» թերթի կարծիքով, «Նավասարդը» Եվրոպայի «լավագույն համույթներից մեկն է»: Բազմաթիվ են նաեւ ֆրանսիական թերթերի դրվատական գնահատականները:
Պ. Ք.