«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2001-08-04 | #147, 2001-08-21 | #148, 2001-08-22


ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՌԱԿ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԸ

Երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իր ծննդյան 50-ամյակի առիթով Մայր աթոռի Վեհարանում ընդունում էր շնորհավորանքներ: Կեսդարյա հոբելյանի առթիվ Վեհափառ հայրապետին շնորհավորեցին նաեւ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, փոխատենապետ Հարություն Առաքելյանը, ատենադպիր Գառնիկ Հովակիմյանը, վարչության անդամներ Ռոբերտ Մավիսակալյանը, Հրաչյա Կարապետյանը, Գագիկ Վարդանյանը, Մեխակ Գեւորգյանը, Մեսրոպ Հարությունյանը, ՀՌԱԿ «Այգեստան» ակումբի ատենապետ Արմեն Ստեփանյանը:

Հոբելյարին շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսքեր հղելուց բացի Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ Գարեգին Բ-ն իր կյանքը նվիրել է ծառայությանն իր ժողովրդի: Պրն Միրզախանյանը կարեւորեց նրա գործունեությունը հատկապես Հայաստանի անկախացումից հետոՙ բազմաթիվ եկեղեցիներ են կառուցվել եւ նորոգվել, ծավալվել է հայ ժողովրդի հոգեւոր վերազարթոնքը խթանող գործունեություն:

Շնորհավորանքի եւ բարեմաղթանքների համար շնորհակալություն հայտնելովՙ Վեհափառ հայրապետն առանձնակի ուրախությամբ նշեց այն համագործակցությունը, որ տասնամյակներ շարունակ կա Ռամկավար Ազատական կուսակցության եւ Հայ առաքելական եկեղեցու միջեւ Հայաստանում թե սփյուռքի տարածքում: Հավատքը, եկեղեցին միշտ էլ ազգապահպան դեր են կատարում, եւ այդ գործում Վեհափառ հայրապետը կարեւորեց ու ողջունեց այն նախանձախնդրությունը եւ պատրաստակամությունը, որը ցուցաբերում է կուսակցությունը Հայ առաքելական եկեղեցուն:

- Հայաստանի բարեկեցիկ, լուսավոր ապագան կերտելու համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր հայ ներդնի իր ավանդը: Վերջին տասնամյակը շատ կարեւոր է եղել մեր պետականության կայացման առումով, անհրաժեշտ է պահպանել ձեռքբերումները, իսկ դրա համար կարեւոր է ազգային համերաշխությունը, իր խոսքը եզրափակեց Վեհափառ հայրապետը:

***

Երեկ Վեհափառ հայրապետն իր ծննդյան 50-ամյակի առթիվ ստացավ շնորհավորական բազմաթիվ ուղերձներ, որոնց թվումՙ Համայն Ռուսաստանի պատրիարք Ալեքսի 2-րդից, Վրաց եկեղեցու կաթողիկոս Իլիա 2-րդից, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանից, վարչապետ Անդրանիկ Մարգարյանից, պաշտոնական այլ անձանցից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4