«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2001-08-04 | #147, 2001-08-21 | #148, 2001-08-22


ԿԻԵՎՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՈՒԿՐԱԻՆԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 21-ին Կիեւում, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի Ա.Կրիմսկու անվան արեւելագիտության ինստիտուտում կայացավ «Ուկրաինա-Հայաստան. պատմություն եւ արդիականություն» միջազգային գիտաժողովի բացումը: Համաժողովը, որ նախաձեռնել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունը, նվիրված է Ուկրաինայի եւ Հայաստանի անկախության տասնամյակին, ինչպես նաեւ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին: Գիտաժողովը բացեց Ուկրաինայում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գրիգորիս արքեպիսկոպոսը: Նա ընթերցեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ուղերձը գիտաժողովի մասնակիցներին: Ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ Կիեւը հնուց, դեռ 11-րդ դարից, եղել է Հայ եկեղեցու հնագույն արտասահմանյան թեմերից մեկի կենտրոնը: Մեր ժողովուրդներն ու պետությունները, իր ուղերձում ընդգծել է կաթողիկոսը, օժտված լինելով անցյալի այդպիսի անգին ժառանգությամբ, պետք է այսուհետ եւս զարգացնեն իրենց հարաբերություններըՙ «հուսալի, լի ջերմությամբ եւ փոխադարձ աջակցությամբ»: Կաթողիկոսը օրհնել է համաժողովի կազմակերպիչներին եւ մասնակիցներին, ինչպես նաեւ Ուկրաինայի եւ Հայաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը:

Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատնից, գիտաժողովում քննարկվելու են ուկրաինա-հայկական պատմական եւ մշակութային կապերը, Ուկրաինայում Հայ առաքելական եկեղեցու պատմությունը, Հայաստանում ուկրաինական համայնքի եւ Ուկրաինայում հայության հարցերը: Մեծ ուշադրություն կհատկացվի երկու երկրների քաղաքական եւ տնտեսական համագործակցությանը, Կովկասում տարածաշրջանային անվտանգության խնդրին: Հայկական կողմից համաժողովին մասնակցում են Գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը, Մատենադարանի տնօրենի տեղակալ Վարդան Գրիգորյանը, Պատմության ինստիտուտի գիտնական քարտուղար Կարեն Խաչատրյանը, Երեւանի պետական համալսարանի ուկրաիներենի եւ ուկրաինական գրականության դասախոս Մերի Պետրոսյանը: Գիտաժողովը կտեւի երկու օր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4