Ինչպես նշել էր «Ազգը» (31.07.2001), ճանաչված կամերային «Սերենադ» նվագախումբը հրավեր էր ստացել մասնակցելու ս. թ. օգոստոսին Բեռլինում անցկացվող «Young Euroclassic» միջազգային փառատոնին:
«Սերենադի» գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի մտահղացմամբ կոլեկտիվը Գերմանիա մեկնեց ընդլայնվածՙ մեծ սիմֆոնիկ նվագախմբի կազմով, որն իր մեջ էր ներառել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ տարբեր համույթների երիտասարդ մասնագետների:
Համբավանուն փառատոնը տեւեց 16 օր, որից յուրաքանչյուրն ուշագրավ էր բազմաբազում հանդիսականի համար իր անկրկնելիությամբ: «Berlin konzerthaus»-ում իրենց բարձր արվեստը ցուցադրեցին Եվրոպայի երկրների լավագույն երիտասարդական համույթներ, որոնց թվում էին երիտասարդների խառը նվագախումբը Գերմանիայից, Ուսանողների սիմֆոնիկ ազգային նվագախումբը Ռուսաստանից, Երիտասարդական ազգային նվագախումբը Իսպանիայից եւ այլն.
Փառատոնի 4-րդ օրը հանդես եկավ Հայաստանից ժամանած նվագախումբը Էդուարդ Թոփչյանի նվագավարությամբ, որըն ունկնդրին հրամցրեց Էդվարդ Միրզոյանի «Գոսերով սիմֆոնիան», Կարեն Հակոբյանի թիվ 2 եւ Դմիտրի Շոստակովիչի թիվ 5 սիմֆոնիաները:
Ինչպես հավաստում են տեղի մամուլի, ժյուրիի, որի կազմում էին աշխարհաճանաչ երաժիշտներ Կրիշտոֆ Պենդերեցկին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Դանիել Բարենբոյմը, Մաքսիմ Վենգերովը եւ Գերմանիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչների կարծիքներըՙ Էդուարդ Թոփչյանի նվագավարած հայ սիմֆոնիկ նվագախմբի համերգը «Young Euroclassic» փառատոնի գեղարվեստական գագաթնակետն էր: Այն առանձնացավ կատարողական ինքնահատուկ ոճով, յուրովի մեկնաբանմամբ, ինչը շնորհալի երիտասարդ երաժիշտների եւ տաղանդավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ստեղագործական նվաճման եւս մեկ արգասիքն է:
Թ. Հ.