«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2001-08-21 | #148, 2001-08-22 | #149, 2001-08-23


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ ԻՐ ԴՌՆԵՐԸ ԿԲԱՑԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԱՌՋԵՎ

Քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 23-ը թերեւս կլինի ամենանշանավոր օրը, քանի որ այդ օրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին իր դռները կբացի աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչների, օտարերկրյա պաշտոնական հյուրերի, բարձրաստիճան եկեղեցականների եւ առհասարակ ժողովրդի առջեւ:

3500 քմ-ի վրա տարածված, 63 մետր բարձրություն եւ 1700 նստատեղ ունեցող այս վեհ կառույցը կդառնա մեր եկեղեցաշինության պատմության մեջ իր ծավալներով ամենամեծը:

Այս օրերին, երբ եկեղեցու բացմանը հաշված օրեր են մնացել, շինարարական եռուզեռն ավելի մեծ էՙ մոտ 600 շինարար է աշխատում այստեղ: Բարդ եւ թանկարժեք այս նախագծի համար պատասխանատվություն կրող «Երեւանշին» ԲԲԸ-ն նպատակ ունի բացման օրն ավարտուն տեսքի հասցնել եկեղեցին: Ինչպես մեզ տեղեկացրեց ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը, շինարարական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, շինարարները նույնիսկ մի քանի օր առաջ են ընկել սահմանված ժամանակացույցից:

Մինչեւ սեպտեմբերի 23-ը չեն ավարտվի միայն նկուղային հարկի աշխատանքները, սակայն դա չի խանգարի բացման արարողությանը:

Մեր հարցին, թե դժվար չէ՞ր արդյոք այդպիսի հսկայական կառույցն ավարտել այդ կարճ ժամանակահատվածում, պրն Պողոսյանը պատասխանեց, որ եկեղեցու կառուցման համար ուժերը ներդրել են իրենց գործի վարպետները: Նա նշեց հատկապես եկեղեցու ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի անունը, առանց որի անմիջական մասնակցության այստեղ քար չի դրվել, ճարտարագետ Յուրի Դալլաքյանի եւ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Էդվարդ Բալասանյանի անունները: Այս ամենին նա գումարեց շինարարների համառությունը եւ հմտությունը:

- Երբեմն ասում են, որ շինարարներն աշխատում են եւ դրա դիմաց վարձատրվում, եւ դա բնական է, նշեց Վազգեն Պողոսյանը, բայց համոզված եմ, որ նրանք պատրաստ են նույնիսկ անվճար աշխատել, միայն թե գործն իր լրումին հասցնեն: Մարդը քրտինք է թափել համազգային նշանակության մի կառույցի համար եւ այդ պատճառով բնական հպարտություն է զգում:

Ի դեպ, ամեն կիրակի այստեղ են գալիս նաեւ «Երիտասարդ ուխտագնացների միության» անդամները: Պատանիներն ու աղջիկներն օգնում են շինարարական եւ մաքրման աշխատանքներին եւ ասում են, որ մի օր դրա մասին հպարտությամբ պատմելու են իրենց երեխաներին:

Մոտ մեկուկես տարի առաջ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ օծվեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի խաչերը: Այդ օրվանից կիսակառույց շինությունը սրբավայր է դարձել: Եկեղեցում արդեն մեկ պսակադրություն է տեղի ունեցել, բայց բազմաթիվ նորապսակներ այլ եկեղեցում ծիսական արարողության ավարտից հետո գալիս են Սուրբ Գրիգոր Լուսավորիչՙ հույս ունենալով, որ մուտքն այս եկեղեցի իրենց երջանկություն կբերի:

Եկեղեցում էր նաեւ Ֆրանսիայից ժամանած մի հայկական ընտանիք: Որդինՙ Գրիգորը, տեսողության խնդիրներ ուներ: Ծնողները ցանկանում էին, որ Գրիգորն իր ձեռքով մեկ քար դնի Սուրբ Գրիգոր Լուսավորչի կառուցման համար, եւ հույս ունեին, որ այդ խորհուրդը կառողջացնի իրենց որդուն: Գրիգորը դրեց ի՚ր քարը:

Եկեղեցու բացման օրը բազմաթիվ սփյուռքահայեր, արցախցիներ եւ տեղաբնակ հայեր կգան եւ իրենց ներկայությամբ կհաստատեն անխզելի կապն իրենց նախնիների հավատքի հետ:

Տա՚ Աստված, որ մի օր իսկապես 9 մլն մոմ վառվի Երեւանի Մայր տաճարում:

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4