«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2001-08-21 | #148, 2001-08-22 | #149, 2001-08-23


ԱՆՑՈՂԻԿ ԲԱԼԵՐԻ ՈՐՈՇԱԿԻ ԱՆԿՈՒՄ ԲՈՒՀ ԸՆԴՈՒՆՎՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

Դիմորդների թիվն այս տարի աճել է 3 հազարով

ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ

Ընդունելության քննությունների ավարտի կապակցությամբ երեկ ասուլիս էր հրավիրել կրթության եւ գիտության նախարար Էդուարդ Ղազարյանը: Քննական եւ մրցութային արդյունքներն ամփոփելովՙ նա արձանագրեց այս եւ նախորդ տարի օրինաչափ դարձած մի քանի իրողություններ:

Նախ տեղեկացնենք, որ այս տարի էլ, վերջին տարիների օրինակով, իրենց այսպես կոչված բարձր վարկանիշը պահպանել են պետհամալսարանի տնտեսագիտության, իրավաբանության, ռոմանա-գերմանական եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետները. այսինքնՙ վերոհիշյալ մասնագիտությունների «պահանջարկը» դիմորդների շրջանում առաջվա պես մեծ է: Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվն այս տարի ավելացել է 3 հազարով: Դիմորդների ընդհանուր թվի աճին զուգահեռՙ «անբավարար» ստացած դիմորդների թիվը, սակայն, անցյալ տարվա համեմատ առանձնապես չի փոփոխվելՙ շուրջ 3 հազար 500 (12,5 տոկոսը): Փոխարենը զգալիորեն նվազել է ամենաբարձրՙ 19 եւ 20 միավոր ստացած դիմորդների թիվը, որ այս տարի կազմել է ընդամենը 15-16 տոկոս, մինչդեռ անցյալ տարի շուրջ 21,5 տոկոս էր: 19 եւ 20 միավորների շուրջ ստեղծված պատկերը, բնականաբար, նպաստել է, որ պետպատվերի մրցութային բալն իջնի, իսկ «նպաստող» առարկաների թվում մաթեմատիկան է, անգլերենը եւ հայ ժողովրդի պատմությունը:

Ընդունելության քննությունների արդյունքներն ըստ առարկաների ներկայացնելովՙ նախարարն արձանագրեց, որ դիմորդներն այս տարի էլ, անցած տարվա պես, ամենացածր առաջադիմություն են ցուցաբերել քիմիա, ֆիզիկա եւ ռուսաց լեզու-գրավոր առարկաներից:

Առաջադիմությունն իջել է նաեւ անգլերեն առարկայից, իսկ այս առարկան, ինչպես հայտնի է, պարտադիր է այն դիմորդների համար, ովքեր վերը նշված բարձր վարկանիշ ունեցող ֆակուլտետներն ընդունվելու ցանկություն ունեն. անցյալ տարի այդ առարկայից 20 միավոր ստացած 293 դիմորդի փոխարեն այս տարի 20 միավոր են ստացել 126-ը, եւ նման արդյունքը 2001-ի ընդունելության քննությունների տհաճ «անակնկալներից» մեկն էր: Ի համեմատ նախորդ տարվա արդյունքներիՙ 20 միավոր ստացած դիմորդների թիվը նվազել է նաեւ մաթեմատիկա առարկայիցՙ 463-ից հասնելով 320-ի: Իջել է առաջադիմությունը հայ ժողովրդի պատմություն առարկայից: Արդյունքների որոշակի լավացում է արձանագրվել կենսաբանություն եւ անգլերեն-բանավոր առարկաների գծով: «Ի հաշիվ 19 եւ 20 միավորների կրճատմանՙ այս տարվա ընդունելության քննությունների արդյունքում ավելացավ 16 եւ 17 միավորների արժեքը», նշեց նախարարը:

Ի դեպ, հերքելով այս ուսումնական տարվա սկիզբը հետաձգելու վերաբերյալ լուրերը, Էդուարդ Ղազարյանը հայտնեց, որ դասերը սկսվելու են սեպտեմբերի 1-ինՙ չնայած այդ օրը շաբաթ է: Հայտնեց նաեւ, որ ցուցակներն արդեն հրապարակված են:

Ինչպես ամեն տարի, այս տարվա ընդունելության քննություններն էլ չեն անցել առանց բողոքարկումների: Նախարարը տեղեկացրեց, որ բողոքարկման առաջին փուլում դիմորդների թիվը կազմել է 2 հազար 200, իսկ բողոքարկման արդյունքում փոփոխվել է 480-ի: Երկրորդ փուլում վերանայվել է 260-ի գնահատականը: Նիշերը փոփոխվել են հիմնականում 1 միավորի տարբերությամբ, եղել են նաեւ մի քանի թյուրիմացություններ, որոնք, նախարարի վկայությամբ, բողոքարկման արդյունքում շտկվել են: Ինչ վերաբերում է մեդալակիրներին, նրանց գերակշիռ մասը դիմել է պետհամալսարանՙ արդեն թվարկված բարձր վարկանիշ ունեցող ֆակուլտետներ: Բժշկական համալսարանում, նախարարի արձանագրմամբ, փոքր-ինչ մտահոգիչ պատկեր է ստեղծվել այն առումով, որ վճարովի համակարգ հաջողվում է ընդունվել բոլոր դիմորդներինՙ նույնիսկ ամենացածր միավորները ստացած: Պատճառն այն է, որ բժշկական համալսարանում ուսման վճարը բավականին բարձր է, եւ պետպատվերի համակարգում սովորել ցանկացող դիմորդները որպես այլընտրանք երբեք չեն նշում այս բուհի վճարովի համակարգըՙ նախընտրելով նշել այլ բուհերի առավել «դյուրամարս» ֆակուլտետները: Այս առումով նախարարը խորհուրդ տվեց, որ բժշկական համալսարանի ղեկավարությունը լրջորեն մտածի հարցի առնչությամբՙ վերանայելով վճարների չափը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4