Գնահատում է Կիրգիզիայի Ազգային բանկի նախագահը
«Հայաստանում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ», այսպես է գնահատում Հայաստանի իրավիճակն ընդհանրապես Կիրգիզիայի կենտրոնական բանկի նախագահ Ուլան Սարբանովըՙ 4 տարի անց նորից այստեղ գալով: Երեկ ՀՀ կենտրոնական բանկում Կիրգիզիայի թիվ մեկ բանկիրը անկեղծորեն խոստովանեց, որ Հայաստանը տնտեսական բարեփոխումների առումով եթե ոչ մեկ, ապա գոնե կես քայլ առաջ է անցել: Մասնավորապես, Հայաստանը զգալիորեն առաջ է մասնավորեցման բարձր, սղաճի ցածր մակարդակով: Պրն Սարբանովը կարծում է, որ Հայաստանում, մասնավորապես բանկային համակարգում ու ԿԲ աշխատանքում կան դրական եւ ուսանելի շատ կողմեր: Հենց փորձի փոխանակման նպատակով էլ Հայաստան այցելած պրն Սարբանովը երեկ ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի հետ ստորագրեց համատեղ հայտարարությունՙ համագործակցության, մասնավորապես տեղեկատվության, փորձի ու կադրերի փոխանակման վերաբերյալ: ՀՀ ԿԲ նախագահի գնահատմամբՙ երկու երկրներն ունեն շատ ընդհանրական եզրեր սոցիալ-տնտեսական վիճակի, բնակչության քանակի ու կենսամակարդակի, տնտեսական ցուցանիշների իմաստով, երկու երկրներն էլ գնում են տնտեսական բարեփոխումների նույն ճանապարհով եւ շատ կարեւոր է փորձի փոխանակումը: Մասնավորապես Կիրգիզիայի ազգային բանկն ունի բանկային վերահսկողության վերջերս ներդրված կարեւոր մեխանիզմ, որն արդարացված կլինի նաեւ Հայաստանի համար:
Տեղեկացվեց, որ Կիրգիզիայում կա 19 կոմերցիոն բանկ (Հայաստանում այդ թիվը 31 է): Ազգային բանկի նախագահի գնահատմամբ երկիրը կարողացել է դուրս գալ այն տագնապալի իրավիճակից, որը ստեղծվել էր վերջերս մի քանի բանկերում: Արդյունքում 4-5 բանկերի արտոնագիրը ճանաչվել է անվավեր, սակայն կարճ ժամանակահատվածում այդքան բանկի փակվելը էական ազդեցություն չի թողել երկրի տնտեսության վրա: Կիրգիզիայում եւս բանկային համակարգն ունի շատ փոքր ազդեցություն երկրի տնտեսության վրա, ինչպես եւ Հայաստանում: Այդ իմաստով գրեթե նույն իրավիճակն է Հայաստանում. 31 բանկերից 3-ն էլ փակվել են Հայաստանում: Այդ երեւույթը Տիգրան Սարգսյանը համարում է «բանկային համակարգի առողջացում եւ կայուն ու երկարաժամկետ զարգացման հիմքերի ապահովում»:
Հիշեցնենք, որ Կիրգիզիան արտաքին պարտքի բեռի մակարդակով Հայաստանի ու նախկին խորհրդային երեք հանրապետությունների հետ (Վրաստան, Մոլդովա, Տաջիկստան) միեւնույն խմբի մեջ է: Այս երկրի արտաքին պարտքը արդեն հասնում է 1 մլրդ 700 մլն-ի: «Ի՞նչ է պատրաստվում անել Կիրգիզիան արտաքին պարտքի մարումն արագացնելու ուղղությամբ»ՙ «Ազգի» հարցին ի պատասխան ազգային բանկի նախագահը նշեց, որ Հայաստանը եւ Կիրգիզիան այն երկրների թվում չեն, որտեղ իրավիճակը ամենաբարդն է, եւ որոնք կարող են ընդգրկվել պարտքի ցածր բեռով աղքատ երկրների (HIPC խմբի) մեջ: «Մենք ունենք տնտեսական լծակներ եւ կարող ենք ինքնուրույն լուծել այդ հարցը», լավատեսորեն եզրափակեց պրն Սարբանովը:
Գ. Մ.