«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2001-08-24 | #151, 2001-08-25 | #152, 2001-08-28


ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐՆ ԱՆՑԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԻՐԿԸ

Օգոստոսի 18-26-ը Երեւանում անցկացված Երկրորդ համահայկական խաղերը ութ օր շարունակ գտնվում էին մարզասերների ուշադրության կենտրոնում: 30 երկրների 83 քաղաքների ավելի քան 3.000 մարզիկ-մարզուհիներ 9 մարզաձեւից վիճարկեցին մեդալների 45 հավաքածու: Սակայն ծրագիրը միայն մարզական միջոցառումներով չէր սահմանափակվում: Մասնակիցների համար մշակվել էր նաեւ մշակութային միջոցառումների մի ամբողջ շարք, ինչը հնարավորություն ընձեռեց սփյուռքահայ մեր հայրենակիցներին մոտիկից ծանոթանալու մայր հայրենիքին: Կարծում ենք, Երեւանում անցկացրած այդ օրերը անջնջելի հետք կթողնեն նրանց հիշողություններում:

Համահայկական խաղերի վերջին ակորդը հնչեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ կայացավ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հույս հայտնելով, որ երկու տարի անց մասնակիցներից շատերը կրկին կժամանեն Հայաստանՙ Համահայկական 3-րդ խաղերին: Պարգեւներ հանձնվեցին առավել աչքի ընկած թիմերի ներկայացուցիչներին, մասնակիցներին, խաղերի կազմակերպիչներին: ՀՀ նախագահի հրամանագրով առաջին եւ երկրորդ Համահայկական խաղերի բացման եւ փակման հանդիսավոր արարողությունների գլխավոր ռեժիսոր Հրաչյա Աշուղյանը պարգեւատրվեց «Մովսես Խորենացի» մեդալով:

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանը խաղերը հայտարարեց փակված: Իջեցվեց խաղերի դրոշը եւ այն ի պահ տրվեց Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանինՙ մինչեւ 3-րդ Համահայկական խաղերի բացումը: Ծրագիրը եզրափակվեց ճոխ համերգով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4