«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2001-08-24 | #151, 2001-08-25 | #152, 2001-08-28


ՀՌԱԿ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԵԼԱՎԱՅՐԵՐԸՙ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԹԻԿԻ ԵՎ ԳՅՈՒՄՐԻԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ

Մարզեր այցելությունների կուսակցական ծրագրի շրջանակներում երեկ ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանը, Հանրապետական վարչության անդամ Գառնիկ Հովակիմյանը, «Այգեստան» ակումբի ատենապետ Արմեն Ստեփանյանն այցելեցին Արթիկ: Տեղի ՀՌԱԿ մասնաճյուղի գրասենյակում հանդիսավորապես բացվեց «Արթիկ» ակումբը: ՀՌԱԿ ղեկավարությունն արթիկցի ռամկավարներին հանձնեց կուսակցական տոմսերը, այնուհետեւ տեղի ունեցավ նորագիր անդամների երդմնառության արարողությունը: Ակումբի անդամներին ողջույնի խոսքով դիմեցին Հարություն Առաքելյանն ու Գառնիկ Հովակիմյանը: ՀՌԱԿ փոխատենապետը, շնորհավորելով Արթիկի իր կուսակցական ընկերներին ակումբի բացման կապակցությամբ, մասնավորապես նշեց, որ այսօրվա քաղաքական դաշտը կարիք ունի առողջ ու կառուցող ուժի, իսկ այդ ներուժը կա, պարզապես սպասում է բարենորոգիչ մտահղացումներն իրականացնելու իր ժամին: «Կանենք ամեն հնարավորըՙ մեզ հավատացող եւ մեզ հետ քաղաքական դաշտով ընթացող մարդկանց հուսախաբ չթողնելու», հավաստիացրեց նա: ՀՎ անդամ Գառնիկ Հովակիմյանն իր հերթին նշեց, որ կուսակցությունն այսօր, ավելի քան երբեւէ, ուժով առլեցուն է, քանզի միասնական է թե՚ Հայաստանում եւ թե՚ սփյուռքում, ներքին հակասությունները հարթված են:

Ապա տեղի ունեցան ակումբի վարչության կազմի եւ ատենապետի ընտրությունները, վարչության նորընտիր անդամների կամքով ատենապետ դարձավ Մ. Պետոյանը:

ՀՌԱԿ փոխատենապետն ու իր ուղեկիցներն այցելեցին նաեւ Գյումրի, եղան տեղի ՀՌԱԿ մասնաճյուղի գրասենյակում, ինչպես եւ Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում: 2000 թ. հոկտեմբերից շահագործման հանձնված այս դպրոցը, որ համապատասխանում է արտասահմանյան առաջնակարգ դպրոցների չափանիշներին, կառուցվել է ամերիկացի մեծահարուստ Ջոն Հանթսմանի միջոցներով: Դպրոցը գտնվում է անմիջապես այն թաղամասի հարեւանությամբ, որ կոչվում է իրՙ Հանթսմանի անունով, եւ որտեղ այժմ առաջին բնակելի շենքերն են կառուցվում: Թեքեյանի անվան դպրոցի տնօրեն Անտոն Փիլոյանի ջանքերով (նա նաեւ Գյումրիի ՀՌԱԿ մասնաճյուղի եւ դրանում ընդգրկված 5 ակումբների ղեկավարն է) այս կրթական հաստատությունը կարճ ժամանակամիջոցում, տարբեր բարերարների միջոցով, ապահովվել է դպրոցական կահույքով, մարզագույքով, աշակերտների ուսման ու հանգստի համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Ներկայումս աշակերտների թիվը 450 է, նրանց առաջադիմության ցուցանիշը, տնօրենի խոսքերով, գոհացուցիչ է: Հատկանշական է, որ այստեղ գնահատում են ունեցածը, քանի որ լավագույնս պահպանում են ու խնամք տածում: «Գյումրին երկրորդ այսպիսի դպրոց չունի», արդար հպարտությամբ նշեց տնօրեն Ա. Փիլոյանը: Մեր անունից ավելացնենք, որ Երեւանում էլ հազիվ թե գտնվի երկրորդ այդպիսին.

Ա. ԲԱԲԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4