«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2001-08-24 | #151, 2001-08-25 | #152, 2001-08-28


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 80-ական թվականների համեմատ Հայաստանում մեղվաընտանիքների թիվը նվազել է շուրջ 50%-ով: Մեղվաընտանիքների թվի անկման միտումը պահպանվում է առայսօր եւ հարցականի տակ է դնում հետագայում Հայաստանում մեղվաբուծության գոյությունը: Օգոստոսի 27-ին հրավիրած մամլո ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի մեղվաբուծության եւ ապիթերապիայի կազմակերպության նախագահ Գեւորգ Կարախանյանը: Ըստ նրա, գյուղատնտեսության այս ոլորտում ստեղծված ծանր կացության հիմնական պատճառը «տնտեսական եւ ֆինանսական» են. հայ մեղվապահները միջոցներ չունեն անհրաժեշտ գրականության եւ դեղորայքի ձեռքբերման, մեղվաբուծական պարագաներ գնելու համար: Չկա նաեւ մեղրի իրացման շուկա, որից ստացված եկամուտների մի մասը հետագայում կարող էր ուղղվել մեղվաընտանիքների թվի մեծացման խնդրի լուծմանը:

Այլ է վիճակը արտերկրում, որտեղ մեղվաբուծությունը դիտվում է որպես եկամտաբեր եւ զարգացման մեծ հետանկարներ ունեցող բնագավառ: Գ. Կարախանյանի խոսքերով, իր անդամ երկրների համար «Մեղվաբուծությունը որպես եկամտի աղբյուր» ծրագիր է մշակել Սեւծովյան տնտեսական համագործակցության քարտուղարությունը: Արդեն իսկ այդ ծրագրին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել համագործակցության երկրների մի մասը: Ըստ կազմակերպության նախագահի, Հայաստանը եւս մտադիր է մասնակցել այդ ծրագրի իրականացմանը, որի հայաստանյան տարբերակի մշակման աշխատանքները ներկայումս ընթանում են ՀՀ ԱԳՆ, Գյուղնախարարության եւ Հայաստանի մեղվաբուծության եւ ապիթերապիայի կազմակերպության ջանքերով:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4