Սեպտեմբերին Լեհաստանում տեղի կունենան Հայաստանի համար կարեւոր երեք միջոցառումներ
Ամեն տարի Լեհաստանի Կրինիցա քաղաքում անցկացվում են միջազգային բիզնես-ֆորումներ: Լեռնային այդ փոքրիկ քաղաքը, հաճախ համեմատելով շվեյցարական Դավոս գողտրիկ գյուղաքաղաքի հետ, անվանում են «Արեւելյան երկրների Դավոս»: Այստեղ տարին մեկ անգամ հավաքվում են բազմաթիվ երկրների կառավարական ու գործարար շրջանակներըՙ քննարկելու հետագա զարգացման ու համագործակցության հարցեր: Կրինիցայի բիզնես-ֆորումին մասնակից երկրները սովորաբար ներկայանում են կառավարական բարձրագույն պաշտոնյաներով, մինչեւ անգամ նախագահների ու վարչապետների մակարդակով: Այս տարի Կրինիցայի հանրահայտ բիզնես-ֆորումին կմասնակցի նաեւ Հայաստանի կառավարական պատվիրակությունըՙ ՀՀ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Դավիթ Զադոյանի գլխավորությամբ: Կրինիցայի բիզնես-ֆորումին մասնակցելու են նաեւ աշխարհի 40 երկրների մոտ 3000 ֆիրմաների ու ընկերությունների ներկայացուցիչներ: Հայաստանը եւս կներկայանա տնտեսության տարբեր ճյուղերի ձեռնարկություններով: Ինչպես տեղեկացրեց ցուցահանդեսի հայկական կողմի կոորդինատոր Աշոտ Մուքոյանը, Կրինիցայի ֆորումին կմասնակցեն հայաստանյան մոտ 15 ընկերություններ: Դրանց թվում են «Կիլիկիան», «Կոտայքը», «Վեդի Ալկոն», «Գրեյթ Արարատը», «Բջնին» ու «Ջերմուկ գրուպը» (խմիչքների արտադրություն), Արարատի, Արտաշատի պահածոների գործարանները, «Արտաշեսը», «Եվրոթերմը» (գյուղմթերքների վերամշակում), «Աշտարակ կաթն» ու «Թամարան» (կաթնամթերքի արտադրություն), «Գրանդ քենդին» ու «Գրանդ տոբակոն», «Մուլտի գրուպը», «Մանես եւ Վալեքսը», Երեւանի ոսկերչական գործարանը եւ այլն: Բիզնես-ֆորումի շրջանակներում նախատեսված է նաեւ Հայաստանի օր, որի ընթացքում կկազմակերպվեն հայկական ապրանքների հատուկ ցուցադրություն ու համտես:
Կրինիցայից հետո վերոհիշյալ ձեռնարկությունների արտադրանքի ցուցադրություն կլինի արդեն լեհական մեկ այլ հայտնի միջազգային տոնավաճառումՙ Պոզնանի «Պոլագրո Ֆուդ 2001»-ում, որը կշարունակվի 4 օրՙ սեպտեմբերի 11-14-ը: Այս ցուցահանդեսը գյուղմթերքների վերամշակման ոլորտի հայտնի եվրոպական ցուցահանդեսներից է: «Պոլագրոյին» մասնակցելու են 45 երկրների 3500 ընկերություններ: Հայաստանին տրամադրված 20 քառ. մետր տարածքում կցուցադրվեն հայկական մոտ 10 ընկերությունների արտադրանքների նմուշներն ու տեղեկատվական նյութեր:
Միանգամից երկու ցուցահանդեսներին հայկական ձեռնարկությունների մասնակցությունը նման է մոտավորապես մեկ զարկով երկու նապաստակ խփելուն: Սակայն այդ երկու միջոցառումներով չեն սահմանափակվում «հայաստանյան օրերը». Ա. Մուքոյանը տեղեկացրեց նաեւ, որ սեպտեմբերի 18-ին Վարշավայի «Շերատոն» հյուրանոցում Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունենալու դիվանագիտական ընդունելությունՙ նվիրված Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին: Ընդունելությանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն Լեհաստանի նախագահն ու վարչապետը, հրավիրված մոտ 100 հյուրերի թվում են լինելու Լեհաստանի գործարար եւ քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ: Միջոցառմանը, որի հովանավորներն են «Գրեյթ Արարատ» եւ «Վեդի Ալկո» ընկերությունները, կլինի նաեւ հայկական խմիչքների ու սննդամթերքի ցուցադրություն-համտես:
Ա. Մուքոյանը, որը հայկական ապրանքների միջազգային առեւտրի տների կազմակերպման կոորդինատորն է, տեղեկացրեց նաեւ, որ տարբեր երկրներում առեւտրի տների հիմնման աշխատանքները քայլ առ քայլ զարգանում են: Ինչպես տեղեկացրել էր «Ազգը», հայկական ապրանքների առեւտրի տները զբաղվելու են տարբեր երկրներում հայկական ապրանքների գովազդով, արտահանման, համագործակցության հաստատման հարցերով: Վերոհիշյալ միջոցառումների օրերին Վարշավայում նախատեսվում է բացել հայկական ապրանքների միջազգային առեւտրի տան առաջին մասնաճյուղը: Արդեն գրանցվել է «Արարատէքսպո» առեւտրի տունը: Մինչեւ տարեվերջ Լեհաստանի նրա մասնաճյուղին կհաջորդեն Գերմանիայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի մասնաճյուղերը:
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ