Բասկետբոլի մրցաշարը մեծ հետաքրքրություն էր առաջացրել հանդիսականների շրջանում: Համահայկական խաղերի ծրագրով մեդալների վերջին հավաքածուն վիճարկեցին Սոչիի եւ Վալլիի բասկետբոլիստները: Եզրափակիչ այդ հանդիպմանը հետեւում էր նաեւ մարզաձեւի մեծ երկրպագու, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կարծում ենք, թե՚ նախագահը, եւ թե՚ «Դինամո» մարզասրահում հավաքված հանդիսականները մեծ բավականություն ստացան լարված ու դրամատիկ հանդիպումից: Վալլիի թիմը նախորդ խաղերի չեմպիոնն էր եւ ձգտում էր կրկնել հաջողությունը, իսկ Սոչիի բասկետբոլիստները գրավել էին 4-րդ տեղը: Մինչեւ 3-րդ խաղակեսի վերջին րոպեն Սոչիի բասկետբոլիստները տիրում էին նախաձեռնությանը եւ հաշվի մեջ ընթանում էին առջեւից: Սակայն բառացիորեն վերջին վայրկյանին Վալիի թիմը հավասարեցրեց հաշիվը (64-64): Չորրորդ խաղակեսում վալլիցիները մրցակցությունում բեկում մտցրեցիին եւ արդեն իրենք էին առջեւում: Չափազանց լարված մրցապայքարում անցան վերջին 22 վայրկյանները: Հաշիվը 85-82 էրՙ հօգուտ Վալլիի թիմի, որը տուգանային երկու նետման իրավունք ստացավ, սակայն չիրացրեց եւ ոչ մեկը: Մրցակցին խաղը փրկելու համար 10 վրկ. էր հատկացված, բայց Սոչիի բասկետբոլիստներն անփույթ խաղացին, կորցրին գնդակը եւ անմիջապես պատժվեցին: Հաղթելով 87-82 հաշվով, Վալլիի թիմը պահպանեց չեմպիոնի տիտղոսը: Գլխավոր մարզիչ Սեւակ Սողոմոնյանի սաներն արժանացան ոսկե մեդալների: Բրոնզե մեդալները վիճարկեցին Գլենդեյլի եւ Լոս Անջելեսի բասկետբոլիստները: 106-93 հաշվով խաղը շահեցին Գլենդեյլի մարզիկները:
Կանանց մրցապայքարում ուժեղագույն ճանաչվեց Երեւանի թիմը, որը վճռական խաղում 81-54 հաշվով հաղթեց գյումրեցիներին: 3-րդ տեղի համար հանդիպումը Թեհրանի եւ Լոս Անջելեսի թիմերի միջեւ չկայացավ: Ամերիկահայերը խաղին չներկայացան, եւ բրոնզե մեդալները հանձնվեցին թեհրանցիներին: