Լարված ու գրավիչ մրցապայքարում անցած շախմատի մրցաշարում միայն ավարտական տուրն անվանեց չեմպիոնին ու մրցանակակիրներին:
Տղամարդկանց մրցաշարում վերջին տուրից առաջ 5,5-ական միավորով առջեւից էին ընթանում Արշակ Ռամազյանն ու Զավեն Անդրեասյանը, որոնց 5-ական միավորով հետապնդում էին Լեւոն Գալոյանը, Արման Փաշիկյանը, Լեւոն Բաբուջյանն ու Զորիկ Ամիրյանը: Առաջատարներն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ ոքի արդյունքով եւ վաստակեցին 6-ական միավոր: Նույնքան միավոր իր օգտին գրանցեց նաեւ Լեւոն Բաբուջյանըՙ հաղթելով Զորիկ Ամիրյանին: Մրցակարգի համաձայն, հաշվի առնելով գործակիցների աղյուսակը, Արշակ Ռամազյանի եւ Զավեն Անդրեասյանի միջեւ անցկացվեց 2 պարտիայից բաղկացած լրացուցիչ մրցախաղ արագ շախմատի կանոններով: Երկու պարտիայում էլ առավելության հասնելով, վանաձորցի Արշակ Ռամազյանը հռչակվեց Երկրորդ համահայկական խաղերի չեմպիոն: 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավեցին երեւանցիներ Զավեն Անդրեասյանն ու Լեւոն Բաբուջյանը: Հաջորդ տեղերում են երեւանցիներ Արման Փաշիկյանը, Լեւոն Գալոյանը (5,5-ական միավոր) եւ աշտարակցի Զորիկ Ամիրյանըՙ 5 միավոր:
Կանանց մրցաշարում 6 տուրից հետո 5 միավորով առաջատարի դերը ստանձնած Քնարիկ Մուրադյանը (Բեյրութ) պարտվեց վանաձորցի Շուշանիկ Չիթախյանին եւ զրկվեց մրցանակային տեղիցՙ բավարարվելով 4-րդ տեղով: Իսկ ահա Շուշանիկին այդ հաղթանակն արժանացրեց չեմպիոնուհու տիտղոսին: Հետաքրքիր է, որ Շուշանիկը միայն վերջին պահին էր ընդգրկվել շախմատի մրցաշարի մասնակիցների կազմում: Շնորհիվ գործակիցների աղյուսակի 5-ական միավորով արծաթե եւ բրոնզե մեդալների արժանացան երեւանցի Լուսինե Ապրեսյանը եւ արմավիրցի Նոնա Սահակյանը: 5-6-րդ տեղերը զբաղեցրին թեհրանցի Երազիկ Խաչատրյանը եւ վանաձորցի Լիանա Աղաբեկյանը:
Մրցանակակիրներին մեդալներ, իսկ 4-6-րդ տեղերը զբաղեցրածներին պատվոգրեր հանձնեցին Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Լեւոն Շահվերդյանը եւ շախմատի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Վանիկ Զաքարյանը: Հասկանալի էր Հենրիկ Քոչինյանի ուրախությունը. թե տղամարդկանց եւ թե կանանց մրցավեճում հաղթել էին Վանաձորի ներկայացուցիչները: Նշենք նաեւ, որ պարգեւատրման արարողությունից քիչ առաջ Լոռու մարզպետն ինքն էր արժանացել պարգեւիՙ մինի ֆուտբոլի մրցաշարում Վանաձորի թիմի կազմում 2-րդ տեղը գրավելու համար: