Ֆուտբոլի մրցաշարի հաղթողի կոչումը եզրափակիչում վիճարկեցին Բառնաուլի եւ Ստեփանակերտի թիմերը: Չնայած խաղն ավարտվեց ստեփանակերտցիների խոշորՙ 3-0 հաշվով հաղթանակով, սակայն արդյունքն ամենեւին էլ ճիշտ չի արտացոլում ուժերի հարաբերակցությունը դաշտում, որտեղ ծավալվեց համառ ու անզիջում պայքար: Բառնաուլի թիմը, որը մասնակցում է քաղաքի առաջնությանը, աչքի ընկավ բավական գրագետ գործողություններով, տեխնիկական եւ ֆիզիկական լավ պատրաստականությամբ: Պարզապես թիմը չկարողացավ օգտագործել ստեղծված գոլային պահերը: Իսկ ահա ստեփանակերտցիները, որոնց ներկայացնում էր «Ղարաբաղը», տակտիկապես խաղը կառուցելով հակագրոհների վրա, կարողացան 3 անգամ գրավել մրցակցի դարպասը եւ արժանի հաղթանակ տարան: Արդեն 4-րդ րոպեին «պատ» խաղարկելով Արարատ Ղազարյանի հետ, Արտյոմ Ադամյանը բացեց հաշիվը: Ընդմիջումից հետո 2 անգամ աչքի ընկավ թիմի վետերան 40-ամյա Արկադի Հակոբյանը, ամրապնդելով հաղթանակը: Ստեփանակերտի թիմը պարգեւատրվեց հուշագավաթով, ֆուտբոլիստներըՙ ոսկե մեդալներով, խաղերի խորհրդանշանը կրող ժամացույցներով եւ ՀՖՖ-ի հուշադրոշներով: Բառնաուլցիներին հանձնվեցին արծաթե մեդալներ եւ հուշադրոշներ:
Բրոնզե մեդալներին արժանացավ Երեւանի թիմը, որը 7-2 հաշվով պարտության մատնեց Վալլիի ֆուտբոլիստներին: