ԹԵՀՐԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Իրանի ձայն» ռադիոկայանի մեկնաբանությամբ, Բաքուն Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի հովանավորությունն ակնկալելով, հույս ունի փակուղուց դուրս բերել Ղարաբաղյան հարցը թեկուզ իր ռազմական ուժով: Սակայն փորձագետների կարծիքով, քաղաքական ու ռազմական նկատառումները բացառում են հայ-ադրբեջանական ռազմական բախումը: Պատերազմի դեպքում Ռուսաստանը կօգնի իր ռազմավարական դաշնակից Հայաստանին, իսկ չնայած թուրք-ադրբեջանական սերտ համագործակցությանը, որպես ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չի միջամտի հօգուտ Ադրբեջանի: ՆԱՏՕ-ն Կովկասում չի ներքաշվի տարածաշրջանային ընդհարման մեջ, քանի որ դա կհանգեցնի ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի առճակատմանը ու միջազգային ծավալով ճգնաժամի առաջացմանը: Ըստ մեկնաբանության, հենց այդ պատճառով էլ ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ արտգործնախարարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ հանդիպմանը բացառեց Ղարաբաղյան հարցի լուծման ռազմական ճանապարհը: Հետեւաբար որոշ քաղաքական դիտորդների կարծիքով, Բաքուն Հայաստանի դեմ ռազմական ուժի կիրառման քարոզչությամբ փորձում է միջազգային կազմակերպությունների միջնորդներին համոզել մի լուծում գտնել Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման համար: