ՄՈՍԿՎԱ, 29 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 29-ին ռուսական «Վրեմյա նովոստեյ» («Նորությունների ժամանակ») թերթը հրապարակել է հոդված «Հայերը գնում են Արեւելք» վերնագրով: Հիշեցնելով, որ Բաքվի վերջին իրադարձությունները (Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Քըվրըքօղլուի ուղեւորությունը Բաքու եւ թուրքական օդուժի հզորության ցուցադրումը Բաքվի երկնքում) գրավել են համընդհանուրի ուշադրությունը, թերթը նշում է, որ թուրք-ադրբեջանական ցուցադրական զորախաղերը նախ եւ առաջ հաշվարկված են Թեհրանի համար, որի հետ Ադրբեջանը չի կարողանում կիսել Կասպիցը, եւ Երեւանի համար, որ Բաքվի վաղեմի հակառակորդն է: Ըստ որում, թերթի կարծիքով, լրատվամիջոցների տեսադաշտից դուրս մնաց այդ նույն օրերին կայացած Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի այցը Դամասկոս:
Քանի որ Սիրիան Իրանի տարածաշրջանային դաշնակիցն է, որի հետ հարաբերությունները ծայրաստիճան կարեւոր են Հայաստանի համար, ակնհայտ է, որ հայ-սիրիական ռազմական գագաթաժողովը դուրս է գալիս երկկողմ հարաբերությունների շրջանակից եւ վերածվում տարածաշրջանային քաղաքականության գործոնի, նշվում է հոդվածում:
Հայաստանը, որին աշխարհաքաղաքականապես կարելի է վերագրել Մերձավոր եւ Միջին Արեւելքին, նախկինում տարածաշրջանում սերտ համագործակցում էր միայն Իրանի հետ, սակայն 90-ականների կեսից ակտիվորեն զարգացնում է հարաբերություններ եւ այլ երկրներիՙ մասնավորապես Սիրիայի եւ Հունաստանի հետ, որոնք պատմականորեն Թուրքիայի մրցակիցներն են:
Երեւանի նոր արտաքին քաղաքականությունը, որ կապում են ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի անվան հետ, նպատակաուղղված է հայկական «ուժի կենտրոնի» ձեւավորմանը: Երեւանը նկատելիորեն ակտիվացել է արաբական ուղղությունում: Առանձնահատուկ դեր է վերապահվում հայկական սփյուռքին, որ արաբական երկրներում (նախ եւ առաջ Սիրիայում եւ Լիբանանում) մի քանի հարյուր հազար մարդ է հաշվում եւ ավանդաբար համարվում է ազդեցիկՙ տնտեսական տեսակետից: Դեպի արաբական աշխարհ Հայաստանի պատուհանը Դամասկոսն է, Անկարայի մրցակիցը, ինչպես նաեւ Բեյրութը (այցի ընթացքում Սերժ Սարգսյանը եղավ եւ այնտեղ): Այս տարվա գարնանը դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Իրաքի հետ, բարելավվում են կապերը Եգիպտոսի եւ Հորդանանի հետ:
Թերթի կարծիքով, իրադրության բորբոքումը կասպյան հանքավայրերի շուրջ, հայտնապես պետք է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների կատալիզատորը դառնա: Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին բարձրացնում է թյուրքական այդ երկու երկրների մրցակիցներիՙ Իրանի, Հայաստանի եւ Սիրիայի փոխգործունեության մակարդակը: Թուրք-իսրայելական ռազմաստրատեգիական սերտ համագործակցությունը եւ իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր աշխուժացումը անխուսափելիորեն մերձեցման է մղում Հայաստանին եւ արաբական երկրներին, որոնք նույնպես մտահոգված են Թել Ավիվի եւ Անկարայի մերձեցմամբ: Հետաքրքրական է, որ Իսրայելը եւ Հայաստանը, որոնք առանցքային պետություններ են նոր «առանցքների» համար, հույժ նման են իրար: Երկու երկրներն էլ օժտված են տարածքի եւ բնակչության թվի համեմատ հզոր եւ մարտունակ բանակներով, ինչպես նաեւ ամերիկյան խոշոր օգնություն են ստանում, նշվում է հոդվածում: