«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2001-08-28 | #153, 2001-08-29 | #154, 2001-08-30


ԿՈՂՈՊՈՒՏՙ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ

Հանրապետությունում տեղի է ունենում ոռոգման ջրի խողովակների զանգվածային ապամոնտաժում, որի հետեւանքով պետությանը հասցվում է միլիոնավոր դոլարների վնաս: Խոսքը վերաբերում է հսկայական ծավալներով պետական ունեցվածքի կողոպուտին, որն իրականացվում է ՀՀ կառավարության 2000 թ. օգոստոսի 7-ի թիվ 435 եւ 2001 թ. ապրիլի 26-ի թիվ 353 որոշումների քողի ներքո: Այս որոշումների համաձայն, ՀՀ կառավարությունը թույլատրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը «Ջրշին» ՊՓԲԸ-ի միջոցով որոշմանը կից թիվ 13 ցանկում նշված օբյեկտներում կատարել մետաղյա, ցինկապատ, երկաթբետոնե կոնստրուկցիաների եւ այլ շինությունների ու սարքավորումների մաքուր ելքերի գույքագրում, ապամոնտաժում եւ պահեստավորումՙ հետագայում հանրապետության ջրատնտեսական օբյեկտներում սահմանված կարգով օգտագործելու համար: Որոշմանը կից թիվ 13 ցանկում նշված են ապամոնտաժման եւ պահեստավորման ենթակա թվով 15 անավարտ շինարարության օբյեկտներ, որոնք տեղակայված են ՀՀ Արագածոտնի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի, Կոտայքի եւ Արմավիրի մարզերում: Այս որոշման իրականացման անհրաժեշտ վերահսկողության բացակայության պատճառով հանրապետության տարածքում տեղի են ունենում ապօրինություններ: Խախտվել է պետական ունեցվածքի պարտադիր վերագնահատման օրենսդրության պահանջը, որի հետեւանքով խողովակները վաճառվում են շուկայականից անհամեմատ ցածր գներով, եւ ահռելի ստվերային եկամուտներ են գոյանում:

Գյուղերի ոռոգման ցանցը հանձնված է համայնքային սեփականությանը, սակայն ջրագծերն ապամոնտաժվում են առանց գյուղապետների թույլտվության: Ապամոնտաժվում են չգործող, բայց ամբողջությամբ կառուցված օբյեկտները:

ՀՀ դատախազությունը նշված փաստերի առնչությամբ հարուցել է տասնյակից ավելի քրեական գործեր, ձերբակալված են յուրացման մեջ մեղավոր մի շարք պատասխանատուներ: «Զվարթնոց-1» ՊՓԲԸ տեղամասի պետ Լորիկ Ղազարյանը ձերբակալվել է, մեղադրական դատավճիռներ են կայացվել «Եղվարդշին» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբիկ Հարությունյանի եւ մի շարք այլ օրինազանցների նկատմամբ: Հանրապետության նախագահի վերահսկողության ծառայությունը ստեղծել է հատուկ աշխատանքային խումբՙ նշված փաստերն ուսումնասիրելու եւ մեղավորներին հայտնաբերելու համար:

Չնայած այս ամենին, այժմ նույնպես շարունակվում է Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի հողերի ոռոգման խողովակաշարի ապօրինի ապամոնտաժումը, որը կիսակառույց չէ եւ 1989-1993 թթ. շահագործվել էՙ ոռոգելով սահմանամերձ Շիրակավան, Լուսաղբյուր, Իսահակյան, Հայկաձոր եւ մի շարք այլ գյուղեր: Այս տարածքում ապամոնտաժվել է մոտ 120 կմ խողովակաշարՙ թույլատրված 40 կմ-ի փոխարեն: Շուրջ 16 հազար տոննա խողովակը գնահատվել է 380 դոլար, այսինքնՙ ավելի քիչ, քան մեկ տոննայի շուկայական արժեքն է (468 դոլար): Ընդհանուր 120 կմ-ը գնահատվել է մոտ 100 հազար դոլար, երբ դրա շուկայական արժեքն ամենահամեստ հաշվարկներով գերազանցում է 10 մլն դոլարը: (Գները ստացված են Վոլժսկի խողովակների գործարանից):

Ապամոնտաժելով մայր խողովակաշարը, այս շրջանի գյուղերին զրկում են ոռոգելի հողատարածություններ ունենալու հեռանկարից: Իսկ այդ հեռանկարն իրական է. Համաշխարհային բանկն արդեն հաստատել է 3 մլն դոլար արժողությամբ վարկային ծրագիրը, որը թույլ կտա ինքնահոս ճանապարհով ոռոգել այս տարածքները, սակայն ծրագիրը հիմնված է ոռոգման ցանցի առկայության վրա, իսկ վերջինիս բացակայությունը կզրկի մեզ վերոհիշյալ ծրագրային վարկից:

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4