ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած կիրակի Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքի Սպայի տան համերգային դահլիճում, Հայ մշակութային «Նանե» կենտրոնի նախաձեռնությամբ, հանդիսավորությամբ նշվել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ծննդյան 50-ամյակը: Ռուսաստանի հայերի միության մամլո ծառայությունից Արմենպրեսին հայտնեցին, որ Վեհափառ հայրապետի հոբելյանի առթիվ շնորհավորանքի խոսք են ասել քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները, Բլագովեշչենսկի վանական միաբանության վանահայր, քաղաքի հոգեւոր սեմինարիայի ռեկտոր ծայրագույն վարդապետ Կիրիլը, Նիժնի Նովգորոդի մահմեդականների, հրեաների հոգեւոր առաջնորդները, թաթարների մշակութային կենտրոնի նախագահը: Հանդիսությանը ներկա են եղել նաեւ ադրբեջանական մշակութային «Դոստլուգ» կենտրոնի վարչության անդամներ: Հանդիսավոր մասից հետո տրվել է համերգ հայկական ժողովրդական պարի «Նանե» եւ հրեական «Զիլբեր» անսամբլների ուժերով, քաղաքի բժշկական ինստիտուտի ուսանողուհի Ս. Բարսյանն ընթերցել է Վեհափառ հայրապետի հոբելյանի առթիվ իր գրած բանաստեղծությունը: Հանդիսությունից հետո Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի միաբան հայր Մարտիրոս Բերբերյանը մկրտել է 50 հայ մանուկների եւ մեծահասակների: Միջոցառմանը մասնակցել է Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունըՙ միության փոխնախագահ Ա. Թափալցյանի գլխավորությամբ: